Իրանի շուրջ ստեղծված իրավիճակն էլ բնականաբար առնչվում է Հայաստանի հետ: Այսինքն՝ Հայաստանը ստանում է կարեւոր նշանակություն: Ինչպե՞ս կընթանան գործընթացները՝ դա այլ խնդիր է, բայց որ տեսականորեն այդ նախագծերում Հայաստանի դերը մեծանում է, քան եղել է մինչեւ հիմա, դա փաստ է:

Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Օրերս Միացյալ Նահանգների եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը կարող է բավական հետաքրքիր հնարավորություններ բացել Հայաստանի համար: Նման կարծիք է հայտնել Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին՝ հավելելով, որ կառավարության հետ քննարկում են դրանք։ Լորա Բեյլին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նաեւ նշել է, որ Հայաստանն ու Իրանը կարող են էներգետիկ ոլորտում սառեցված նախագծերը առաջ տանել:

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը Armtimes.com-ի հետ զրույցում, անդրադառնալով Բեյլինի հայտարարությանը, կարծիք հայտնեց, որ ԵՄ-ն ինքը էներգետիկ սպեկտրի հետ կապված պատրասվոմ է Հարավային Կովկասում եւ մասնավորապես՝ Հայաստանում որոշակի ծրագրեր իրականացնել: «Իր ավանդական ծրագրերի միջոցով Արեւելյան գործընկերության շրջանակում ծրագրերը, էներգետիկ ոլորտի ծրագրերը եւ պատրաստվում է Հայաստանի հետ ստորագրել նոր համաձայնագիր, որն իր մեջ պարունակում է բազմաթիվ սեկտորներ: Սեկտորային է ավելի շատ լինելու: Ասոցացման համաձայնագրում էլ սեկտորներ կային, բայց այստեղ սեկտորային մեծ շեշտադրում է արված»,- նշեց տնտեսագետը:

Ըստ Աշոտ Եղիազարյանի, եթե նախկինում ԵՄ-ի էներգետիկ ծրագրերում հիմնական դերակատարաները Վրաստանն ու Ադրբեջանն էին, հիմա, քանի որ Իրանը դուրս է գալիս պատճամիջոցներից, ԵՄ-ի էներգետիկ ծրագրերը պայմանավորվում է Իրանի շուրջ ստեղծված նոր իրավիճակով:  

«Իրանի շուրջ ստեղծված իրավիճակն էլ բնականաբար առնչվում է Հայաստանի հետ: Այսինքն՝ Հայաստանը ստանում է կարեւոր նշանակություն: Ինչպե՞ս կընթանան գործընթացները՝ դա այլ խնդիր է, բայց որ տեսականորեն այդ նախագծերում Հայաստանի դերը մեծանում է, քան եղել է մինչեւ հիմա, դա փաստ է»,- նկատեց Աշոտ Եղիազարյանը:

Հարցին՝ մեր կառավարությունը կկարողանա՞ օգտվել այս հնարավորությունից, տնտեսագետը պատասխանեց. «Դա հարցի այլ կողմն է: Ես կարծում եմ, որ այս պահի դրությումբ կա բանակցություն, կան այսպես ասած պլան գրաֆիկներ, կան յուրաքանչյուր տարվա համար ծրագրեր: Դա արդեն կյանքը ցույց կտա, բայց որ դա Հայաստանին անհրաժեշտ է այսպես թե անպես՝ ոչ ոք չի վիճարկում, Հայաստանը էներգետիկայի հարցում հայտնվել է ճգնաժամային վիճակում՝ դա նույնպես ոչ մեկ չի վիճարկում: Այսինքն՝  մեզ ելքեր են հարկավոր, իսկ այդ ընտրությունը մեզ կարող է առաջարկել Եվրամիությունն ու Իրանը: Ընտրությունն արդեն մերն է»:

Տիրայր Մուրադյան

20.01.2016

Աղբյուրը՝ «Հայկական ժամանակ»