Շատ կարևոր կլինի, եթե Իրանն ու ԵՏՄ-ն կնքեն ազատ առևտրի համաձայնագիրը և զրոյացնեն մաքսատուրքերը։ Այդ ժամանակ, կարծում եմ, կմեծանա կապիտալի հոսքը, կներգրավվեն ներդրումներ։ Այս առումով կարծես թե դեռ սպասողական վիճակում են գործարարները։

Մեր զրուցակիցն է իրանագետ Արմեն Վարդանյանը

Պարոն Վարդանյան, Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին նախօրեին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է հարմար գնով գազ վաճառել Հայաստանին, եթե Հայաստանն էներգետիկ ոլորտում աշխուժություն ցուցաբերի։ Ինչպե՞ս եք գնահատում նրա հայտարարությունը և արդյոք Իրանը պատրա՞ստ է Հայաստանին ավելի էժան գնով գազ վաճառել, քան Ռուսաստանը։

Իրանի դեսպանը փաստորեն կրկնեց Իրանի նախորդ դեսպանի հայտարարությունը, ով նույնպես  ժամանակին հայտարարել էր, որ Իրանը պատրաստ է Հայաստանին ավելի էժան գազ մատակարարել, քան այլ երկրների։ Գործող դեսպանի մեսիջներում հստակ երևում է, որ Իրանը պատրաստ է մեծացնել Հայաստանին մատակարարվող գազի ծավալները բոլոր հնարավոր տարբերակներով։ Նա խոսում է երեք տարբերակի մասին՝ նախ «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրով է Իրանը պատրաստ մեծացնել գազի մատակարարման ծավալները։ Մասնավորապես, դեսպանը նշեց, որ հուսով են, որ հաջորդ տարի Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցումը կավարտվի, և այդկերպ ծավալները կմեծանան։ Հաջորդ տարբերակը սվոպային համակարգն է, որը ենթադրում է, որ Հայաստանը կարող է գազ գնել Թուրքմենստանից, որի արդյունքում Թուրքմենստանը գազ կմատակարարի Իրանի հյուսիսային շրջաններին, Իրանն էլ կմատակարարի Հայաստանին։ Եվ երրորդ տարբերակը ուղղակի գազի մատակարարման ծավալների ավելացումն է։ Դեսպանն ասաց, որ այդ հարցը բանակցությունների փուլում է, և իրենք պատրաստ են Հայաստանին ավելի էժան գազ մատակարարել։ Ես չգիտեմ՝ դա կլինի ռուսական գազից էժան, թե ոչ, որովհետև գազի գին չի հրապարակել դեսպանը, իսկ քանի դեռ նման գին չի հրապարակվել, մի փոքր դժվար է գնահատական տալ։ Բայց կարծում եմ, որ եթե Իրանի դեսպանը նշում է էժան գազ մատակարարելու մասին, նա շատ լավ գիտի հայկական շուկայի առանձնահատկությունը և թե ինչքանով է  Ռուսաստանը գազ վաճառում մեզ։

Ինչո՞ւ գազի խնդիրն այդպես էլ լուծում չի ստանում։ Այդքան խոսվում է հայ-իրանական հարաբերություններում բեկում մտցնելու մասին, սակայն դա շոշափելի չի դառնում։ Խնդիրը հայկակա՞ն կողմից է, թե՞ իրանական։

Մի քիչ դժվար է ասել, որովհետև, այնուամենայնիվ, բացահայտ տեքստով ոչ հայկական, ոչ էլ իրանական կողմերը չեն ասում, թե որտեղ է թաքնված շան գլուխը։ Հայկական կողմը նախկինում հայտարարում էր, որ մենք կուսումնասիրենք, կար ժամանակ, որ ասում էին՝ իրանական կողմը ավելի թանկ է գազ առաջարկում, քան Ռուսաստանը։ Կար ժամանակ՝ ասում էին՝ Իրանից կարող ենք միայն քիչ քանակով գազ գնել, որովհետև այդ գազաբաշխիչ ցանցը միայն Սյունիքի մարզում է։ Նշվում էր, որ գազաբաշխիչ ցանցը չի կարող գազն արտամղել, օրինակ, Շիրակի ու Լոռու մարզեր։ Տարբեր պատճառներ էին բերում, բայց, այնուամենայնիվ, իմ խորին համոզմամբ, այստեղ կա «Գազպրոմի» գործոնը։ Սա հայտնի փաստ է, և մինչև 2040 թվականը Հայաստանը իրավունք չունի այլ երկրից գազ գնել առանց «Գազպրոմի» թույլտվության։ Սա 2013 թվականին ստորագրված հայտնի ստրկական պայմանագիրն է։ Քանի դեռ այդ հարցը չի լուծվել, Հայաստանը չի կարող իրանական գազ գնել առանց Ռուսաստանի թույլտվության։

Սա ամենամեծ խոչընդո՞տն է, որ Հայաստանը չի կարողանում մեծացնել իրանական գազի մատակարարումների ծավալը։

