Մի դեպքում է հնարավոր դրական վիճակ, եթե Հայաստանի շուրջ փոխվի ընդհանուր աշխարհատնտեսական ու աշխարհքաղաքական վիճակը, այսինքն՝ տեղի ունենան նոր գործընթացներ, որոնք Հայաստանին դուրս կհանեն այս ոչ մի ներուժ ու ապագա չունեցող բլոկից:

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը

Lragir.am-ի հարցերին պատասխանում է տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը

Պարոն Եղիազարյան, պարզվեց, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում հավաքագրված մաքսատուրքերից այս տարվա 10 ամիսներին Հայաստանին բաժին է հասել ընդամենը 15 մլրդ դրամ, այնինչ իշխանության ներկայացուցիչները նախորդ տարի 150-200 մլն դոլար մաքսատուրքի մասին էին խոսում: Ինչի՞ հետևանք է սա:

ԵՏՄ շրջանակներում նախատեսվում էր, որ արտաքին առևտրաշրջանառության ծավալն այս տարի չէր լինի ավելի փոքր, քան նախորդ տարի էր: Այդ պարագայում Հայաստանի մասնաբաժինը՝ 1.13 տոկոսը, մոտավորապես այդքան գումար էր կազմում: Բայց փաստ է, որ ԵՏՄ երկրների արտաքին առևտրաշրջանառությունը կտրուկ անկում ապրեց: Դա ուներ տարբեր պատճառներ, նախ և առաջ խնդիրը միջազգային շուկաներում էներգակիրների գների անկումն էր: Ընդ որում, դա հենց ցույց է տալիս ԵՏՄ խոցելիությունը, այսինքն՝ արտաքին առևտուրը հիմնված է մեկ-երկու հումքատեսակների գների վրա: Արդյունքում՝ Հայաստանն ստացավ ակնկալվողից ավելի քիչ մաքսատուրք, միաժամանակ Հայաստանը վնասներ կրեց այլ հարկային մուտքերի մասով:

Ի՞նչ տեղի ունեցավ: ԵՏՄ շրջանակներում մաքսատուրքերի բարձրացումը բնականաբար բարձրացնում է երրորդ երկրներից ապրանքների ներմուծման գները, իսկ եթե գները բարձրանում են, դրանց գնողունակությունն ընկնում է, շրջանառության ծավալները փոքրանում են, և հարկային մուտքերը պակասում են: Հաջորդ կարևոր հանգամանքը, որը պարզվեց, դա այն է, որ Հայաստանի համար ստեղծվել է մի իրավիճակ, որ ապրանքների ազատ տեղաշարժ ԵՏՄ տարածքում չկա, այսինքն՝ կրկնակի ավելացված արժեքի հարկ է գանձվում՝ 18 տակոս Ռուսաստանի ԱԱՀ դրույքաչափն է, 20 տոկոս՝ Հայաստանի: Փաստորեն ապրանքի գինը բարձրանում է, դա ազդում է գնողունակության վրա, իսկ դրա հետեւանքով էլի հարկային մուտքերը պակասում են: Մյուս խնդիրն այն է, որ նման պայմաններում էական կրճատվեցին նաև Հայաստանի ներմուծման ծավալները: Դա հետևանք է ռուսական տնտեսությունից մեծ կախվածության: Քանի որ ներմուծումն այն հիմնական բաղադրիչներից է, որն ապահովում է ԱԱՀ մուտքերը պետական բյուջե, իսկ մեր պետական բյուջեի հարկային եկամուտների մասում ավելացված արժեքի հարկն ամենաէականն ու ամենամեծն է, սա նույնպես հանգեցրեց այդ հարկատեսակի գծով մուտքերի կրճատման: Այսինքն՝ բյուջեի առումով մենք ականատես եղանք էական բացասական հետևանքների:

