Եթե ՌԴ-ից մենք վարկերը չվերցնենք, ապա մենք միայն դրական ազեդցություն կտեսնենք, քանի որ վարկ վերցնելու այլ աղբյուր կգտնենք, ինչը կնպաստի, որ ՌԴ ազդեցությունը մեր տնտեսության վրա կնվազի: ՀՀ-ն ստեղծված իրավիճակում միայն կօգտվի, քանի որ հիմնականում խնդիր է առաջանում, երբ մենք ՌԴ-ից վարկ ենք վերցնում, իսկ եթե չվերցնենք, ապա կարելի է նաև ուրիշից և ավելի լավ պայմաններով վարկ վերցնել:

Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Հայաստանի ռազմավարական դաշնակից ՌԴ-ն այսօր կանգնած է սոցիալ-տնտեսական ծանր վիճակի առաջ: Հայտնի է, որ ՌԴ տնտեսությունը հիմնված է նավթի գների վրա, իսկ համաշխարհային շուկայում նավթի գներն ընկնում են, որին էլ զուգահեռաբար շարունակվում է ռուբլու արժեզրկումը: Ռուսաստանի պաշտոնյաներն այս իրավիճակին տարբեր արձագանքներ են տալիս, օրինակ՝ ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հայտարարել է, որ նախարարություններին հրահանգել է ծրագիր մշակել և ծախսերը 10 տոկոսով կրճատել: Իսկ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն էլ գտնում է, որ պետք է սպասել տնտեսական վատագույն սցենարներին: Այստեղ հարց է առաջանում՝ արդյո՞ք ՌԴ-ն ի վիճակի է լինելու կատարել իր մի շարք վարկային պարտականությունները, քանի որ, օրինակ՝ Հայաստանը նախորդ տարի ՌԴ-ի հետ մի քանի վարկային համաձայնագիր է կնքել: NewsBook-ի հետ զրույցում տնտեսագետ Աշոտ Եղիազարյանն անդրադառնալով թեմային նշեց, որ ՌԴ պաշտոնյաները հայտարարել են, որ ի վիճակի չեն նոր վարկային համաձայնագրեր ստորագրել, սակայն մինչ այս ստորագրածները կսպասարկեն:

«ՌԴ-ն, հղում անելով երկրի տնտեսական ծանր վիճակի վրա, հայտարարել է, որ նոր վարկային պարտականություններ չի վերցնելու, բայց նախկին պարտականությունները կատարելու է, քանի որ վերաբերում է երկրի իմիջին: Միևնույն ժամանակ մեծ ռիսկեր կան, որ ի վիճակի չի լինի նախկինում ստանձնած պարտավարությունները կատարել, քանի որ ոչ ոք չի կարող կանխատեսել, թե մի քանի ամիս հետո ինչ պատկեր կլինի նրանց տնտեսությունում»,- ասաց նա:

Նրա դիտարկմամբ, եթե, անգամ, ՌԴ-ն չկարողանա սպասարկել ՀՀ-ին տրվող վարկերը, միևնույն է, Հայաստանը խնդիրներ չի ունենա, ավելին՝ այն ՀՀ տնտեսության զարգացման համար դրական ազդակ կլինի:

«Եթե ՌԴ-ից մենք վարկերը չվերցնենք, ապա մենք միայն դրական ազեդցություն կտեսնենք, քանի որ վարկ վերցնելու այլ աղբյուր կգտնենք, ինչը կնպաստի, որ ՌԴ ազդեցությունը մեր տնտեսության վրա կնվազի: ՀՀ-ն ստեղծված իրավիճակում միայն կօգտվի, քանի որ հիմնականում խնդիր է առաջանում, երբ մենք ՌԴ-ից վարկ ենք վերցնում, իսկ եթե չվերցնենք, ապա կարելի է նաև ուրիշից և ավելի լավ պայմաններով վարկ վերցնել»,- ընդգծեց Եղիազարյանը:

Տնտեսագետը շեշտեց, որ համաշխարհային շուկայում նավթի գների անկման պայմաններում ՌԴ-ն չի կարող կայունացնել իր տնտեսական վիճակը, քանի որ նա երբեք էլ զարգացած տնտեսություն չի ունեցել:

«ՌԴ տնտեսությունն հիմա այնպիսին է, ինչպիսն, որ եղել է, քանի որ երբեք այն զարգացած չի եղել: ՌԴ-ի տնետեսապես զարգացած լինելն ընդամենը ֆոն է եղել, քանի որ նավթի և էներգակիրների գները համաշխարհային շուկայում վերջին 15 տարիներին բարձր են եղել: Հիմա ավելի հստակ պարզվեց, որ ցածր գների դեպքում ՌԴ-ն տնտեսություն ունենալ չի կարող և սպասել, թե նման պայմաններում ռուսական տնտեսությունն աճի տեմպ կունենա, պարզապես անիմաստ սպասումներ են: ՌԴ-ն շարունակում է միջազգային ասպարեզում ընդունվել որպես տեխնիկապես թույլ զարգացած երկիր: Ռուսաստանի մեծ ամբիցիաները հիմնված են եղել անցյալի ժառանգության ու ռազմական ուժի ցուցադրման վրա, որը նույնպես չափազանցված է եղել»,- երզափակեց Աշոտ Եղիազարյանը:

25.01.2016

Աղբյուրը` «Նյուզբուք»