Այս շարժումն իշխանություններին կստիպի ավելի զգոն լինել եւ որոշակի արմատական քայլերի գնալ, քանի որ երկրում լճացում եւ դժգոհություններ կան: Բարեփոխումներ են պետք: Եթե ամբողջական իշխանափոխություն չլինի էլ, ապա որոշ արմատական քայլեր կարվեն:

Արմեն Վարդանյան, ՄԱՀՀԻ փորձագետ Արմեն Վարդանյան, ՄԱՀՀԻ փորձագետ

«Այսօրվա ցույցերը ցույց տվեցին, որ ռեզոնանս, այնուամենայնիվ կա: Բավական մեծ թվով մարդիկ են միացել բողոքի ակցիաներին, մանավանդ ուսանողները: Իհարկե, Սերժ Սարգսյանին կհաջողվի դառնալ վարչապետ: Այս շարժումը չի խոչընդոտի նրան: Ամեն դեպքում, դրական է, որ բողոքի ալիքներ կան»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Արմեն Վարդանյանն՝ անդրադառնալով արդեն մի քանի օր մայրաքաղաքում ընթացող բողոքի ցույցերին, որոնք այսօր լայն թափ են ստացել: Ցույցերի նախաձեռնող, ԱԺ «Ելք» խմբակցության «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը այսպիսով ցանկանում է կանխել Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալը եւ ՀՀԿ-ի վերարտադրվելը: Վարչապետի թեկնածուի քվեարկությունը նախատեսված է վաղը՝ խորհրդանում:

Քիչ առաջ կոալիցիոն ՀՅԴ-ն եւ ՀՀԿ-ն համատեղ նիստում հաստատել են Սերժ Սարգսյանի առաջադրումը վարչապետի պաշտոնում: ԱԺ հատուկ նիստը կայանալու է հենց խորհրդարանի շենքում: Ցուցարարները մտադիր են շրջափակել խորհրդարանի շենքը, որպեսզի պատգամավորները չկարողանան ներս մտնել եւ քվեարկել:

Արմեն Վարդանյանը կարծում է՝ ցուցարարներն այնուհանդերձ կհաջողեն պաշարել խորհրդարանի շենքը: Այս ամենի դրական կողմը քաղաքագետը համարում է այն, որ հանրությունն «արթնացավ», մանավանդ ուսանողները. «Եվ եթե ճիշտ աշխատանք տարվի երիտասարդներին, ապա հաջորդ ընտրություններին հնարավոր է լուրջ արդյունքների հասնել: Քաղաքական սոցիալիզացիայի տեսանկյունից լուրջ արդյունք է»:

Դիտարկմանն ի պատասխան՝ հնարավո՞ր է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» հենց հաջորդ ընտրությունների նախապատրաստական փուլում է, մեր զրուցակիցն ասաց՝ դժվարանում է ասել, թե ի՞նչ նպատակ են դրել, բայց այս շարժումը «Քաղաքացիական պայմանագրի» վարկանիշը բարձրացնում է, ի տարբերություն «Ելք» խմբակցության մյուս երկու կուսակցությունների՝ «Լուսավոր Հայաստանի» եւ «Հանրապետության», որոնք չեն մասնակցում այս ցույցերին: Վերջիններս, ըստ քաղաքագետի վարկանիշի անկում եւ ընտրազանգվածի կորուստ կգրանցեն: Նկատեցինք, որ շարժումն, այնուհանդերձ, լայն արձագանք չի գտնում քաղաքական ուժերի շրջանում, թեկուզ արտախորհրդարանական ընդդիմադիրների:

Մեր զրուցակիցն ասում է՝ պատճառները տարբեր են. «Օրինակ, ՀԱԿ-ում, Նիկոլ Փաշինյանին չեն վստահում կամ չեն համակրում՝ նախկին համագործակցության փորձից ելնելով: Մի քանիսը միացել են, մյուսները՝ կամ չեն հավատում, կամ Բաղրամյան 26-ի ազդեցության տակ են. տարբեր պատճառներ կան»: Արմեն Վարդանյանը կարծում է, որ այս շարժումը իշխանություններին կստիպի ավելի զգոն լինել եւ որոշակի արմատական քայլերի գնալ, քանի որ երկրում լճացում եւ դժգոհություններ կան. «Բարեփոխումներ են պետք: Եթե ամբողջական իշխանափոխություն չլինի էլ, ապա որոշ արմատական քայլեր կարվեն»:

Մեր զրուցակիցը կարծում է, որ այս շարժումը կարեւոր էր նաեւ նրանով, բոլոր գործիչներն այսուհետ քաղաքական եւ բարոյական պատասխանատվություն կկրեն իրենց հայտարարությունների համար: Նկատի ունի 2014 թվականի Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ ճիշտ չէ, երբ մեկ անձը երկու անգամից ավելի հավակնում է իշխանության ղեկին: Իսկ այժմ դրժեց խոստումը: «Սերժ Սարգսյանի իշխանությունն ուղեկցվեց անհամաձայնություններով, ոչ լեգիտիմ ընտրություններով: Հիմա էլ, նաեւ միջազգային հանրությանը ցույց է տրվում, որ Սերժ Սարգսյանը լեգիտիմ վարչապետ չէ»,- ասաց մեր զրուցակիցը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

16.04.2018

Աղբյուրը՝ «Առավոտ»