Իհարկե ԵՏՄ-ում բացասական միտումները՝ պայմանավորված Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներով, կշարունակվեն։ Հայաստանը պետք է փորձի հաղթահարել այդ խնդիրները ԵՏՄ-ի շրջանակում ստանձնած պարտավորություններից ազատվելու, կախվածությունը ՌԴ շուկայից մինիմալի հասցնելու ճանապարհով։

Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Լրացավ Եվրասիական տնտեսական միության գործունեության մեկ տարին։ Միության ստեղծման հենց առաջին օրերից Հայաստանի Հանրապետությունն անդամակցեց այս նորաստեղծ միությանը։ Թե տնտեսական ինչ արդյունք տվեց համագործակցությունը և ինչ հետևություններ պետք է անել՝ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցեց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանի հետ։

Նա նշեց, որ թեև ԵՏՄ-ն ընդամենը մեկ տարվա պատմություն ունի, սակայն հենց այս մեկ տարվա ընթացքում ակնհայտ դարձավ՝ ԵՏՄ-ն հիմնված է միայն էներգակիրների, մասնավորապես՝ նավթի գների վրա։

«ԵՏՄ անդամ երկրները չունեն արդյունաբերություն, իսկ արդյունաբերություն չունեցող միությունը չի կարող գրավիչ լինել այլ երկրների համար, ձգողական ուժ ունենալ։ Այն տեխնոլոգիապես նավթի վրա հիմնված տնտեսական միություն է, և հետամնաց տնտեսություն ունի։ Վերջին տասը տարիներին Ռուսաստանի տնտեսությունն աճել է միայն համաշխարհային շուկայում գրանցված էներգակիրների բարձր գնով, հիմա նավթի անկման պարագայում նրա վիճակը կտրուկ վատացել է»,-ասաց նա։

Աշոտ Եղիազարյանը նաև նշեց, որ 2015թ-ին Հայաստանի տնտեսական անհաջողություններն ուղղակիորեն կախված են նաև Ռուսաստանի ներկայիս սոցիալ-տնտեսական վիճակից։

«Ռուսաստանի միջազգային մեկուսացումը բնականաբար բացասական է ազդել Հայաստանի տնտեսության վրա, իսկ ԵՏՄ-ին անդամակցելով՝ Հայաստանն իրեն վերջնականապես զրկել է այլընտրանքային հնարավորություններից՝ խուսափելու կամ դուրս գալու համար ստեղծված վիճակից։ Հայաստանը հնարավորություն չունի դրանք հաղթահարելու այլ նախաձեռնություններով, այլընտրանքներից չի կարողանում օգտվել»,-ասաց նա։

Տնտեսագետն ընդգծեց, որ Հայաստանի համար փակուղի է ստեղծվել, քանի որ ԵՏՄ-ին անդամակցելով՝ ամբողջությամբ կախվածության մեջ է հայտնվել ռուսական տնտեսությունից։

«Կապել այս ամենն աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների հետ չի կարելի, քանի որ այսօր ամերիկյան տնտեսությունն առավել ուժեղ է, քան երբևէ, այնտեղ իրավիճակը լավագույնն է, ԵՄ-ում տնտեսական ակտիվություն ևս կա։ Այսինքն՝ երկու հիմնական տնտեսական բևեռներն իրենց այսօր ավելի լավ են դրսևորում, քան վերջին տարիներին էր։ Այս պարագայում Հայաստանը պետք է ձգտի տնտեսական առումով համագործակցել ԵՄ-ի հետ»-ասաց նա։

Դիտարկմանը, թե արդեն հայտնի է, որ ՌԴ-ի դեմ պատժամիջոցները շարունակվելու են մինչև 2016թ-ի հուլիս ամիսը, արդյոք արդեն կարելի՞ է ասել, որ այս տարի ևս տնտեսական առումով դժվար տարի է սպասվում, նա պատասխանեց.

«Իհարկե ԵՏՄ-ում բացասական միտումները՝ պայմանավորված Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներով, կշարունակվեն։ Հայաստանը պետք է փորձի հաղթահարել այդ խնդիրները ԵՏՄ-ի շրջանակում ստանձնած պարտավորություններից ազատվելու, կախվածությունը ՌԴ շուկայից մինիմալի հասցնելու ճանապարհով։ Հայաստանը պետք է քաղաքական կամք դրսևորի և ԵՄ-ի հետ արդեն սկսած բանակցություններով խորացնի տնտեսական համագործակցությունը»։

Տնտեսագետն ընդգծեց, որ Հայաստանի շահերից է բխում կտրուկ քայլեր կատարելը։

02.01.2016

Աղբյուրը՝ «Թերթ»