Մենք նույնիսկ հավասարակշռությանը մոտ չենք, որովհետև նավթի գները շարունակում են անկում ապրել, մենք չգիտենք հատակը որն է, իսկ Ռուսաստանի տնտեսությունն ամբողջովին կախված է նավթից: Հայաստանի գերկախվածությունն էլ Ռուսաստանից նման իրավիճակ է առաջացրել:

Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Տարեվերջին Հայաստանի տնտեսությունն անկման միտումներ է դրսևորում: Եթե նախորդ ամիսներին Ազգային վիճակագրական ծառայությունն աճ էր արձանագրում, ապա այս տարվա հունվար-նոյեմբերին աճն էականորեն դանդաղել է՝ նախորդ տարվա նույն ժամանկահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 2.9 տոկոս: Ընդ որում, նոյեմբերին հոկտեմբերի համեմատ տնտեսության անկումը կազմել է 17.3 տոկոս:

Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը Lragir.am-ի հետ զրույցում սա սպասելի համարեց՝ նշելով, որ տարեսկզբից նկատվող բացասական միտումներն արդեն տարեվերջին իրենց սկսել են զգացնել տալ:

«Ժամանակ էր պետք, որպեսզի բացասական այն գործոնները, որոնք ազդում են ընդհանուր աճի վրա, իրենց ավելի զգացնել տային: Տարվա ընթացքում աճի էական գործոններ չեն առաջացել, և բացասական միտումներն ավելի ակնառու են դառնում»,- ասաց տնտեսագետը:

Այս տարվա հունվար-նոյեմբերին շարունակվել է Հայաստանի մանրածախ առևտրաշրջանառության ծավալների անկումը, որը կազմել է ավելի քան 7 տոկոս: Տնտեսագետի խոսքով՝ այս միտումը պայմանավորված է Հայաստանի սպառողների եկամուտների կրճատմամբ: Իսկ դա հիմնականում տեղի է ունեցել մասնավոր տրանսֆերտների ծավալների կրճատման պատճառով: «Այն, որ եկամուտները կրճատվել են, վկայում են նաև մեր ներմուծման ծավալները, որոնք նույնպես կրճատվել են»,- նշեց Եղիազարյանը:

ԱՎԾ-ն նաև արձանագրել է, որ այս տարվա հունվար-նոյեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի արտահանումը 4.7 տոկոսով է նվազել, իսկ ներմուծումը՝ 26.2 տոկոսով: Կառավարության անդամները պարբերաբար հայտարարում էին, որ տարեվերջին արդեն Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կկարգավորվի: Այնինչ, ընդհանուր առևտրաշրջանառության ծավալը հունվար-նոյեմբերին նվազել է 20.6 տոկոսով:

Անդրադառնալով այս հարցին՝ Աշոտ Եղիազարյանը հարցադրում է անում, թե ինչի՞ հաշվին պետք է կայունանար արտաքին առևտրաշրջանառության ցուցանիշը:

«Ներմուծումը կրճատվել է, որովհետև մարդկանց եկամուտները կրճատվել են, ռուսական շուկայում էլ պահպանվում են հիմնախնդիրները, ինչն ազդում է արտահանման ծավալների վրա: Ռուսաստանում որևէ բարելավում կամ դրական միտումներ չկան: Այդ իրավիճակում անհնար է պատկերացնել, որ կկայունանար իրավիճակը: Մենք նույնիսկ հավասարակշռությանը մոտ չենք, որովհետև նավթի գները շարունակում են անկում ապրել, մենք չգիտենք հատակը որն է, իսկ Ռուսաստանի տնտեսությունն ամբողջովին կախված է նավթից: Հայաստանի գերկախվածությունն էլ Ռուսաստանից նման իրավիճակ է առաջացրել»,- ընդգծեց տնտեսագետը: 

24.12.2015

Աղբյուրը՝ «Լրագիր»