Կարելի էր նույնիսկ 10 տարի առաջ կանխատեսել, որ ինչ-որ մի ժամանակ նավթի գները կարող են կտրուկ անկում ունենալ, և այն տնտեսությունները, որոնք հիմնված են նավթի արդյունահանման ու արտահանման վրա, կհայտնվեն աղետալի վիճակում: Միջազգային փորձը ցույց է տալիս, նաև մեծ գրականություն կա դրա վերաբերյալ, որ հաճախ այդպիսի երկրները հայտնվում են անելանելի վիճակում, և դա բնութագրվում է որպես նավթային անեծք:

Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Ռուսաստանի տնտեսությունում ստեղծված իրավիճակի հետևանքով այդ երկիրն ի վիճակի չի լինելու կատարել վարկային համաձայնագրերով ստանձնած պարտավորությունները: Lragir.am-ի հետ զրույցում այս մասին ասաց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը՝ անդրադառնալով ՀՀ-ՌԴ վարկային համաձայնագրերին: «Պրոբլեմներն այնքան են խորացել, որ այդ երկիրն ի վիճակի չի լինելու վարկեր տալ, ընթացքում էլ երևի թե կմոռանա իր պարտավորությունների մի մասը, աստիճանաբար դրանց մասին ոչ ոք չի խոսի»,- ասաց տնտեսագետը:

Այն մասին, որ Ռուսաստանը հնարավոր է չկատարի Հայաստանի հետ կնքած վարկային համաձայնագրերով ստանձնած պարտավորությունները, ահանզանգում են նաև Հայաստանի կառավարության անդամները: Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը լրագրողների հարցին ի պատասխան ասել է, որ եթե Ռուսաստանի տնտեսական վիճակը գնալով վատանա, հնարավոր է, որ նախորդ տարի ստորագրված վարկային համաձայնագրերի կատարման առումով ռիսկեր առաջանան, վարկերը չտրամադրվեն: «Չնայած ՌԴ կառավարությունը վստահ է, իսկ մենք հուսով ենք, որ վիճակն այդքան չի ծանրանա»,- ասել է փոխնախարարը:

Աշոտ Եղիազարյանի խոսքով՝ այդ կասկածը միշտ եղել է, որ ինչ-որ մի պահ Ռուսաստանը չի ունենա անհրաժեշտ ֆինանսական միջոցներ վարկերը տրամադրելու համար: «Բացի այդ, ՌԴ-ը պաշտոնապես հայատարարեց, որ արդեն չի ստանձնի նոր վարկեր տրամադրելու պարտավորություններ՝ ելնելով երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակից, չնայած հայտարարվել է, որ նախկինում ձեռք բերված վարկային պայմանավորվածությունները կկատարվեն:

Հիմա, թե Հայաստանի նկատմամբ վարկային պարտավորությունները որ շարքին են դասվում, պարզ չէ: Կարելի է ենթադրել, որ ատոմակայանի հետ կապված վարկային պայմանավորվածությունը եղել է ավելի վաղ, բայց Եվրասիական զարգացման բանկի հակաճգնաժամային հիմնադրամից որպես բյուջետային աջակցություն տրամադրվող վարկը չի կարելի մտցնել նախկին պայմանավորվածությունների մեջ: Խնդիրն այն է, որ նախկինում ստանձնած պարտավորությունների վերաբերյալ հայտարարությունը մնում է հայտարարություն, իրականությունն այլ է»,- ասաց նա:

Ըստ տնտեսագետի՝ շատ հավանական է, որ Ռուսաստանն արդեն նախկինում ստանձնած պարտավորություններն էլ չկարողանա կատարել: Ճիշտ է, դա իմիջի խնդիր է այդ երկրի համար, բայց իրականությունն այնպիսին է, որ չի կարող:

Նշենք, որ նախորդ տարի վավերացված վարկային համաձայնագի համաձայն՝ ՌԴ-ը Հայաստանին 270 մլն դոլար վարկ պետք է տա ատոմակայանի զարգացման ծրագրերի համար: Նախորդ տարեվերջին կնքած համաձայնագրի համաձայն էլ՝ Եվրասիական զարգացման բանկի հակաճգնաժամային հիմնադրամը 300 մլն դոլար բյուջետային աջակցության վարկ պետք է տրամադրի Հայաստանին: Ինչ վերաբերում է սպառազինության մատակարարման 200 մլն դոլարանոց համաձայնագրին, ապա տնտեսագետն ասում է, որ դրանով զենքի մատակարարում պետք է լինի, բայց սա այն ոլորտն է, որտեղ տեղեկատվությունը գաղտնի է:

Աշոտ Եղիազարյանը նկատում է, որ ատոմակայանի հետ կապված վերջնական որոշում դեռ չկա: Դեռ հարց է՝ որոշում կկայացվի՞ ատոմակայանի գործունեության ժամկետը 10 տարով երկարաձգելու վերաբերյալ: Դրա հետ կապված վարկային համաձայանգրի հարցն էլ հետևաբար օդում կախված պարտավորություն է:

«Այնպես որ, հիմքեր չկան խոսել, թե Ռուսաստանից Հայաստանը կարող է ակնկալել ֆինանսական աջակցություն: Եթե մեկ տարի առաջ ինչ-որ մարդիկ հավատում էին դրան, այսօր դա էլ չկա»,- ընդգծեց նա:

Անդրադառնալով ՌԴ տնտեսությունում վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումներին ու ռուբլու կտրուկ արժեզրկմանը, տնտեսագետն ասաց, որ դա ցույց է տալիս ՌԴ տնտեսության խոցելիության աստիճանը: ՌԴ կախվածությունը նավթից չափազանց մեծ է, որն այդ երկրի տնտեսությունը դարձնում է խոցելի, երբ համաշխարհային շուկայում նավթի գներն անկում են արձանագրում:

«Կարելի էր նույնիսկ 10 տարի առաջ կանխատեսել, որ ինչ-որ մի ժամանակ նավթի գները կարող են կտրուկ անկում ունենալ, և այն տնտեսությունները, որոնք հիմնված են նավթի արդյունահանման ու արտահանման վրա, կհայտնվեն աղետալի վիճակում: Միջազգային փորձը ցույց է տալիս, նաև մեծ գրականություն կա դրա վերաբերյալ, որ հաճախ այդպիսի երկրները հայտնվում են անելանելի վիճակում, և դա բնութագրվում է որպես նավթային անեծք: Ժամանակի ընթացքում օգտագործելով նավթադոլարները, այդ երկրներն արհեստականորեն ստեղծում են կյանքի բարձր ստանդարտներ, բայց հենց նավթադոլարները կրճատվում են, նրանք չեն կարողանում ապահովել այդ ստանդարտները, որոնցով սովորեցրել են ապրել իրենց էլիտային և հասարակությանը, և հայտնվում են բարդ սոցիալ-քաղաքական իրավիճակներում: Այդ իրավիճակները հղի են անկանխատեսելի հետևանքներով, ընդհուպ մինչ քաղաքական անկարգություններ»,- ասաց նա:

Այսինքն, ըստ տնտեսագետի, այսօր բոլոր նախադրյալները կան՝ ասելու, որ ՌԴ-ն կանգնել է բարդ սոցիալ-քաղաքական իրավիճակի առաջ: «Մեր աչքի առաջ ՌԴ տնտեսությունը փլուզվում է, դա նույնիսկ վարչապետի մակարդակով է խոստովանվում»,- ասաց Եղիազարյանը: 

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող

21.01.2016

Աղբյուրը՝ «Լրագիր»