Այստեղ պետք է արձանագրել, որ Ադրբեջանի այդ փնփնթոցը՝ դեսպանին ԱԳՆ կանչելը և այլն, փաստորեն, անարձագանք մնացին ԱՄՆ-ի կողմից: Եվ այդ նոտայի պատասխանն էր Բակո Սահակյանի ընդունելությունն ԱՄՆ-ի Կոնգրեսում:

Ռուբեն Մեհրաբյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Ռուբեն Մեհրաբյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Հարցազրույց «Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ

– Պարոն Մեհրաբյան, Ռուսաստանում ավարտվեցին նախագահական ընտրությունները: Ինչպիսի՞ ազդեցություն կունենան դրանց արդյունքները Հայաստանի հետ հարաբերությունների վրա:

– Նախ՝ Ռուսաստանում չկան  ընտրություններ, կա ընտրություններ կոչվող ծես, որի արդյունքում ուղղակի երկարաձգվելու են գործող նախագահի լիազորությունները: Իսկ այդ ծեսն ուղեկցելու է այդ երկարաձգմանը: Այսինքն, այնտեղ ընտրելու բան չկա:

Երկրորդը՝ քանի որ այդ ընտրություններով ոչինչ չի փոխվելու, ապա այդ համատեքստում Հայաստանի հետ կապված որևէ փոփոխություն չի սպասվում: Այլ բան, թե ինչ կլինի դրանից հետո, դա կարող է անդրադառնալ Հայաստանի վրա:

Իսկ ի՞նչ է տեղի ունենում. դա Ռուսաստանի և միջազգային հանրության միջև հարաբերությունների վերածումն է դիմակայության: Ընդ որում՝ բավականին կոշտ, որը կախված նրանից, թե ինչ դրսևորումներ կունենա, դա էլ այս կամ այն կերպով կազդի Հայաստանի վրա:

- ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի Միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը Հայաստանում հայտարարեց, որ Ադրբեջանին զենքի մատակարարման ծավալները վերանայվել են ապրիլյան պատերազմից հետո: Որքանո՞վ է սա համապատասխանում իրականությանը:

– Կոսաչովի ասածի մեջ ճշմարտություն կա, բայց այն բացատրությունը, թե ինչու է այդպես արվել, դա ուղղակի ցինիզմ է, որովհետև Ադրբեջանը, այդքան զենք ստանալով Ռուսաստանից, ստացել է այն ամենը, ինչն իրեն պետք էր: Ադրբեջանի տնտեսական իրավիճակն այլևս թույլ չի տալիս այդ նույն ծավալներով շարունակել զինամատակարարումները: Այնպես որ՝ Կոսաչովն ընդամենը փորձում է փափուկ բարձ դնել հայ հանրության գլխի տակ՝ փորձելով մեղմել առկա տրամադրվածությունները, որոնք կան նույնիսկ իշխանությունների մոտ, որը մինչ այդ փորձում էր մշտապես արդարացնել, իբր սա բիզնես է, և այլն:

– ՀԱՊԿ–ի ներկայացուցիչը հայտարարել էր, որ ՀԱՊԿ–ն Ղարաբաղում անելիք չունի, Մարիա Զախարովան էլ հայտարարեց, որ Ռուսաստանում Արցախի ներկայացուցչություն չկա: Ինչպե՞ս կարելի է որակել նման դիրքորոշումն Արցախի նկատմամբ:

– Սա այն դիրքորոշումն է, որը Ռուսաստանում միշտ եղել է և ևս մեկ անգամ արձանագրվեց: Եվ սա այն դիրքորոշումն է, որը Հայաստանում ոմանց ուղեղին չի հասնում: Ժամանակն է, որ հասնի, որ այդ դիրքորոշումը եղել է, կա ու կլինի: Այլ դիրքորոշում չի լինի:

– Ռուսական նման սուր արձագանքները կարո՞ղ են կապված լինել Բակո Սահակյանի ԱՄՆ այցի հետ։

– Իհարկե, ռուսներին դա խիստ մտահոգում է, որովհետև ԱՄՆ-ում բավականին բարձր մակարդակով են ընդունում Բակո Սահակյանին: Ռուսաստանն այստեղ ինչ-որ առումով վտանգ է տեսնում: Կներեք, բայց մենք չենք ծնվել նրա համար, որ նրանց քմահաճույքները սպասարկենք, և անելու ենք այն, ինչ բխում է մեր անվտանգության շահերից: Իսկ ես չափազանց բարձր և կարևոր եմ գնահատում Բակո Սահակյանի այցը Միացյալ Նահանգներ, որը, առանց չափազանցության, կարելի է անվանել պատմական:

– Ի՞նչ վտանգ կա ռուսների համար:

– Ռուսների մոտ վտանգ կա, որ փոխվում են հասարակական ընկալումները: Բակո Սահակյանն իր ելույթում արձանագրեց, որ ԱՄՆ-ը շարունակում է մնալ  միակ երկիրը, որն ուղղակիորեն ֆինանսավորում է հատկացնում Լեռնային Ղարաբաղին: Երկրորդը՝ Միացյալ Նահանգների 7 նահանգ ճանաչել են Արցախը, այդ թվում՝ Կալիֆոռնիան, որը տնտեսապես ավելի հզոր է՝ քան ամբողջ Ռուսաստանը: Բնականաբար, այդ ամենը Ռուսաստանի քիմքին հաճելի չէ:

– Ինչպե՞ս կմեկնաբանեք Բակո Սահակյանի այցի հետ կապված Ադրբեջանի բողոքի նոտան ԱՄՆ-ին և վերջինիս արձագանքը, որ Ղարաբաղն ինքնորոշման իրավունք ունի:

– Այստեղ պետք է արձանագրել, որ Ադրբեջանի այդ փնփնթոցը՝ դեսպանին ԱԳՆ կանչելը և այլն, փաստորեն, անարձագանք մնաց ԱՄՆ-ի կողմից: Եվ այդ նոտայի պատասխանն էր Բակո Սահակյանի ընդունելությունն ԱՄՆ-ի Կոնգրեսում:

Գայանե Խաչատրյան

20.03.2018

Աղբյուրը՝ «168 ժամ»