Ռոբերտ Քոչարյանի ազատության մեջ գտնվելը ոչ միայն ուղղված է քննությանը խոչընդոտելուն, այլև ուղղված է նրան, որպեսզի արտաքին միջամտություն հրահրվի Հայաստանի դեմ, երկրորդ՝ ապակայունացվի իրավիճակը ՀՀ-ում։ Այս ամենը մենք տեսնում ենք ակնհայտորեն։ Կրկնում եմ՝ Ռոբերտ Քոչարյանը պետք է մեկուսացվի հասարակությունից:

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի գնահատմամբ՝ ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի խոսակցությունը գաղտնալսելը լրջագույն հանցագործություն է, դավադրություն՝ ուղղված Հայաստանի Հանրապետության դեմ։

«Հայաստանում բջջային կապ տրամադրող 3 օպերատորներից երկուսը ռուսական են, իսկ ԱԱԾ պետն էլ հաղորդեց, որ խոսել է Viva Cell-ի քարտով, իսկ Viva Cell-ը ռուսական MTS-ինն է, որը մտնում է АФК սիստեմի մեջ, որի տնօրենների խորհրդի անդամ է Ռոբերտ Քոչարյանը։ Մենք տեսանք, որ այդ խոսակցության մեջ շրջանառվող տեղեկատվությունը կապված էր հենց Ռոբերտ Քոչարյանի հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց քաղաքագետը։

Մեհրաբյանը չի կարծում, որ Վանեցյանն ու Խաչատրյանը միակն են, որոնց գաղտնալսում են. «Մի կողմից էլ՝ զարմանալի է, որ պետական կարևորության խոսակցությունն իրականացվում է սովորական բջջային կապով։ Կարծում եմ՝ բազմաթիվ ավելի անվտանգ եղանակներ կան։ Տեղի ունեցածը միանգամայն տեղավորվում է հայ-ռուսական «խնդիրներ չունեցող» հարաբերությունների շրջանակներում։ Սա զարմանալի չէ, ռուսական հատուկ ծառայություններն աշխատում են ավանակի համառությամբ և խոզի փնթիությամբ»։

Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանն այս 20 տարվա ընթացքում ուղղակի «ժուչոկների» մեջ է. «Ակնհայտ երևում էր, որ այս ընթացքում ունեցել ենք նույնիսկ «ժուչոկ» պաշտոնյաներ, որոնք ծառայել են ընդդեմ ՀՀ-ի»։

Ռուբեն Մեհրաբյանը նաև նշեց, որ Ռոբերտ Քոչարյանին պետք է մեկուսացնել հասարակությունից. «Ռոբերտ Քոչարյանի ազատության մեջ գտնվելը ոչ միայն ուղղված է քննությանը խոչընդոտելուն, այլև ուղղված է նրան, որպեսզի արտաքին միջամտություն հրահրվի Հայաստանի դեմ, երկրորդ՝ ապակայունացվի իրավիճակը ՀՀ-ում։ Այս ամենը մենք տեսնում ենք ակնհայտորեն։ Կրկնում եմ՝ Ռոբերտ Քոչարյանը պետք է մեկուսացվի հասարակությունից»։

Ռազմիկ Մարտիրոսյան

12.09.2018

Աղբյուրը՝ «168 ժամ»