Եթե մարդահամարն անցկացվի 2021թ., ապա մեկ տարի էլ կպահանջվի հաշվարկների համար, իսկ մենք գիտենք, որ ըստ փորձագիտական հաշվարկների, եթե այսպես շարունակվի, 2025թ. ունենալու ենք բացասական բնական աճ։ Դա թույլ տալ չի կարելի, որովհետև ավելի կարագացնի բնակչության կրճատումը։

Արտակ Մարկոսյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Արտակ Մարկոսյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Մեր զրուցակիցն է ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը

Պարոն Մարկոսյան, մայիս ամսին օդային ճանապարհով Հայաստան է ժամանել 110 հազար 390 մարդ, մեկնել՝ 107 հազար 225 մարդ։ Կարո՞ղ ենք, ասել, որ սա պայմանավորված էր Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններով, և ականատես ենք լինում ներգաղթի առաջին ծիլերին։

Ճիշտն ասած, չեմ կարծում, որ մեծ հայրենադարձություն է եղել, մեկ ամսվա կտրվածքով ինչ-որ կանխատեսում անելը սխալ կլինի։ Իմ կարծիքով՝ պարզապես շատ հայեր հետաքրքրությունից դրդված, նաև տեղի ունեցող իրադարձություններին մասնակից լինելու համար ժամանեցին Հայաստան։ 3 հազար թիվը լավ ցուցիչ է, բայց դրան պետք է մի քիչ երկարաժամկետ տեսանկյունով նայենք, այսինքն՝ այս իրադարձություններից հետո պետք է անցնի գոնե մեկ տարի։ Հաջորդ տարի այս ժամանակ մենք կարող ենք կարծիք հայտնել, թե իշխանափոխությունն ինչպես է ազդել միգրացիոն գործընթացների վրա։ Ես նախկինում էլ ասել եմ, որ արտագաղթը պակասելու համար պետք էր փոփոխությունը, որը տեղի ունեցել է, բայց թե դա ինչպես կազդի գործընթացների վրա, առնվազն մեկ տարի ժամանակ է պետք, որ հասկանանք՝ մարդիկ, կոնկրետ Սփյուռքն ինչպես է գնահատել այս փոփոխությունները, որ տեղի են ունեցել Հայաստանում։

Այսինքն՝ կարծում եք՝ մարդիկ ավելի շատ հետաքրքրվածությունից դրդվա՞ծ են եկել, ոչ թե Հայաստանում հաստատվելու նպատակով։

Այս շրջանում, հասկանալի պատճառներով, նաև տուրիստական հոսքն է մեծանում դեպի Հայաստան։ Մյուս կողմից, 2017 թվականին, 2016-ի համեմատ, միգրացիոն սալդոն արդեն նվազել էր։ Մենք 2016 թվական ունեցել ենք 48 հազար բացասական սալդո, այսինքն՝ մեկնողների և ժամանողների տարբերությունը 48 հազար էր, իսկ արդեն 2017-ին այդ թիվը 27 հազար էր։ 2018 թվականի առաջին եռամսյակում մինուս 600 էր։ Դրան կարելի է բացատրություն տալ։ 2010 թվականից հետո մենք ունեցանք բավական մեծ արտագաղթ, 2008-2009 թվականների ճգնաժամից հետո մեզ մոտ արտագաղթի ծավալը միանգամից աճեց։ Եթե մենք 2006 թվականին ունեինք դրական միգրացիոն սալդո, ապա 2008 թվականից այդ ցուցանիշը միանգամից սկսեց աճել, իսկ գագաթնակետը 2016 թվականին էր՝ 48 հազար։ Մենք նման բացասական սալդո վերջին անգամ ունեցել էինք 2000-2001 թվականներին, երբ մեկ տարվա կտրվածքով հեռացողների թիվը հասել էր 120 հազարի։ Մենք նաև պետք է հասկանանք, որ միգրացիոն ներուժն անսահմանափակ չէ։

Մեզ հիմա շուտափույթ մարդահամար է պետք և պետք չէ սպասել մինչև 2021 թվական, որովհետև այդ ժամանակ կարող է այնպիսի իրավիճակում լինենք, որ արդեն ուշացած լինենք ինչ-որ քայլեր ձեռնարկելու համար։

2010-2016 թվականներին մենք ունեցել ենք շատ լուրջ արտագաղթ, որը գումարվելով այն իրողության հետ, որ ամուսնական տարիք էին մուտք գործում նաև 1990-ականների ծնվածները,  դա և միգրացիայի մեծ ալիքը ծնունդների լուրջ անկման էին հանգեցրել։ 2017 թվականին 2016-ի համեմատ 8 տոկոս ծնունդների անկում ենք ունեցել։ 2018 թվականի առաջին եռամսյակում այդ ծնունդների անկումը շարունակվել է։ Այսինքն՝ գործընթացն սկսվել է, պետք է տեղի ունենար, բայց արտագաղթի պատճառով ծնունդների անկումն ավելի է մեծացել։ Այնպես չի, որ արտագաղթողների պոտենցիալն անսահմանափակ է լինելու, ինչ-որ մի պահի դա կանգ էր առնելու, որովհետև այլևս մարդ չէր մնալու՝ գնալու համար։ Այսինքն՝ երիտասարդները գնալու էին, ծերերը մնալու էին, ինչ-որ պահի արտագաղթը կանգ կառներ, բայց մենք կունենայինք շատ տխուր ժողովրդագրական պատկեր Հայաստանի ներսում։ Կունենայինք մեծահասակների մեծ համախումբ և վերարտադրողական տարիքի շատ քիչ մարդիկ, որոնք կարող էին նպաստել ծնունդների աճին։

