Տոկոսադրույքի բարձրացումը լուրջ հետևանքներ կունենա նաև Ռուսաստանի համար: Այն կազդի ռուբլու փոխարժեքի և Ռուսաստանում գործարար միջավայրի վատթարացման վրա: Ուժեղ դոլարը կնվազեցնի դոլարով ներմուծում իրականացնող ռուսական ընկերությունների շահույթները: Իսկ նավթի գնանկումը Ռուսաստանի տնտեսությունը պարզապես կփլուզի:

2006 թ. հետո առաջին անգամ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը հայտարարեց բանկային տոկոսադրույքի բարձրացման մասին: Առայժմ տոկոսադրույքը բարձրացվել է 0,25-ից մինչև 0,5%: Այսինքն` մոնետար քաղաքականությունը դեռևս շատ չի խստացվել:

Ամերիկյան փորձագետների գնահատմամբ այն առայժմ սիմվոլիկ նշանակություն ունի: ԱՄՆ-ում ներկայում չկա ինֆլյացիայի և գերարտադրության դեմ պայքարի խնդիր: Սակայն նախատեսվում է, որ հաջորդ տարի տոկոսադրույքը կբարձրացվի մինչև 1,5 %, իսկ 2017 թ.` մինչև 2,5%:

Ի՞նչ ազդեցություն կունենա ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի այս որոշումը համաշխարհային տնտեսական զարգացումների վրա, ի՞նչ նախնական եզրահանգումներ կարելի է անել: Lragir.am-ի խնդրանքով տնտեսագիտության դոկտոր Աշոտ Եղիազարյանը մեկնաբանել է այս որոշումը.

- Դաշնային պահուստային համակարգի կողմից տոկոսադրույքի բարձրացման քաղաքականությունը նշանակում է, որ ԱՄՆ տնտեսությունը ամրապնդվել է, աշխատանքի շուկայի վիճակը բարելավվել է, ինչպես նաև ինֆլյացիայի վտանգ չկա: Այսինքն` ԱՄՆ տնտեսության վիճակը լավ է: Նոր գնահատականներում կանխատեսվում է, որ գործազրկության մակարդակը 2016 թ. կկազմի 4,7%, իսկ ՀՆԱ աճը՝ 2,4%, ինչը արդեն նշանակում է բարելավում սույն տարվա սեպտեմբերին արված համապատասխան կանխատեսումային ցուցանիշների համեմատությամբ: Ընդ որում, կանխատեսվում է, որ հաջորդ տարի բազային ինֆլյացիան կնվազի 1,7-ից մինչև 1,6 % տոկոս:

Բարձր տոկոսադրույքները նշանակում են, որ օտարերկրյա ներդրողների համար ԱՄՆ տնտեսության գրավչությունը կաճի, ինչը կհանգեցնի այլ երկրներից ԱՄՆ ներդրումների հոսքի աճին: Իր հերթին, դա կբարձարցնի դոլարի նկատմամբ պահանջարկը, այսինքն` դոլարը կարժևորվի:

Տոկոսադրույքի բարձրացումից հետո արդեն երեկվանից նկատվում է ԱՄՆ ֆոնդային ինդեքսների բարձրացում, եվրոյի նկատմամբ դոլարի ամրապնդում և նավթի գնանշումների անկում:

Հասկանալի է, որ տոկոսադրույքի բարձրացմանն ուղղված ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի քաղաքականությունը ազդեցություն կունենա ամբողջ գլոբալ տնտեսության վրա: Դոլարի ամրապնդումը կխթանի զարգացող շուկաներից, այդ թվում նաև Չինաստանից, կապիտալի արտահոսքին: Այն կազդի նաև զարգացող երկրների արժութային փոխարժեքների վրա (կթուլացնի դրանք):

Տոկոսադրույքի բարձրացումը լուրջ հետևանքներ կունենա նաև Ռուսաստանի համար: Այն կազդի ռուբլու փոխարժեքի և Ռուսաստանում գործարար միջավայրի վատթարացման վրա: Ուժեղ դոլարը կնվազեցնի դոլարով ներմուծում իրականացնող ռուսական ընկերությունների շահույթները: Իսկ նավթի գնանկումը Ռուսաստանի տնտեսությունը պարզապես կփլուզի:

Տոկոսադրույքի բարձրացումը բացասաբար կազդի նաև Չինաստանի վրա: Այն կնվազեցնի չինական ապրանքների նկատմամբ պահանջարկը ԱՄՆ-ում: 

17.12.2015

Աղբյուրը՝ «Լրագիր»