Մեր հարևանները փորձում են տարբեր տարածաշրջանային նախագծերում ներգրավվել, իսկ մենք հետ ենք մնում, չենք կարողանում անգամ Հյուսիս-հարավի հարցը լուծել, մեկ սովորական կոմունիկացիայի հարց լուծել: Խոսել, ամպագորգոռ հայտարարություններ անել, դեկլարատիվ խոսքեր ասել, պետք չէ:

Գևորգ Մելիքյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Գևորգ Մելիքյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Հայաստանը 2017 թվականին հարևանների հետ վարել է համեմատաբար ակտիվ քաղաքականություն․ Tert.am-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Գևորգ Մելիքյանը:

«Հարևանների հետ հարաբերությունները զարգացնելու, ակտիվ քաղաքականություն  վարելու միտումները կան, պրոակտիվ, բայց պետք է շարունակել նույն տրամաբանությամբ: Պետք է լինել ագրեսիվ, պետք է Հայաստանի արտաքին քաղաքականությունը լինի ագրեսիվ՝ հիմնված լինելով ոչ թե հայտարարությունների, այլ նաև արդյունքների վրա»,- ասաց նա:

Գևորգ Մելիքյանի խոսքով՝ Հայաստանը պետք է կարողանա իր հարևաններ Վրաստանի և Իրանի հետ հարաբերություններն այնպես կառուցել, որ կարողանա լրացնել այն բացը, որը կա Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններ չունենալու հետևանքով:

«Սակայն մենք տեսել ենք, որ տարիներ շարունակ իներցիոն քաղաքականություն է վարել և՛ Իրանի, և՛ Վրաստանի հետ՝ համարելով, որ երկու եղբայրական  երկրների հետ են նրանք հարաբերություններ կառուցել: Բայց մենք տեսնում ենք, որ ամբողջ պոտենցիալն օգտագործված չէ»,- ասաց նա:

Գևորգ Մելիքյանը մատնանշեց Հայաստանի և Վրաստանի միջև եղած հարաբերություններում այս տարվա տեղաշարժերը․նկատեց, որ հայաստանյան փորձագիտական դաշտում նկատված մեկ աստիճան բարձրացումը մեծ ոգևորվածությամբ ընդունվեց:

«Ես չեմ կարող կիսել այդ լավատեսությունը, որովհետև պետք է թռչել, նոր ասել՝ հո՛պ: Առանց արդյունք տեսնելու, ուղղակիորեն մի քանի հայտարարության հիման վրա պետք չէ փորձել գույնզգույն ներկայացնել հարաբերությունները: Դրանք կոնկրետ քայլեր են ենթադրում, որոնք արդյունք պետք է տան, պետք չէ  դեկլարատիվ հայտարարություններ անել»,- ասաց նա:

Փորձագետի խոսքով՝ երբ կլինեն արդյունքներ, երբ կլինի Լարսին այլընտրանք, օրինակ` Աբխազիայով, նոր կարելի է Վրաստանում հարաբերություններում նոր զարգացում տեսնել: Նա նկատեց, որ Վրաստանի հետ հարաբերություններում մենք խնդիր ունենք․ պարբերաբար փոխադարձ մեղադրանքներ են հնչում, որ միմյանց դեմ բանաձևերի օգտին ենք քվեարկում: «Բայց դրան զուգահեռ Հայաստանը պնդում է, որ Վրաստանն իր համար եղբայրական երկիր է: Բայց երբ Հայաստանը Վրաստանի դեմ է քվեարկում, Վրաստանը՝ Հայաստանի, չի կարող համարվել, որ եղբայրական երկիր ենք»,- ասաց նա:

Գևորգ Մելիքյանը համաձայնեց՝ Իրանի հետ հարաբերություններում մենք այս տարի որոշակի փոքր արդյունքների հասել ենք․ «Բացվեց ազատ առևտրի գոտին, բայց մյուս կողմից էլ ամբողջ գազատարը տրվեց ռուսական ընկերությանը: Պետք է նկատել, որ Իրանի հետ հարաբերություններում կա նաև որոշակի լարվածություն, և այն կապված է հայ-իսրայելական հարաբերություններում առկա ձնհալի հետ: Իրանական կողմը շատ ջղաձիգ արտահայտվեց հայկական կողմի քայլերի վերաբերյալ: Բավական էր, որ Նալբանդյանն այցելեր Իսրայել, իրական կողմն անմիջապես կտրուկ արձագանքեց, զգուշացրեց, որ չփորձենք Իսրայելի հետ հարաբերություններ հաստատել»,- ասաց նա:

