Ուշագրավն այն է, որ այդ ախտահարվածությունն ամենացավոտ հետքն է թողնում հենց բանակի պարագայում: 20 տարվա ընթացքում Հայաստանի ղեկավարները մեզ «կերակրել են» նրանով, որ ապահովում են անվտանգությունը և որ բանակն իրենց հոգածության թիվ մեկ առարկան է ու ամենակայացած կառույցը … Կալանավորված գեներալն իշխանության կոնցենտրատն է, մակետը և խորհրդանիշը:

Ռուբեն Մեհրաբյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Ռուբեն Մեհրաբյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Տպավորություն է, որ Հայաստանի ամենակայացած ինստիտուտը ամենաախտահարվածն է կոռուպցիայով. «Առաջին լրատվական»- ի հետ քննարկման ընթացքում անդրադառնալով այս դիտարկմանը՝ քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը նշեց. «Ուշագրավն այն է, որ այդ ախտահարվածությունը ամենացավոտ հետքն է թողնում հենց բանակի պարագայում: 20 տարվա ընթացքում Հայաստանի ղեկավարները մեզ «կերակրել են» նրանով, որ ապահովում են անվտանգությունը և որ բանակն իրենց հոգածության թիվ մեկ առարկան է ու ամենակայացած կառույցը… Կալանավորված գեներալը իշխանության կոնցենտրատն է, մակետը և խորհրդանիշը»:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը նշեց, որ մեր աչքի առաջ երրորդ Հանրապետությունը փլուզվում է, ըստ էության՝ 4-րդ Հանրապետությունը հիմնադրվել է: Եվ ըստ նրա՝ պատահական չէ, որ առաջին հարվածը կոռուպցիան է ստացել. «Կոռուպցիան դոնդողի նման քայքայում, քրքրում է բոլոր ոլորտները»:

«Թավշյա հեղափոխությունը ապացուցեց, որ ներքևի խավը շատ բարոյական է, ուժեղ է և չի ընկճվել, ապիկարը վերևն է, որը էլիտա չէր, ազնվական չէր, այլ իշխող դասակարգ էր:

Այս մահվան երթը կանգնեցվեց, և պարզ է, որ հիմա վերակառուցում պիտի լինի: Ես շատ եմ ուզում, որ հեղափոխության բարոյական արժեքը, քաղաքացիական հասարակության կայացման պարտադրանքի տեմպը չկորչի»,- նշեց Շիրինյանը:

Նրա խոսքով՝ ապրիլյան պատերազմն ի ցույց դրեց բանակի հետ կապված խնդիրները, և այն, ինչ մասին խոսվում է այսօր նորություն չէ. «Վահան Բադասյանը հազար անգամ Մանվել Գրիգորյանի մասին ասել է՝ ի՞նչ գեներալ ես, ո՞վ ես, ի՞նչ ես»:

«Մենք գիտակցության հեղափոխություն պիտի ապրենք: Մոտեցումների նորարարություն և համարձակություն է պետք, և անցյալի քննարկման վրա շատ չպետք է կանգնենք, այլ պետք է շարժվենք առաջ: Պարտավոր ենք համաշխարհային ռազմական արվեստի առաջավոր ձևերին հետևել: Մեր բանակը պետք է որդեգրի կանխարգելիչ պատերազմի ռազմավարություն, որովհետև նահանջելու տեղ և հնարավորություն չունենք: Նաև անուղղակի գործողությունների ռազմավարություն պետք է որդեգրենք»,- նշեց Շիրինյանը հավելելով, որ առաջին հերթին նաև մեր կրթությունն ու դաստիարակությունը պետք է փոխվի: Նա նաև ընդգծեց, որ անկախության կորստի, աղքատ ապրելու, ուրիշի թևի տակ թևածելու իրավունքը չունենք:

Անդրադառնալով հարցին, թե ինչ ռիկսեր կան կոռուպցիայի դեմ համակարգային պայքարի մեջ, երբ սա մի ասպարեզ է, որ կապեր ունի մեր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ՝ Ռուբեն Մեհրաբյանը նշեց. «Այո՛, հայկական կոռուպցիան դարձել է ռուսական կոռուպցիոն համակարգի մասնաճյուղը: Եվ կոռուպցիան ոչ միայն չարիք է, այլ նաև այն աստիճանի է սերտաճած պետական կառավարման համակարգի հետ, որ իքննին դարձել է կառավարման համակարգ»: Փորձագետը հավելեց, որ կոռուպցիան հանելու դեպքում բանակում կոլապս չի առաջանա, հակառակը՝ «բանակի թոքերը կբացվեն»:

«Հայաստանն այսօր պայքարում է այն ամենի դեմ, ինչն անում է մեր ռազմավարական դաշնակցի ղեկավարությունն իր երկրում: Որքա՞ն կարող է Հայաստանը այդ կոնտրաստին դիմանալ:

Այս ասիմետրիկ, աննորմալ կախվածությունը Ռուսաստանից, այս աննորմալ հարաբերությունների համալիրը որակապես պետք է փոփոխվի, խոսքս չի վերաբերում աշխարհաքաղաքական ռեվերսներին: Այսօր տեսնում ենք, որ այդ ամենի բովանդակությունը փոխելը կենսական անհրաժեշտություն է: Հայաստանն ունի խնդիր, որ մեր ներքին մաքրման աշխատանքին մեր ռազմավարական դաշնակիցը քար չգցի»:

Մանրամասն՝ տեսանյութում:

20.06.2018

Աղբյուրը՝ «Առաջին լրատվական»