Հայաստանի ճակատագիրն արդեն Ռուսաստանից կախված չէ, Ռուսաստանից ոչինչ կախված չէ, մեր ապագան Ռուսաստանի ձեռքերում չէ, եթե մենք ինքներս այն չտանք Ռուսաստանի ձեռքը:

Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Մեր զրուցակիցն է տնտեսագիտության դոկտոր, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցիացված փորձագետ Աշոտ Եղիազարյանը:

– Պարոն Եղիազարյան, անցնող տարում ի՞նչ դրական ու բացասական զարգացումներ տեղ գտան մեր տնտեսական կյանքում:

– Ես 3 երևույթ կառանձնացնեմ. բացասական միտումները, որ սկսվել էին նախորդ տարվա վերջից, ԵՏՄ անդամակցումից հետո շարունակվեցին: Մենք գրանցեցինք բացասական տեղաշարժեր՝ հիմնականում մեր արտաքին առևտրաշրջանառության ոլորտում՝ ծավալների անկում, հատկապես ներմուծման, արտահանման խնդիրներ ռուսական շուկայում՝ պայմանավորված Ռուսաստանի տնտեսական վիճակով, մասնավորապես՝ տրանսֆերտների ծավալների էական նվազում, որ հանգեցրեց մեր սպառողների եկամուտների կրճատմանը: Եվ ոչ միայն ներմուծման ծավալները կրճատվեցին, այլև արտաքին առևտրաշրջանառության ոլորտում նույնպես անկման ցուցանիշները շարունակվում են, որովհետև եկամուտները կրճատվել են: Հաջորդ երևույթն այն էր, որ մենք տեսանք, թե ինչ խնդիրներ ունի մեր էներգետիկ համակարգը: Ըստ էության, Հայաստանի բաշխիչ համակարգը՝ ՀԷՑ-ը, կանգնեց գրեթե սնանկացման եզրին, ամբողջությամբ դրսևորվեցին մեր էներգետիկ համակարգի առաջ ծառացած մարտահրավերները, որ կլինեն առաջիկա տարիներին:

Ընդհանուր առմամբ՝ այսպիսի ֆոն էր, նաև ռուսական ներդրումների ու ընկերությունների ուղղակի ներդրումների կրճատում, հիմնախնդիրներ եղան նաև Հայաստանի երկաթուղում: Այսինքն՝ Ռուսաստանից Հայաստանի տնտեսության գերկախվածությունը՝ իր դրսևորումներով, շոշափելի, առարկայական ձևով ստանում ենք, արդեն ավելի ակնառու է այդ ամենը դրսևորվում Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների ֆոնի վրա: Եվ մենք տեսնում ենք, թե ինչքան խոցելի է մեր տնտեսությունն այդ գերկախվածության պատճառով: Այսինքն՝ Ռուսաստանի տնտեսությունն այդ մեկուսացման պայմաններում, պատժամիջոցների, նավթի գների անկման պայմաններում, ըստ էության, փլուզվում է: Եվ այդ գերկախվածությունը, որ մենք ունեինք, նաև խոցելի է դարձնում մեզ, չնայած մենք ստանձնել ենք արտաքին որոշակի պարտավորություններ ԵՏՄ շրջանակներում, որոնք մեր ձեռքերը, ըստ էության, կապում են, և մենք զրկվել ենք այլընտրանքային հնարավորություններից:

– Առաջ եկած խնդիրները լուծելու համար ի՞նչ արվեց: Կառավարությունը պնդում է, որ հեռանկարային զարգացման համար հիմքեր են դրվել այս տարի:

– Հեռանկարային զարգացումն այսօր պայմանավորված է մի հանգամանքով՝ Հայաստանը պետք է վերադառնա նախ՝ Ասոցացման համաձայնագրին: ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարները և ընդհանրապես ՀՀ զարգացման հեռանկարները սերտորեն շաղկապված են Եվրամիության հետ հարաբերությունների մերձեցման հետ: Եթե դա տեղի չունենա, ես չեմ կարծում, որ որևէ նախագիծ հնարավոր է իրականություն դառնա և ստեղծվի ընդհանրապես որևէ դրական սպասում կամ դրական միջավայր զարգացման համար: Դա ոչ միայն բավարար, այլև անհրաժեշտ պայման է:

Այդ ամեն բացասական երևույթները հնարավոր է հաղթահարել, իրավիճակի փոփոխություն հնարավոր է միայն ավելի սերտ հարաբերություններ Արևմտյան կառույցների հետ ստեղծելու ճանապարհով: Այլ ճանապարհ պարզապես չկա, և սրանք ուղղակի խոսքեր չեն, իսկապես այլ ճանապարհ գոյություն չունի:

– ԵՄ-ի հետ նոր բանակցությունների մեկնարկը դրվեց այս տարի, այդ առումով ի՞նչ կարող ենք արձանագրել:

– Այդ հարցի հետ կապված 2 պայման կա. օբյեկտիվ գործոններ կան, որոնք թուլացնում են Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում, ինչը կարող է լրացվել ԵՄ-ի հետ մերձեցման միջոցով, այսինքն՝ փոխարենը՝ որպես այլընտրանք ԵՄ-ն է, բայց կա նաև երկրորդ պահը, որ ՀՀ-ն ստանձնել է պարտավորություններ ԵՏՄ շրջանակներում և առանց ակտիվ գործողությունների, առանց քաղաքական կամքի դրսևորման, որոշումների ընդունման, որպեսզի հարաբերություններն ամեն գնով զարգացնենք եվրոպական կառույցների հետ, առանց դրա, թերևս, հնարավոր չի լինի մերձեցման այդ հարաբերությունները խորացնել ու զարգացնել: Այսինքն՝ բանակցությունները՝ բանակցություն, բայց բանակցություններում պետք է դիրքորոշում, հստակ կեցվածք ցույց տալ և ճիշտ ընտրություն կատարել:

– Պարոն Եղիազարյան, հաջորդ տարվա համար ի՞նչ սպասումներ ունեք, ի՞նչ կկատարվի մեր տնտեսության հետ:

– Այս տարի սպասումները կարող էին ավելի մռայլ լինել, քան անցած տարի ունեինք, բայց իմ սպասումներն ինչ-որ մի պահից սկսած մի քիչ ավելի դրական են, քան անցած տարի այս տարվա սպասումներն էին: Իհարկե, բացասական միտումները կշարունակվեն: Ես կարծում եմ՝ մենք մտել ենք մի փուլի մեջ հարկադրաբար կամ խոհեմաբար, որ պետք է կայացնենք որոշում, հատկապես, որ ԵՄ-ն կրկին բանակցությունների մանդատ է ստացել, և պետք է շանսը բաց չթողնել:

– Այսինքն՝ Ռուսաստանից կախվածության թուլացումը կավելանա՞:

– Ըստ էության՝ ոչ միայն թուլացման խնդիրն է: Ռուսաստանի ներկայացվածությունը, օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված, որ ՌԴ-ն շատ է թուլացել, պարզապես այդ ներկայացվածությունը նույնպես փոքրանում է բոլոր առումներով: Հայաստանի ճակատագիրն արդեն Ռուսաստանից կախված չէ, Ռուսաստանից ոչինչ կախված չէ, մեր ապագան Ռուսաստանի ձեռքերում չէ, եթե մենք ինքներս այն չտանք Ռուսաստանի ձեռքը:

Գայանե Խաչատրյան

26.12.2015

Աղբյուրը` «168 Ժամ»