Այսինքն մենք այստեղ գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ այդ լոբբիստական ջանքերը միանգամայն տեղավորվում են ԱՄՆ շահերի մեջ: Իսկ թե ինչու Ադրբեջանին մտադիր չեն օգնություն ցուցաբերել, շատ պարզ պատճառով. նախ՝ ֆինանսական առումով Ադրբեջանը դրա կարիքը չունի, իսկ եթե հարցի քաղաքական կողմը նայենք, ապա դա կխրախուսի Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը:

Ռուբեն Մեհրաբյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Ռուբեն Մեհրաբյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

ՀՀ-ին և Արցախին օգնության չափը 70 մլն դոլարի հասցնելու առաջարկն արած ԱՄՆ 37 կոնգրեսականներից կազմված խումբը բավականին ազդեցիկ է, որը միանգամայն ընդունակ է առաջարկությունը վերածելու որոշման: Մանավանդ, երբ այդ որոշումն էլ բխում է Միացյալ Նահանգների շահերից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը:

«Թե ընդհանուր Կոնգրեսն ինչ որոշում կընդունի, ցույց կտան հանգամանքները, բայց բոլոր հնարավորությունները կան այս հայտարարության ընդունման համար»,- հայտնեց նա:

Վերլուծաբանը նշում է, որ Արևմուտքի և Ռուսաստանի միջև լարվածության անընդհատ մեծացումը բավականին ռիսկային է Հայաստանի համար:

«Այդ ռիսկայնությունը, կարծում եմ, պատշաճ կերպով է գնահատվում Արևմուտքում: Եվ այս դրամական հատկացումների մասին խոսակցությունն էլ հենց գալիս է ինչ-որ առումով այս ռիսկերը մեղմելու, քաղաքական առումով կառավարելի դարձնելու համար:

Հայաստանի վիճակն այնպիսին է, որ մեր երկիրը չի կարող կտրուկ շարժումներ անել ներկա պահին՝ առանց անպատիժ մնալու Ռուսաստանի կողմից: Սա բոլորի համար էլ պետք է հասկանալի լինի՝ ոչ թե Ռուսաստանը մեր բարեկամն է, դրա համար, այլ որովհետև Հայաստանը Ռուսաստանի պատանդն է»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը:

Հիշեցնենք, որ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնին կոչ էր արել աջակցել Արցախի և Հայաստանի համար 2019 ֆինանսական տարում 70 միլիոն դոլարի օգնության փաթեթին, որին միացել էին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 36 անդամ: 37 կոնգրեսականները, մասնավորապես, կոչ են արել Հայաստանին հատկացնել 30 միլիոն դոլարի տնտեսական, 10 միլիոն դոլարի ռազմական օգնություն և 20 միլիոն դոլար տրամադրել Հայաստանում օթևան ստացած Մերձավոր Արևելքի հայ փախստականներին:

Նամակում նաև կոչ է արվում դադարեցնել ցանկացած օգնությունն Ադրբեջանին և փոխարենը 10 միլիոն դոլարի օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղին՝ ականազերծման աշխատանքներ իրականացնելու և զինադադարի խախտումներ գրանցող սարքավորումներ տեղադրելու նպատակով:

Ըստ Ռուբեն Մեհրաբյանի՝ կոչն ինչ-որ առումով նաև հայկական կազմակերպությունների լոբբիստական աշխատանքի շնորհիվ է, բայց նրանց աշխատանքը գերագնահատել պետք չէ: Վերլուծաբանի կարծիքով՝ Ադրբեջանի լոբբիստական, ֆինանսական հնարավորություններն էլ շատ ավելի մեծ են, բայց դրանք հաջողության չեն հասնում, քանի որ դա չի բխում Միացյալ Նահանգների շահերից:

«Այսինքն՝ մենք այստեղ գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ այդ լոբբիստական ջանքերը միանգամայն տեղավորվում են ԱՄՆ շահերի մեջ: Իսկ թե ինչու Ադրբեջանին մտադիր չեն օգնություն ցուցաբերել, շատ պարզ պատճառով. Նախ՝ ֆինանսական առումով Ադրբեջանը դրա կարիքը չունի, իսկ եթե հարցի քաղաքական կողմը նայենք, ապա դա կխրախուսի Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, ինչը ոչ մի կերպ չի մտնում Միացյալ Նահանգների շահերի մեջ: Հետևապես, դա ուղղակի տեղի չի ունենա»,- նկատեց նա:

Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ֆինանսական աջակցություն չտրամադրելու հարցում բազմաթիվ գործոններ կան՝ ինչպես Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, այնպես էլ Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները:

«Մի կարևոր հանգամանք էլ կուզեի նշել. խոսք է գնում մի գումարի մասին, որը պարզապես չնչին գումար է՝ համեմատած նրա հետ, թե ինչ է հատկացվում Ուկրաինային և Վրաստանին: Նրանց աջակցությունը մոտ կես մլրդ դոլարի մասին է խոսքը՝ չհաշված ուղղակի նվիրատվության կարգով ռազմական օգնությունը, որն ուղղակի տասնյակ միլիոնավոր դոլարներ է կազմում: Խոսքը միանգամայն անհամադրելի չափերի մասին է»,- ասաց նա:

Հակոբ Ասլանյան

22.03.2018

Աղբյուրը՝ «Թերթ»