Այդպիսի երկրներում սովորաբար իշխող խմբավորումը, սեփական իշխանությունը պահպանելու նպատակով, ծախսեր է անում իրավապահ մարմինների, բանակի, այսինքն՝ ուժային կառույցների համար: Բնականաբար, ծախսերի կրճատման դեպքում կրճատվում են նաեւ այդ կառույցների ծախսերը:

Ադրբեջանն այն դասական երկրներից է, որի տնտեսությունը կախված է նավթից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը:

Նրա խոսքով, միջազգային փորձը ցույց է տալիս, որ նավթից կախված տնտեսությունները, սեւ ոսկու գնի անկման դեպքում, կարող են սոցիալ-քաղաքական բնույթի անկարգություններ առաջացնել:

«Նավթի գների անկման դեպքում, բնականաբար, բյուջեի հետ կապված խնդիրներ են առաջանում, եւ դա հանգեցնում է համապատասխան հետեւանքների: Տնտեսագիտական գրականության մեջ այդ երեւույթը կոչում են «նավթային անեծք»: Հազվագյուտ պետություններ են կարողանում հաղթահարել դա: Օրինակ՝ Նորվեգիան կարողացավ նավթային եկամուտներն օգտագործել տնտեսական աճ ապահովելու, տնտեսության արդիականացման եւ առաջընթացի համար»,- նշեց Եղիազարյանը:

Նավթի գների անկումը, ըստ տնտեսագետի, կարող է նաեւ քաղաքական հետեւանքներ ունենալ: «Այդպիսի երկրներում սովորաբար իշխող խմբավորումը, սեփական իշխանությունը պահպանելու նպատակով, ծախսեր է անում իրավապահ մարմինների, բանակի, այսինքն՝ ուժային կառույցների համար: Բնականաբար, ծախսերի կրճատման դեպքում կրճատվում են նաեւ այդ կառույցների ծախսերը»,- հավելեց Աշոտ Եղիազարյանը:

20.01.2016

Աղբյուրը՝ «Նյութ»