Թեեւ Իրանն ու Թուրքիան պատրաստվում են միմյանց աջակցությամբ շրջանցել ԱՄՆ սահմանափակումներն ու դուրս գալ տնտեսական ճգնաժամից, դա այնքան էլ հավանական չի թվում, հատկապես, որ հարեւան երկրում ստեղծված իրավիճակը նպաստավոր չէ սեփական երկրի իրավիճակի բարելավման համար։

Թուրքիան հայտնվել է տնտեսական ճգնաժամի մեջ, որից դուրս գալու ջանքերն առայժմ ապարդյուն են անցնում։ Սղաճն անցած 15 տարիների համեմատությամբ աննախադեպ է։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ առաջին անհրաժեշտության ապրանքների գները 2017թ. համեմատությամբ աճել են 25 տոկոսով, ինչը շարունակվում է։

Ահավասիկ, սեպտեմբերին սննդամթերքի գները օգոստոսի համեմատությամբ 6 տոկոսով աճել են։ Թուրքական լիրայի արժեզրկումը տարեսկզբի համեմատությամբ կազմել է 40 տոկոս, իսկ 2010թ. համեմատությամբ՝ 172 տոկոս։ Նշենք նաեւ, որ ընթացիկ տարվա հունիսի 24-ին Թուրքիայում խորհրդարանական ու նախագահական վաղաժամկետ ընտրությունները նախատեսվածից 17 ամիս շուտ անցկացնելը պայմանավորված էր հենց ազգային արժույթի գնանկման տեմպերի արագացմամբ։ Իշխանությունները դա պայմանավորում էին արտաքին գործոններով, մասնավորապես Իրաքի եւ Սիրիայի զարգացումներով, նաեւ տնտեսական առաջընթացի խնդիրներով։ Մինչդեռ վերլուծաբաններն ու ընդդիմությունը իշխող կուսակցության նման որոշումը պայմանավորեցին ներքին իրավիճակով՝ նշելով, որ իշխող կուսակցության վարկանիշը օր օրի նվազում է։ Բացի այդ, գնաճը եւ թուրքական լիրայի արժեզրկումը գնալով ակնհայտ էր դառնում, ինչը խիստ բացասական ազդեցություն կունենար ընտրությունների արդյունքների վրա, մասնավորապես՝ նախագահի, հաշվի առնելով, որ նա ընտրվել է ձայների շուրջ 53 տոկոսով։ Իշխանությունները թեեւ խոստովանում էին, որ գնաճը կառավարության առջեւ ծառացած լրջագույն խնդիր է, սակայն շեշտում էին, որ վաղաժամկետ ընտրությունները դրականորեն կանդրադառնան տնտեսական առաջընթացի վրա։ Ավելին, կառավարությունը հայտարարում էր, թե քաղաքական ղեկավարման հստակեցման պայմաններում առաջիկա 5 տարիներին տնտեսական մեծ առաջընթացը թերեւս կասկածից վեր կլինի։ Մինչդեռ ստեղծված իրավիճակը վերլուծաբանները պատճառաբանում էին Արեւմուտքի հետ լարված փոխհարաբերություններով, ներմուծված հումքի գնաճով, որդեգրած քաղաքականությամբ եւ այլն։

Թուրքիայի տնտեսության ճգնաժամը խորացավ թուրք-ամերիկյան փոխհարաբերությունների սրմամբ։ Ինչպես նշում են փորձագետները, Էրդողանը մտադիր է թանկության դեմ այլ մեթոդներով պայքարել եւ բնակչությանը կոչ է արել ապրանքների անսովոր թանկ գին առաջարկելու դեպքում զանգահարեն քաղաքապետարան։ Թեեւ Թուրքիայի ֆինանսների նախարար Բրաթ Ալբայրաքը լիրայի արժեզրկումը պայմանավորում է թուրք-ամերիկյան փոխհարաբերությունների լարվածությամբ, սակայն մասնագետները, քննադատելով Թուրքիայի վերջին տարիներին որդեգրած տնտեսական քաղաքականությունը, նշում են, որ արտադրության վրա կենտրոնանալու փոխարեն առավելապես կարեւորվել է առեւտուրը, կրթական համակարգի վրա ներդրումներ չկատարելն ու արտադրություն չկազմակերպելը։ Այլ կերպ ասած՝ արտաքին գործոնները Թուրքիայի տնտեսական ճգնաժամի հարցում թեեւ նշանակություն ունեն, սակայն գլխավորապես պայմանավորված են կառավարության որդեգրած ներքին քաղաքականությամբ։