Անդրադառնալով հարևան Թուրքիայի հետ Հայաստանի քաղաքականությանը՝ Գևորգ Մելիքյանը նկատեց, որ այդ երկրի հետ մեր հարաբերությունները շատ բարդ են եղել դեռևս 1990-ականների սկզբից:

«Բայց պետք է ասել, որ կողմերը շատ աշխատանք են տարել այդ առումով՝ և՛ Հայաստանը, և՛ Թուրքիան: Թուրքիան միշտ էլ խոսել է նախապայմանների մասին, անգամ Ցյուրիխում է խոսել նախապայմաններից, որը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումն էր: Թե ինչու հայկական կողմը որոշեց, որ Թուրքիան հանկարծ մոռանա այդ նախապայմանը, այս հարցը պետք է ուղղել հայկական կողմին»,- ասաց նա:

Գևորգ Մելիքյանը համաձայնեց՝ այս տարի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում արած հայտարարությունը՝ հայ-թուրքական հարաբերություններն «առոչինչ» ճանաչելու վերաբերյալ գոնե այս ընթացքում վերջնակետ են դնելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում:

«Այդ արձանագրություններն այլևս թաղված են, ինչպես և թաղված են 2009 թվականին, երբ ստորագրվեցին դրանք: Սերժ Սարգսյանը եկող տարի ավարտում է իր պաշտոնավարումը, մտնում է նոր քաղաքական փուլ՝ խորհրդարանական համակարգ է Հայաստանը մտնում, առանց այդ արձանագրությունների, որպեսզի նոր գործընթացներ սկսվեն Թուրքիայի հետ: Որքան էլ այլ հռետորաբանություն է օգտագործվում, Հայաստանը միշտ էլ ներքին անհրաժեշտությունը պահել է Թուրքիայի հետ իր հարաբերությունները  կարգավորելու»,- ասաց նա:

Փորձագետն անդրադարձավ նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև եղած զարգացումներին, նկատեց՝ երկրների միջև հարաբերություններ չկան, կան միայն  բանակցություններ՝ Արցախի հիմնախնդրի կարգավորմանն ուղղված:

«Տարածաշրջանն այս հակամարտությունից տուժում է, դրանից օգտվում են երրորդ երկրները և նաև քաղաքական վերնախավերը: Որևէ առաջընթաց չկա: Երկու կողմի համար էլ ամեն ինչ պարզ է․ նրանք գտնվում են տրամագծի հակառակ կողմերում․ Ադրբեջանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը, և տեսնում է այն միայն և միայն իր կազմում, իսկ հայկական կողմը երբեք չի տեսնելու Ղարաբաղը Ադրբեջանի կազմում: Շարունակ պնդումներ են, որոնք ընդհանուր որևէ հայտարարի չեն բերում»,- ասաց նա:

Գևորգ Մելիքյանը, ամփոփելով իր խոսքը, նշեց, որ հարևանների հետ աշխատելիս Հայաստանը պետք է հին մեթոդներին չդիմի։ Նկատեց, որ մեր հարևանների քայլերը չպետք է դիտարկել՝ որպես մեր դեմ ուղղված: «Մեր հարևանները փորձում են տարբեր տարածաշրջանային նախագծերում ներգրավվել, իսկ մենք հետ ենք մնում, չենք կարողանում անգամ Հյուսիս-հարավի հարցը լուծել, մեկ սովորական կոմունիկացիայի հարց լուծել: Խոսել, ամպագորգոռ հայտարարություններ անել, դեկլարատիվ խոսքեր ասել, պետք չէ»,- ասաց նա:

Հռիփսիմե Հովհաննիսյան

28.12.2017

Աղբյուրը՝ «Թերթ»