Մյուս կողմից, այդ միությունում ներփակվելն ունի այլ տնտեսական բացասական հետևանքներ, որոնք դրսևորվում են տարբեր ձևերով: Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալելը դառնում  է շատ ռիսկային, ձեռնարկությունները դառնում են շատ անմրցունակ, շահույթ չեն ստանում, դրանց հետագա գործունեությունը դառնում է անիմաստ, հետևաբար փակվում են: Այսինքն՝ կրճատվում է մեր տնտեսական պոնտեցիալը, որը բնականաբար չի կարող չանդրադառնալ բյուջեի վրա:

Հաջորդ տարվա բյուջեում չկա մանրամասն վերլուծությունթե ինչ ազդեցություն է թողնելու ԵՏՄ-ն Հայաստանի տնտեսության վրաԱյսինքն՝ ոչ մի սպասում այլևս չկա՞ այդ միությունից:

Այո, չկա նման բան: Բնականաբար հաջորդ տարի չի կարող իրավիճակն ավելի լավ լինել այս խորացող բացասական միտումների ֆոնի վրա, քան այս տարի: Այդ բացասական դրսևորումները, որոնք ընդհանուր տնտեսական տարածքում արդեն տեղի են ունենում, դրանք խորացման միտում ունեն: Այսինքն՝ Հայաստանն ըստ էության սահմանափակել է իր հնարավորություններն արտաքին աշխարհի հետ հարաբերություններում, դա նշանակում է, որ մենք դրական գործոնների դաշտից դուրս ենք: Այդ միության տարածքում թերևս կշարունակվեն պատժամիջոցները Ռուսաստանի դեմ և դարձյալ նավթի գնանկում է սպասվում, բացի այդ, նոր բացասական գործոններ են ի հայտ եկել: Ռուսաստանի միջազգային մեկուսացումը խորանում է, այդ երկիրը կորցնում է էներգակիրների իր ավանդական շուկաները: Այսինքն՝ կշարունակվեն անկումային գործընթացները, և Հայաստանի գերկցվածությունը Ռուսաստանի տնտեսությունից կունենա իր համապատասխան հետևանքները:

Այսինքն՝ ռուսական շուկայի կայունացման վերաբերյալ որոշ կանխատեսումները չե՞ն իրականանա:

Ինչի՞ հիման վրա են այդ կանխատեսումները կառուցված, անհասկանալի է: Եթե դա հիմնված է ռուսական պաշտոնական տեղեկատվության ու քարոզչության վրա, անհիմն է: Որևէ դրական միտում ու փոփոխություն՝ կայունության տանող, դա պետք է հիմնավորում ունենա: Այս պահին այդ հիմնավորումները չկան: Ռուսական շուկայում խնդիրներն էլ ավելի կմեծանան: Տեսեք, թե արդեն ինչ է կատարվում Ռուսաստանում՝ կապված գնաճի հետ: Բեռնափոխադրողների վիճակը ծանրանում է, նորանոր հարկեր են սահմանվում: Այսինքն՝ բեռը դրվում է հասարակության վրա, որովհետև պետությունն արդեն չունի ռեսուրսներ: Իսկ դա հանգեցնելուէ  նրան, որ կկրճատվեն նաև դեպի Հայաստան եկող տարսնֆերտները, ռուսական շուկայում հայ արտահանողները, ովքեր այս տարի արդեն շատ պրոբլեմներ ունեցան, դարձյալ կշարունակեն տուժել: Այս ամենի ֆոնին որևէ դրական սպասում չկա: Մի դեպքում է հնարավոր դրական վիճակ, եթե Հայաստանի շուրջ փոխվի ընդհանուր աշխարհատնտեսական ու աշխարհքաղաքական վիճակը, այսինքն՝ տեղի ունենան նոր գործընթացներ, որոնք Հայաստանին դուրս կհանեն այս ոչ մի ներուժ ու ապագա չունեցող բլոկից: 

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող

28.11.2015

Աղբյուրը՝ «Լրագիր»