Ռուսական տնտեսությունը հիմնված է նավթի վրա, եւ նավթային եկամուտների կրճատումը կհանգեցնի տնտեսական անկման, արդեն խոսվում է բյուջետային ճգնաժամի մասին: Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն ինքն իրավիճակը ողբերգական է բնորոշել:

Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Ռուսաստանի տնտեսությունը հիմնված է ածխաջրածինների մշակման եւ արտահանման վրա, եւ դրանց գների անկումը, ըստ էության, երկրում կոլափս է ստեղծում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց տնտեսագետ Աշոտ Եղիզարյանը:

Նրա կարծիքով, ռուսական տնտեսությունը հիմնված է նավթի վրա, եւ նավթային եկամուտների կրճատումը կհանգեցնի տնտեսական անկման, արդեն խոսվում է բյուջետային ճգնաժամի մասին: Տնտեսագետը հիշեցրեց, որ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն ինքն իրավիճակը ողբերգական է բնորոշել:

«Նույնիսկ Ռուսաստանի Խնայբանկի խորհրդի նախագահ Գերման Գրեֆը հայտարարեց, որ Ռուսաստանը պարտություն է կրել: Այո, Ռուսաստանը երկար տարիների ընթացքում իր տնտեսությունը կառուցելով նավթադոլարների վրա՝ այդպես էլ չկարողացավ արդիականացնել այն, չնայած բազմաթիվ պաշտոնական փաստաթղթերին եւ ծրագրերին: Իրականությունն այն է, որ Ռուսաստանը տեխնոլոգիապես աղքատ երկիր է»,- ասել է Եղիազարյանը:

Հարցին, ինչպե՞ս Ռուսաստանի տնտեսական անկումը կանդրադառնա Հայաստանի տնտեսական իրավիճակի վրա, նա պատասխանեց, որ կկրճատվեն մասնավոր դրամական փոխանցումները: «Կարող է նաեւ աշխատատեղերի կրճատում լինել, արտերկրի աշխատանքը ոչ միայն շահավետ չի լինի, այլեւ բազմաթիվ հայեր կկորցնեն Ռուսաստանում իրենց աշխատանքը: Ռուսական ընկերությունները Հայաստանում գործունեություն ծավալելու ավելի քիչ հնարավորություն կունենան»,- ամփոփեց Աշոտ Եղիազարյանը:

20.1.2016

Աղբյուրը՝ «Նյուզ»