Հայաստանի համար լավն այն կլիներ, որ գազը ձեռք բերեր այլ աղբյուրից: Իրանը գազի հարուստ պաշարներ ունի, որով պատրաստվում է դուրս գալ համաշխարհային շուկա: Բնական է, այս պարագայում Հայաստանն ունենում է շատ մեծ հնարավորություններ, որոնք չօգտագործելը պարզապես անհասկանալի կլինի:

Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը կարծում է, որ Հայաստանի սպառողների համար գազի վերջնական գները անբնական բարձր են Ռուսաստանը կիջեցնի՞ Հայաստանի համար գազի գինը, թե՞ չի իջեցնի. այս հարցով արդեն քանի օր շարունակ ռուսական կողմի հետ Հայաստանը բանակցում է: Սակայն առայժմ այդ բանակցությունները, կարծես թե, արդյունք չեն տալիս: Այս մասին երեկ կառավարությունում հավաստեցին էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ու էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Հարցին, թե կիջեցնի՞ Ռուսաստանը գազի գինը Հայաստանի համար, Կարեն Ճշմարիտյանը «այո» կամ «ոչ» չպատասխանեց, միայն ասաց, որ եթե գնի իջեցման նախադրյալ չլիներ, ՀՀ կառավարությունը դժվար թե դիմեր ռուսական կողմին. «Այդ հնարավորությունը չօգտագործելը կամ չփորձելը ճիշտ չէր լինի»:

Երվանդ Զախարյանն էլ հայտնել էր, թե բանակցությունները շարունակվում են, եւ խուսափել էր պատասխանել այն հարցին, թե հայկական կողմը գազի գնի քանի՞ տոկոս նվազեցման ակնկալիք ունի: Թե՛ էկոնոմիկայի նախարարը եւ թե՛ էներգետիկայի ու բնական պաշարների նախարարն ընդգծել էին, որ էներգակիրների գինը տնտեսության համար կարեւոր նշանակություն ունի, հատկապես այն տնտեսվարողների համար, որոնք գազի ու էլեկտրաէներգիայի մեծ սպառողներ են:

Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանի համար այնքան էլ հասկանալի չէ մեր իշխանությունների խնդրողական մոտեցումը՝ այն դեպքում, երբ ողջ աշխարհում էներգակիրներն էժանացել են, սակայն Հայաստանը խնդրողի դերում է. «Եթե նույնիսկ զեղչ չլինի, միեւնույն է՝ դա չի փոխում «Գազպրոմի» հետ Հայաստանի հարաբերությունները, որովհետեւ «Գազպրոմը» մնում է գազի՝ որպես մենաշնորհ, մատակարար, եւ Հայաստանի սպառողի համար գազի վերջնական գները անբնական բարձր են՝ հատկապես, որ համաշխարհային շուկայում նավթի ու էներգակիրների գները անկում են ապրում: Այս պայմաններում Հայաստանն անբնական բարձր գին է վճարում, ինչը պայմանավորված է ե՛ւ «Գազպրոմի», ե՛ւ «Ռոսնեֆտի» մենաշնորհային դիրքով, որոնք էներգակիրների միակ մատակարարներն են մեր երկրի համար»:

Աշոտ Եղիազարյանի համոզմամբ՝ Հայաստանը որեւէ մեկին «կցվածության» նման պարտավորություններ չպիտի ունենա, ինչպես Ռուսաստանի պարագայում է. «Հայաստանը պետք է ունենա տարբեր աղբյուրներից էներգակիրներ գնելու հնարավորություն, եւ դա կդիտվի նորմալ: Իմաստը ո՞րն է, երբ էներգակիրները էժանացել են, իսկ մենք մի բան էլ խնդրում ենք, որ Հայաստանի համար գինն իջեցնեն: Այսինքն՝ խնդրողի դերում ենք»:

Հարցին, թե Ռուսաստանը կիջեցնի՞ Հայաստանի համար գազի գինը, թե՞ չի իջեցնի, պարոն Եղիազարյանն ասաց, որ նույնիսկ այդ չենք կարող ասել՝ Ռուսաստանը խնդրանքին ընդառաջ կգնա՞, թե՞ չի գնա. «Շատ հնարավոր է, որ չգնա»:

Տնտեսագետը կարծում է, որ մեր երկրի տնտեսական ոլորտի պատասխանատուների ճիշտ մոտեցումն այն կլինի, որ Հայաստանը էներգակիրները ձեռք բերի այլընտրանքային աղբյուրներից եւ վերանայի պայմանագրերով ստանձնած պարտավորությունները, որոնցով մեր երկիրն իրեն զրկել է այդ հնարավորություններից:

Ինչ վերաբերում է մեր սպառողներին մատակարարվող ռուսական գազի գնին, ապա Աշոտ Եղիազարյանը գտնում է, որ հայաստանյան սպառողը երեք անգամ ավելի է վճարում, քան ռուսական սպառողը, մինչդեռ, ըստ պայմանավորվածության, մեր երկիրը պետք է գազը ձեռք բերեր Օրենբուրգի մարզի գնով. «Ուկրաինան նույնիսկ հրաժարվեց Ռուսաստանից 1000 խմ-ի դիմաց 212 դոլարով գազը գնել՝ համարելով որ դա բարձր գին է, եւ ինքը կարող է Եվրոպայից ավելի էժան գնով գազ գնել:

Ըստ էության, դա նշանակում է, որ 200 գինն այս պահի դրությամբ բարձր է: Նման պայմաններում Հայաստանի տնտեսությունը չի կարող լինել մրցունակ այն տնտեսական միավորումում, որտեղ Ռուսաստանն է: Այս առումով նույնպես անբնական իրավիճակ է ստեղծվում Հայաստանի համար: Հայաստանի համար լավն այն կլիներ, որ գազը ձեռք բերեր այլ աղբյուրից: Իրանը գազի հարուստ պաշարներ ունի, որով պատրաստվում է դուրս գալ համաշխարհային շուկա: Բնական է, այս պարագայում Հայաստանն ունենում է շատ մեծ հնարավորություններ, որոնք չօգտագործելը պարզապես անհասկանալի կլինի: Իսկ եթե Հայաստանը դառնա տարանցիկ երկիր, հնարավոր է միայն տարանցման տուրքի տեսքով ստացվող գազը Հայաստանի կարիքները բավարարի, այսինքն՝ հնարավոր է տարանցման դիմաց Հայաստանը անվճար գազ ստանա»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

21.01.2016

Աղբյուրը՝ «Առավոտ» օրաթերթ