Դա հստակ խոչընդոտ է, այդ պայմանագիրը կա, որը չեն կարող թաքցնել։ Իսկ թե ինչու չեն խոսում այդ մասին, մի քիչ դժվար է ասել։

Կարելի՞ է մոտ ապագայում ինչ-որ առաջընթաց սպասել հայ-իրանական հարաբերություններում։

Ինձ թվում է՝ Սյունիքի մարզը գազ կստանա Իրանից, եթե հաշվի առնենք, որ իրանական դրամաշնորհով այնտեղ գազաբաշխիչ ցանց էր կառուցվել։ Միգուցե «Գազպրոմի» հետ համաձայնություն է ձեռք բերվել, որ փոքր ծավալներով, այնուամենայնիվ, գազ մատակարարվի Հայաստանին։ Պետք է հաշվի առնենք նաև, որ Իրան-Հայաստան գազամուղը կառուցման օրից 20-25 տոկոսով է գործում, և պետք է  ինչ-որ կերպ այդ գազամուղը լցվի թեկուզ փոքր քանակով, որը նաև սպառնալիք չի լինի ռուսական գազին։

Մեղրիում ամիսներ առաջ բացվեց ազատ տնտեսական գոտին, բայց կարծես դա էլ միս ու արյուն չի ստանում։

Այո, Մեղրիում բացվել է ազատ առևտրի գոտին, բայց այնտեղ մինչև այժմ մի քանի ձեռնարկություններ են միայն գործում։ Մեծ շուքով բացեցին գոտին, բայց դեռ մեծ ծավալներ չկան, որը կարող է դրական առումով փոխել երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների մակարդակը։ Այդուհանդերձ, 2017 թվականին Իրանի հետ ունենք երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների 10 տոկոսի աճ։ Կարծում եմ՝ դեռ մեկ տարի պետք է անցնի, որ կարողանանք ընդհանուր հանրագումարի բերել, թե ինչ ծավալի ներդրումներ են արվել այդ ազատ առևտրի գոտում։ Ինչ-որ տեղ նորմալ է, որ այսքան կարճ ժամանակում միայն մի քանի ձեռնարկություններ են գործում այդ գոտում։ Մեծ քանակությամբ կապիտալի հոսք այնտեղ չէր էլ սպասվում։ Շատ կարևոր կլինի, եթե Իրանն ու ԵՏՄ-ն կնքեն ազատ առևտրի համաձայնագիրը և զրոյացնեն մաքսատուրքերը։ Այդ ժամանակ կարծում եմ՝ կմեծանա կապիտալի հոսքը, կներգրավվեն ներդրումներ։ Այս առումով կարծես թե դեռ սպասողական վիճակում են գործարարները։

Ինչպե՞ս եք գնահատում Իրանում վերջին ամիսներին տեղի ունեցող զարգացումները, բողոքի ակցիաները, վերջերս էլ կանանց «սպիտակ չորեքշաբթին»։ Ինչի՞ կարող են հանգեցնել նման բողոքի ակցիաները՝ հաշվի առնլով, որ շատերը պնդում են, որ դրանք դրսից թելադրված քայլեր են՝ Իրանում ներքին անկայունություն հրահրելու համար։

Սա ավելի շատ ներքին պոռթկում է, քան դրսից թելադրված։ Այդ երկրում վերջին 100 տարում մի քանի խոշոր հեղափոխություններ են տեղի ունեցել: Վերջին բողոքի ակցիաների համար առիթ հանդիսացավ այն, որ առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքների գներ բարձրացան, և տնտեսական հողի վրա մարդիկ դուրս եկան բողոքի։ Բայց պետք է ասել նաև, որ Իրանը, լինելով ավտորիտար երկիր, ուր շատ հնարավորություններ չկան քաղաքական բնույթի բողոքի ակցիաներ իրականացնելու համար, նման առիթն օգտագործում են նաև քաղաքական ու հասարակական պահանջներ բարձրաձայնելու համար։ Ֆուտբոլային խաղերի ժամանակ էլ է այդպես լինում, շատ հաճախ մարդկանց բազմությունն օգտագործում են և այնտեղ պաստառներ են բարձրացնում։ Այժմ էլ բազմաթիվ կանանց են ձերբակալել, որոնք ցուցադրաբար դուրս են գալիս փողոց և հանում են գլխաշորերն ու թափահարում։ Հիմա էլ մի քանի հարյուր կանայք բանտերում են, բայց կարծում եմ, այնուամենայնիվ, լուրջ ճնշումների դեպքում նրանց կհաջողվի հասնել նրան, որ այդ գլխաշորեր կապելը չլինի պարտադիր, այլ դառնա կամավոր։ Կարծում եմ՝ Իրանի իշխանությունները դրան կգնան, որովհետև երկրի նախագահ Հասան Ռոհանին էլ կառավարության նիստերի ժամանակ իր ելույթներում շեշտում է, որ պետք է ականջալուր լինել ժողովրդի բողոքին, պետք է հասկանալ բողոքի պատճառները և փորձել լուծել դրանք։

Սիրանույշ Պապյան

13.02.2018

Աղբյուրը՝ «Լրագիր»