Հայաստանյան շուկայի մատակարարը մեկն է: Հայտնի է` կան այլ միջնորդ ընկերություններ, որոնց միջոցով այն հասնում է սպառողին։ Երկու հիմնական ընկերություններ կան «ՖԼԵՇ» և «CPS» ընկերությունները, որոնք ներմուծում են և ներմուծվում է բարձր գներով։ Հայաստանն այլընտրանք չունի` հայտնվել է մեկ մոնոպոլից կախված վիճակում, հենց դրա համար էլ մեզ մոտ գներն այլ են, քան համաշխարհային շուկայում:

Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Վերջապես բենզինի գինը նվազեց նաև Հայաստանի սպառողների համար: 2016-ի սկզբից բենզինի գինը նվազել է: Premium տեսակը 430 դրամից դարձել է 410 դրամ։

Վերջին ամսիներին համաշխարհային շուկայում մոտ 20 տոկոսով իջել է նավթի գինը։ Այլ երկրների համեմատ` մեր երկրում բենզինի գինը չնչին տոկոսով է նվազել, հարևան Վրաստանում այն ավելի էժան է։  

Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանի խոսքով՝ մեր շուկայում բենզինի գները չեն արձագանքում համաշխարհային նավթամթերքների էժանացման միտումներին։ Սա, թերևս, այն պատճառով, որ մեր երկիրը նավթամթերք գնում է մեկ մոնոպոլ ընկերությունից։ 

«Հայաստանյան շուկայի մատակարարը մեկն է: Հայտնի է` կան այլ միջնորդ ընկերություններ, որոնց միջոցով այն հասնում է սպառողին։ Երկու հիմնական ընկերություններ կան «ՖԼԵՇ» և «CPS» ընկերությունները, որոնք ներմուծում են և ներմուծվում է բարձր գներով։ Հայաստանն այլընտրանք չունի` հայտնվել է մեկ մոնոպոլից կախված վիճակում, հենց դրա համար էլ մեզ մոտ գներն այլ են, քան համաշխարհային շուկայում»,- NewsBook-ի հետ զրույցում ասաց Եղիազարյանը։

Տնտեսագետը նշեց, որ ստեղծվածի միակ պատճառն այն է, որ Հայաստանին պարտադրվել է էներգառեսուրսները բարձր գներով գնել Ռուսաստանից։ Բացի բենզինից, վիճակը նույնն է նաև գազի դեպքում։ Հայ սպառողը գազի համար թանկ է վճարում, քան այսօր գազի գինն է աշխարհում։

«Ստեղծվել է աբսուրդ վիճակ նավթի գների նվազման արդյունքում։ Հայաստանը` որպես ներմուծող երկիր, պետք է շահեր, բայց մեր երկիրը չի զգում այդ շահը, սա նոնսենս է, որովհետև Հայաստանը պարտադրված է Ռուսաստանից էներգակիրներ գնել, Հայաստանը պետք է փորձի ուրիշ տեղից այն գնել, սա գաղութային շահագործում է նշանակում, ինչ խոսք կարող է լինել։ Պետք է փորձել էժան նավթամթերքներ ձեռք բերել այլ երկրներից. Իրանը ժամանակին առաջարկում էր, սակայն Ռուսաստանից Հայաստանի կախվածության պատճառով չեղավ, Ռուսաստանը խանգարեց»,- ընդգծեց նա։

Ռուսաստանից կախվածության պատճառով էլ Հայաստանի չստացված «օգուտներն» ավելի են շատանում․ տուժում է ռուբլու արժեզրկման պատճառով, իսկ տրանսֆերտները հիմնականում այդ երկրից են գալիս։

Ի դեպ, բենզինի գների վերաբերյալ փորձեցինք տեղեկություններ ստանալ «ՖԼԵՇ» և «CPS» ընկերություններից։ Վերջինից մեզ փոխանցեցին, որ տնօրենը երկրում  չէ և հարցերին կարող են պատասխանել միայն նրա` Հայաստան ժամանումից հետո։  

«ՖԼԵՇ» ընկերությանն ուղղված զանգերը նույնպես անարձագանք մնացին։ Հեռախոսազանգին այդպես էլ չպատասխանեց ընկերության փոխտնօրենը։ Հավելենք, որ վերոնշյալ երկու ընկերությունները մշտապես լրատվամիջոցների` վառելիք գներին առնչվող հարցերին չեն պատասխանում՝ անտեսելով օրենքը։

12.01.2016

Աղբյուրը ` Newsbook.am