Պետք է փոխել այդ բանաձը, որովհետև այսպես թե այնպես հնարավոր չէ ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացում ու զարգացում՝ առանց ԵՏՄ առջև ստանձնած պարտավորությունների բեռը թոթափելու. հարաբերությունները ԵՄ-ի հետ խորացնել, անընդհատ մերձենալ ԵՄ-ին, իսկ եթե դրան պետք է խանգարեն ԵՏՄ-ի առջև ստանձնած պարտավորությունները, ապա հրաժարվել դրանցից:

Շառլ Ազնավուր անվան հրապարակ, Երևան Շառլ Ազնավուր անվան հրապարակ, Երևան

Նախորդ մեկ տարին ցույց տվեց, որ Հայաստանը, գտնվելով Եվրասիական տնտեսական միության կազմում, ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական, ռազմական ու անվտանգության առումով հայտնվել է շատ վտանգավոր գոտում: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը՝ ամփոփելով ԵՏՄ-ին Հայաստանի անդամացության մեկ տարին:

2015 թվականին, տնտեսագետի խոսքով, ԵՏՄ կազմում Հայաստանը որևէ դրական զարգացում չարձանագրեց. երկրի արտաքին առևտրաշրջանառության ծավալը, ներմուծումն ու ներքին սպառումը նվազեցին, տնտեսության առանձին ճյուղերում անկում արձանագրվեց: Դրամի փլուզումն էլ հնարավոր եղավ կանխել լոկ այն պատճառով, որ ներմուծումը կրճատվեց, Հայաստանը նոր վարկային պարտավորություններ ստանձնեց:

Անվտանգության առումով ևս Հայաստանը ռիսկերի առաջ կանգնեց: «Ամենառիսկայինն ու վտանգավորն այն է, որ Հայաստանը փաստորեն հնարավորություն չունի դուրս գալու այս վիճակից, քանի դեռ ԵՏՄ գոտում է գտնվում»,- ասաց տնտեսագետը:

Աշոտ Եղիազարյանի խոսքով՝ այսօր աշխարհում ձևավորվում է նոր տնտեսական կարգ՝ ԱՄՆ գլխավորությամբ: «Դիտարկումները ցույց են տալիս, որ ձևավորվում են, այսպես կոչված, զարգացման գոտիներ, ինչպես, օրինակ, Տրանսատլանտյան համագործակցությունը, և աշխարհի մնացած մասում առաջանում են նաև գոտիներ, որոնք կարելի է մեծ հաշվով համարել ծայրամաս, որոնք տեխնոլոգիապես հետամնաց են, քաղաքական ու ռազմական առումով էլ անկայուն: ԵՏՄ-ն ինքնին հանդիսանում է տեխնոլոգիապես հետամնաց և անկայուն գոտի»,- ասաց Եղիազարյանը:

Կցվելով այդ գոտուն ու դրան մաս կազմելով, նրա խոսքով, Հայաստանն ըստ էության կորցրել է զարգացման վեկտորը: «Զարգանալ հնարավոր է միայն զարգացման գոտիների հետ հարաբերվելով ու դրանց մաս կազմելով: Այսինքն՝ ԵՏՄ-ն, լինելով այդպիսի գոտի, չէր կարող որևէ դրական ֆոն ապահովել Հայաստանի համար»,- նշեց նա:

Տնտեսագետի խոսքով, այն, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման նոր փուլ է սկսվում, իհարկե, դա կարելի է դրական սպասումներ համարել, բայց Հայաստանը պետք է աշխատի փոխել բանաձևը: 

«ԵՄ հետ հարաբերությունների բանաձևն այսպիսին է՝ հարաբերություններ այնքանով, որքանով դրանք չեն հակասի ԵՏՄ առջև ստանձնած պարտավորություններին: Բայց պետք է ճիշտ հակառակ ուղղությամբ նայել՝ հարաբերությունները ԵՄ-ի հետ խորացնել, անընդհատ մերձենալ ԵՄ-ին, իսկ եթե դրան պետք է խանգարեն ԵՏՄ-ի առջև ստանձնած պարտավորությունները, ապա հրաժարվել դրանցից: Այսինքն՝ ճիշտ հակառակ ուղղությամբ պետք է փոխել այդ բանաձը, որովհետև այսպես թե այնպես հնարավոր չէ ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացում ու զարգացում՝ առանց ԵՏՄ առջև ստանձնած պարտավորությունների բեռը թոթափելու:»,- ընդգծեց նա:

Տնտեսագետի խոսքով՝ ԵՏՄ առջև ստանձնած պարտավորությունները թույլ չեն տալու իրականացնել ԵՄ հետ նույնիսկ ինտեգրացիայի ամենացածր մակարդակը՝ Ազատ առևտրի գոտին, որն Ասոցացման համաձայնագրով մեզ առաջարկվում էր: ԵՄ հետ Ազատ առևտրի գոտին անհամատեղելի է ԵՏՄ-ի հետ, և բնականաբար այսպիսի պայմաններում ինտեգրացիա ու հարաբերությունների զարգացում ԵՄ հետ բացառվում է: «Ինչ-որ փուլում այդ հարցը կանգնելու է Հայաստանի առաջ, և Հայաստանը ստիպված է լինելու նորից ընտրություն անել», ասաց նա:

Աշոտ Եղիազարյանը կանխատեսում է, որ այս տարի ԵՏՄ-ում բացասական միտումները, որոնք սկսվել են, կշարունակվեն՝ Հայաստանի վիճակը դարձնելով էլ ավելի անմխիթար: Նրա խոսքով՝ փակուղի ու աղետ է Հայաստանին սպասվում, իսկ եթե շրջադարձ լինի դեպի ԵՄ, այսինքն՝ զարգացման գոտի, դրական սպասում կլինի:

«Բայց հանգուցալուծումը, թե որ պահին կլինի դա, կլինի՞ արդյոք, դա արդեն կախված է նաև Հայաստանի քայլերից: Իհարկե, հասկանալի է, որ ԵՄ-ն ուժեղացնում է իր ներկայությունը Արևելյան գործընկերության շրջանակներում, հասկանալի է նաև ԱՄՆ շահագրգռվածությունը, բայց այդ բոլոր պրոցեսները կենթարկվեն այն օրինաչափություններին, որ նոր տնտեսական կարգ է ստեղծվում աշխարհում: Հիմա պետք է ընտրել, մենք զարգացման գոտու մա՞ս ենք կազմում, թե մնում ենք ծայրամաս՝ ԵՏՄ-ի կազմում մնալով», ասաց նա: 

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող

07.01.2016

Աղբյուրը՝ «Լրագիր»