Եթե նկատի ունենանք, որ հայ արտադրողները խնդիրներ ունեն էլեկտրաէներգիայի, գազի բարձր սակագների հետ, ինչը բարձրացնում է ապրանքի ինքնարժեքը, ուստի հայկական ապրանքները անմրցունակ են դառնում ռուսական շուկայում, և հույսեր կապել նրա հետ, որ Հայաստանը կօգտվի ռուս-թուրքական հարաբերությունների լարվածությունից, կարծում եմ, որ հիմնավոր չեն

Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը չի կարծում, թե Հայաստանը կարող է շահել Ռուսաստանի կողմից Թուրքիայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներից:

«Չեմ կարծում, որ այդ խոսակցությունները հիմնավորված են»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց Աշոտ Եղիազարյանը՝ նշելով, թե այդ պատժամիջոցներից Հայաստանի շահելու մասին խոսակցություններն ընդհանրապես հիմնավորված չեն և միայն հայտարարությունների մակարդակով են արվում:

«2014 թվականին Հայաստանից Ռուսաստան արտահանումը հասել էր գագաթնակետին՝ կազմելով շուրջ 300 մլն դոլար, որի կեսը կազմել է խմիչքի արտահանումը: Նախորդ տարվա ընթացքում արտահանվել է 5-6 մլն դոլարի բանջարեղեն, 15-20 մլն դոլարի չափով միրգ, 17 մլն դոլարի՝ պահածոներ: Դա շատ մեծ ծավալ չէ, դա Հայաստանի հնարավորությունների սահմանն է, քանի որ մեր գյուղատնտեսությունը չունի մեծ հնարավորություններ»,- ասաց տնտեսագետը:

Միևնույն ժամանակ նա ասաց, որ կան նաև բազմաթիվ խնդիրներ՝ բնակլիմայական պայմաններ, տրանսպորտային խոչընդոտներ. Հայաստանը չունի ցամաքային անմիջական կապ Ռուսաստանի հետ, իսկ Լարսի միջանցքը տարվա ընթացքում մի քանի անգամ փակվում է, բացի այդ, Հայաստանն ունի անմրցունակ երկաթուղի, օդային տրանսպորտ:

«Ռուսական ռուբլու արժեզրկումը, գնողունակության անկումը ևս անհնար են դարձնում իրականացնել մեծ ծավալով արտահանում: Պատահական չէ, որ այս տարի Հայաստանից ռուսական շուկա արտահանումը էական անկում է ապրել»,- նշեց Աշոտ Եղիազարյանն, ավելացնելով նաև, որ իրականում Հայաստանից մեծ ծավալով խմիչք, մասնավորապես՝ կոնյակ է արտահանվում, ինչը թուրքական ապրանքների հետ չեն կարող մրցունակ համարվել:

Անդրադարձավ էլեկտրաէներգիայի և գազի գներին, տնտեսագետն ասաց. «Եթե նկատի ունենանք, որ հայ արտադրողները խնդիրներ ունեն էլեկտրաէներգիայի, գազի բարձր սակագների հետ, ինչը բարձրացնում է ապրանքի ինքնարժեքը, ուստի հայկական ապրանքները անմրցունակ են դառնում ռուսական շուկայում, և հույսեր կապել նրա հետ, որ Հայաստանը կօգտվի ռուս-թուրքական հարաբերությունների լարվածությունից, կարծում եմ, որ հիմնավոր չեն»:

12.12.2015

Աղբյուր՝ «Թերթ»