Երբ գա ժամանակը, Թուրքիայում հասունանան այնքան եւ հասկանան, որ իրենց արեւելյան հարեւանի հետ պետք է կարգավորեն հարաբերությունները, այն ժամանակ էլ կլինեն դրանք։ Այժմ Թուրքիայի հետ կարելի է միայն փոքր քայլեր կատարել հումանիտար ոլորտում, մշակույթի, տուրիզմի, բիզնեսի ոլորտներում։

Ռուբեն Մեհրաբյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Ռուբեն Մեհրաբյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

2009թ․ հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված Հայ-թուրքական արձանագրություններին վիճակված էր բարդ ճանապարհ անցնել։ Ստորագրված արձանագրությունները պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից, համաձայն փաստաթղթի՝ «ողջամիտ ժամկետներում»։

Սակայն արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիան, կտրուկ փոխելով իր դիրքորոշումը եւ հրաժարվելով «ողջամիտ ժամկետներում» եւ առանց նախապայմանների երկկողմ հարաբերությունները կարգավորելու ձեռք բերված համաձայնությունից, Թուրքիայի Ազգային Մեծ ժողովում արձանագրությունների վավերացումը պայմանավորեց ԼՂ-ի հիմնահարցի կարգավորմամբ։ 2010թ․ ապրիլի 22-ին համաձայն ՀՀ նախագահի հրամանագրի՝ արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցվեց։

Իսկ ահա 2015թ․ փետրվարի 16-ին ՀՀ նախագահի հրամանագրով հայ-թուրքական արձանագրությունները հետ են կանչվել Ազգային ժողովից։ Երեկ, մարտի 1-ին, Սերժ Սարգսյանը ազգային անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է հայ-թուրքական արձանագրությունները չեղարկելու մասին։ Ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ Սերժ Սարգսյանի այս քայլը հայ-թուրքական հարաբերությունների հետագա կարգավորման տեսանկյունից, եթե նկատի ունենանք, որ հայ-ադրբեջանական հակամարտությունն էլ շարունակում է մնալ լարված։ Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ սա պաշտոնական Երեւանի կողմից ճիշտ քայլ էր։ Սակայն, ըստ նրա, դա ինչ-որ տեղ նաեւ ուշացած քայլ էր։

«Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետն ավարտվում է, եւ երեւի պատեհ առիթ է, որ, ավարտելով նախագահության ժամկետը, ինչ-որ քայլ պետք է արվեր։ Եթե նայենք հայ-ադրբեջանական հակամարտության համատեքստում, ապա սա որեւէ ձեւով թուրքերին որեւէ պարտավորության տակ չի դնում։ Երբ 2016թ․ ապրիլին Ադրբեջանը հանկարծակի, նենգ եւ ստոր ձեւով հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա, Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն ասաց հետեւյալը․ «Օսմանցի թուրքը դժվարության մեջ չի թողնի ադրբեջանցի թուրքին»։ Նա ողջունեց այդ հարձակումը՝ ցույց տալով, որ այդ փաստաթուղթը չունի կոպեկի արժեք։ Հետեւապես կարծում եմ, որ հայկական կողմը պետք է բանական ժամկետների մասով սա համարեր առոչինչ։ Թուրքիային տրվեց այդ հնարավորությունը, որ նա ինը տարի հիմարի տեղ դնի թե՛ մեզ, թե՛ միջազգային հանրությանը։ Շատ կարեւոր է, որ հայկական կողմը անկեղծ հայտարարեց, որ պետք է լինեն նոր հարաբերություններ եւ նոր փաստաթուղթ»,- ասաց քաղաքագետը։

Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ երբ գա ժամանակը, Թուրքիայում հասունանան այնքան եւ հասկանան, որ իրենց արեւելյան հարեւանի հետ պետք է կարգավորեն հարաբերությունները, այն ժամանակ էլ կլինեն դրանք։ Ըստ նրա՝ հիմա Թուրքիայի հետ կարելի է միայն փոքր քայլեր կատարել հումանիտար ոլորտում, մշակույթի, տուրիզմի, բիզնեսի ոլորտներում։

02.03.2018

Աղբյուրը՝ «Հրապարակ»