Սա ցույց է տալիս, որ կան բազմաթիվ հարցեր, որոնք տարիներով չեն լուծվել, և կան հարցեր, որոնք նոր-նոր են ծագել՝ կապված Հայաստանում իշխանության փոփոխության հետ: Եվ այդ հարցերի լուծման հետ կապված հետաքրքրությունները փոխադարձ են: Եվ գոնե ես տպավորություն ունեմ, որ պաշտոնական Մոսկվան ու պաշտոնական Երևանը շահագրգռված են, որ հարաբերություններն ընթանան բնականոն հունով, և այն ակնհայտ ճգնաժամային դրսևորումները, որոնց մենք ականատես ենք լինում, լուծումներ ստանան:

Ռուբեն Մեհրաբյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Ռուբեն Մեհրաբյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի արդեն երրորդ հանդիպման մասին տեղեկությունը փաստում է, որ երկու երկրների հարաբերություններում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք հաճախակի քննարկման կարիք ունեն: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Նշենք, որ արդեն հայտնի է՝ սեպտեմբերի 8-ին Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանդիպելու է ՌԴ նախագահի հետ, հանդիպմանը ռուս-հայկական բարձր մակարդակի բանակցություններ են վարվելու: Սա Հայաստանի վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի երրորդ հանդիպումն է Պուտինի հետ: Առաջին հանդիպումը կայացել էր այս տարվա մայիսի 14-ին Սոչիում՝ ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ, իսկ երկրորդ հանդիպումը՝ հունիսի 13-ին Մոսկվայում:

Անդրադառնալով սեպտեմբերի 8-ին կայանալիք հանդիպմանը, Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողներին ասել է, որ քննարկելու են երկկողմ հարաբերությունների մասին հարցեր:

«Սա ցույց է տալիս, որ կան բազմաթիվ հարցեր, որոնք տարիներով չեն լուծվել, և կան հարցեր, որոնք նոր-նոր են ծագել՝ կապված Հայաստանում իշխանության փոփոխության հետ: Եվ այդ հարցերի լուծման հետ կապված հետաքրքրությունները փոխադարձ են: Եվ գոնե ես տպավորություն ունեմ, որ պաշտոնական Մոսկվան ու պաշտոնական Երևանը շահագրգռված են, որ հարաբերություններն ընթանան բնականոն հունով, և այն ակնհայտ ճգնաժամային դրսևորումները, որոնց մենք ականատես ենք լինում, լուծումներ ստանան»,- «Մեդիալաբին» ասում է Ռուբեն Մեհրաբյանը:

Հարցին, թե կարո՞ղ ենք այսօր պնդել, որ Հայաստանը հավասար դիրքերում է բանակցում Մոսկվայի հետ, Մեհրաբյանը նշում է, որ համենայնդեպս պաշտոնական Երևանը ակնհայտորեն ձգտում է նրան, որ լինեն հավասարը հավասարին բանակցություններ: Այսինքն՝ այնպես է արվում, որ 20 տարվա ընթացքում ձևավորված հարաբերություններն ուղղաձիգ հարթությունից տեղափոխվեն հորիզոնական հարթություն:

«Եվ դա Երևանի համար ուղղակի հրամայական է, իսկ Մոսկվայի պարագայում մենք տեսնում ենք, որ հոգեբանորեն շատ ծանր են տանում: Եվ հենց դա նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը, երբ ասաց, որ մեր ռուս գործընկերները պետք է ադապտացվեն դրան, ինչը, իհարկե, Ռոբերտ Քոչարյանի գլխում չէր տեղավորվում: Ավելին, նա կարծում էր, որ Ռուսաստանն այն երկիր չէ, որի հետ կարելի է այդկերպ խոսել: Բայց դա արդեն Ռոբերտ Քոչարյանի խնդիրն է, ինչը կապ չունի Հայաստանի ու Ռուսաստանի իրողությունների հետ»,- նշեց քաղաքագետը:

Ռուբեն Մեհրաբյանն ասում է, որ սեպտեմբերի 8-ին կայանալիք բանակցություններում քննարկման թեմա են դառնալու նաև Հայաստանի ներքաղաքական զարգացումները:

Հարցին, թե հաշվի առնելով այն, որ Ռուսաստանն անուղղակի աջակցություն է ցուցաբերում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ով հայտարարել է քաղաքականություն վերադառնալու և արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին, հնարավո՞ր է այդ հարցն էլ քննարկվի հանդիպման ընթացքում, քաղաքագետը պատասխանեց. «Ես կասկած չունեմ, որ այս հանդիպման ընթացքում կարող են շոշափվել նաև Հայաստանի ներքաղաքական զարգացումների հարցեր, որոնց հետ կապված Ռուսաստանում, այսպես ասած, կան թյուրըմբռնումներ»:

«Այս հանդիպմանը կարող են քննարկվել հարցեր, որոնց լուծումը Ռուսաստանին հոգեբանական դիսկոմֆորտ է պատճառում: Այդ հարցերի շուրջ պարզաբանումները ռուսական կողմին պետք է տեղ հասցվեն»,- ընդգծեց նա:

Մեհրաբյանը նշում է, որ դատելով ՌԴ արտաքին գործերի նախարար Լավրովի հայտարարությունից, ռուսական կողմը հակված է այս ամենն ընկալել որպես զուտ Հայաստանի ներքին գործ:

«Բայց, այնուամենայնիվ, երևի թե բացատրության կարիք կա, թե ինչն ինչից հետո է գալիս: Այո՛, ռուսները պետք է համակերպվեն, ադապտացվեն նոր իրողություններին, որ այլևս չի լինելու այնպես, որ երբ Մոսկվայից մատերով ճտտացնեն, Երևանում զգաստ կանգնեն՝ սպասելով նրանց հրահանգին: Դա չի լինելու»,- նշեց նա:

Քաղաքագետի խոսքով՝ որքան էլ դա Մոսկվային խորթ լինի, բայց ժամանակն է սովորել, որ Հայաստանն անկախ երկիր է և ունի իր շահերը:

Ռոզա Հովհաննիսյան

04.09.2018

Աղբյուրը՝ «ՄեդիաԼաբ»