Հատկանշական է նաեւ, որ դեռեւս հունվարից նկատելի է դարձել Իրանի ռիալի արժեզրկման միտումը։ Եթե 2017թ. մինչեւ 2018թ. հունվարի 20-ը մեկ դոլարի արժեքը 3750 թուման էր (10 ռիալը մեկ թուման է), ապա հունվարի 21-ին արդեն դարձավ 4700, ինչը թերեւս պայմանավորված էր ԱՄՆ-ի Իրան-5+1-ի համաձայնությունից հնարավոր դուրս գալով, որը իրականություն դարձավ մայիսի 12-ին, ինչի պատճառով արագացվեց իրանական ռիալի արժեզրկումը։ ԱՄՆ-ը, դուրս գալով համաձայնագրից, հայտարարեց, որ ոչ միայն վերականգնվելու են Իրանի դեմ նախկին տնտեսական սահմանափակումները, այլեւ մտցվելու են նորերը, որոնց մի մասը կյանքի կոչվեց օգոստոսի 13-ից, իսկ հաջորդ փուլը սկսվելու է նոյեմբերի 4-ին, որը վերաբերում է Իրանի նավթի արտահանության կասեցմանը եւ բանկային գործունեությանը։ Թեեւ Իրան-4+1-ը ջանքեր է գործադրում պահպանելու համաձայնությունը եւ Իրանին աջակցելու ուղիներ է փնտրում, սակայն խոշոր ընկերություններն ու բանկերը, գերադասելով ԱՄՆ-ի հետ գործարքները, հրաժարվում են Իրանից։ Մյուս կողմից, փորձագետներն ու իրանցի պաշտոնյաները ռիալի արժեզրկման ներքին բազում պատճառներ են նշել, այդ թվում՝ Կենտրոնական բանկից արժույթի շուկայում ավելի քիչ արտարժույթ բաց թողնելը։ Երեւույթը պայմանավորել են նաեւ դոլարի մեկ ընդհանուր գին սահմանելով, ոմանք դրանում մեղադրել են կառավարությանը եւ նշել, որ դա բյուջեի ճեղքը փակելու նպատակ է հետապնդել։ Արժեզրկման պատճառներից է համարվել նաեւ Արաբական Միացյալ Էմիրություններում հավելյալ արժեքի եկամտահարկի բարձրացումը, ինչը դժվարացրել է Իրանի արտարժութի շուկայի ներկայացուցիչների համար դրա ձեռքբերումը եւ այլն։ Բայց եւ այնպես, հուլիսից, ԱՄՆ սահմանափակումների վերականգնման նախաշեմին, արտարժույթի գինը բարձրանում էր ժամերով, ընդհուպ մինչեւ սեպտեմբերին արդեն 1-2 օր ազատ շուկայում հասել էր մինչեւ 20 հազար թումանի։ Բնականաբար, թանկանում էին նաեւ ապրանքները, մասնավորապես ներմուծվածները։ Այլ կերպ ասած՝ Իրանում եւս տնտեսական ճգնաժամն սկսեց խորանալ։

Իրանի կառավարությունը Կենտրոնական բանկի նոր տնօրեն նշանակելով եւ կառավարության կազմում ու ֆինանսական քաղաքականություն ոլորտում փոփոխություններ իրականացնելով՝ կանխեց ռիալի ազատ անկումը, եւ մեկ դոլարի արժեքը հասնում էր 12-13 հազար թումանի։ Դոլարի արժեքի անկումը շարունակվել է, թեեւ ավելի թույլ տեպերով, ինչում զգալի նշանակություն է ունեցել հոկտեմբերի 8-ին Իրանի խորհրդարանում դեռեւս 2009-ից օրակարգում զետեղված 4 օրինագծերի հաստատումը, որոնք վերաբերում են ահաբեկչական խմբերին չֆինանսավորելու միջազգային համաձայնագրին (CFT) եւ փողերի լվացման խմբին (FATF), որոնց գործունեությունն ուղղված է միջազգային ասպարեզում ֆինանսական գործունեության թափանցիկությանը։ 

Այլ կերպ ասած՝ թեեւ Իրանն ու Թուրքիան պատրաստվում են միմյանց աջակցությամբ շրջանցել ԱՄՆ սահմանափակումներն ու դուրս գալ տնտեսական ճգնաժամից, դա այնքան էլ հավանական չի թվում, հատկապես որ հարեւան երկրում ստեղծված իրավիճակը նպաստավոր չէ սեփական երկրի իրավիճակի բարելավման համար։

10.10.2018

Աղբյուրը՝ «Հայաստանի Հանրապետություն»