Այս տարի 2001 թվականին ծնվածներն էին բուհ ընդունվում, և քանի որ դա անկախ Հայաստանի պատմության մեջ ամենաքիչ ծնունդ ունեցած տարին էր՝ 32 հազար, դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ 2 անգամ պակասել էր։ Այդ պատկերը առաջիկա 4 տարում լինելու է նույնը։ Այսինքն՝ մեզ մոտ ավելի լուրջ խնդիրներ են առաջ գալու։ Եթե պակասում է դիմորդների թիվը, նաև պետք է կրճատումներ գնան, որովհետև քիչ ուսանողների պարագայում այդքան դասախոսական անձնակազմն այլևս չի կարող գործունեություն ծավալել։ Դա շատ ոլորտների է վերաբերելու։ Օրինակ՝ կենսաթոշակային համակարգում շատ լուրջ ճնշում է լինելու, որովհետև 50-60-ական թվականներին ծնված սերունդն է մտնում կենսաթոշակային տարիք, որոնց թիվը շատ է և միանգամից աճ է գրանցվելու։ Դա ճնշում է լինելու նաև պետական բյուջեի վրա։ Այդ ժողովրդագրական խնդիրները իսկապես սկսվում են Հայաստանի համար և պետք չէ մատների արանքով նայել դրան։ Պետք է այսօրվանից սկսած մտածել այդ մասին։

Օրերս Նիկոլ Փաշինյանին հարց էին ուղղել ծնելիության խրախուսման հետ կապված, բայց նա, ըստ էության, ոչինչ չասաց, միայն կոչ արեց հետևել իր օրինակին և ունենալ 4 երեխա։ Սա ցույց չի՞ տալիս, որ դեռևս հստակ ծրագիր չկա ծնելիության խթանման համար։

Այսօր խնդիրները շատ են, շատ ավելի լուրջ խնդիրներ կան, բայց պետք չէ մոռանալ ժողովրդագրական խնդրի մասին։ Այո, ծրագիրը մշակվել է նախորդ կառավարության կողմից։ Այսօր դա առաջին անգամ իմ ձեռքի տակ է հայտնվել։ Ես հիմա փորձում եմ հասկանալ, թե ինչը կարելի է ուղղել, համապատասխանեցնել ներկա իրավիճակին։ Բայց փաստ է, որ ոչ մի կառավարություն չի կարող խուսափել այս խնդրից։ Սա շատ ոլորտների է վերաբերելու՝ գործազրկությանը, կենսաթոշակային համակարգին, տնտեսական աճին, որովհետև կարող է երկրում լավ նախադրյալներ լինեն, բայց համապատասխան աշխատուժ չլինի։ Մենք խոսում ենք նաև հայրենադարձության մասին, բայց մենք գիտե՞նք, թե որտեղից դա պետք է տեղի ունենա, որ երկրներից։ Կոնկրետ ո՞ր երկրներում մենք ունենք այդ մարդիկ, որոնք պետք է գան Հայաստան։ Պետք է լուրջ ուսումնասիրություն անցկացնել ու հասկանալ, թե որ պարագայում մարդիկ կգան Հայաստան։

Այո, շատ լավ է, որ իշխանափոխությունը տեղի ունեցավ, եթե դա չլիներ՝ արտագաղթն աճելու էր։ Հեղափոխության ժամանակ արտագաղթը կանգ էր առել, որովհետև մարդիկ նաև սպասողական վիճակում էին։ Երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ մնում է իշխանության, իմ կարծիքով դրանից հետո արտագաղթը կրկին մեծանալու էր։ Այնպես որ, շատ լավ է, որ հեղափոխությունը տեղի է ունեցել, բայց պետք չի մոռանալ, որ արդեն կուտակված ժողովրդագրական խնդիրները ներկայում ավելի ցայտուն ձևով դրսևորվելու են։ Այն գործընթացները, որոնք տեղի են ունեցել երկրում վերջին 25 տարիներին, հիմա եկել է դրանց արտահայտվելու ժամանակը։ Այո, ցանկալի է, որ կառավարությունը ուշադրություն դարձնի այս խնդրին։ Հասկանալի է, որ խնդիրները շատ են տարբեր ոլորտներում, բայց եթե ուշացնեն ժողովրդագրական խնդրի լուծումը, հետո ավելի մեծ խնդրի առջև ենք կանգնելու։ Դրա համար իմ տեսակետն է, որ եթե կա հնարավորություն, ճիշտ կլինի, որ հաջորդ տարի մարդահամար անցկացվի, որ հասկանանք, թե ինչ է մնացել, սեռատարիքային կազմն ինչպիսին է, բնակչության կառուցվածքն ինչպիսին է։ Եթե մարդահամարն անցկացվի 2021 թվականին, հետո մեկ տարի էլ կպահանջվի հաշվարկների համար, իսկ մենք գիտենք, որ ըստ փորձագիտական հաշվարկների, եթե այսպես շարունակվի, 2025 թվականին ունենալու ենք բացասական բնական աճ։ Դա թույլ տալ չի կարելի, որովհետև դա էլ ավելի կարագացնի բնակչության կրճատումը։

Փառք Աստծո, այսօր մենք ունենք բնական աճ, որը քիչ է։ 2017 թվականին բնական աճի ցուցանիշը 10 հազար էր, որը նախորդ տարվա համեմատ պակասել էր, բայց գոնե այդ դրական գործընթացն ունենք։ Բնական աճը պետության զարգացման հեռանկարների համար է պետք լինելու։

Սիրանույշ Պապյան

29.06.2018

Աղբյուրը՝ «Լրագիր»