Այսօր կարծես թե փոխվել է իրավիճակը մեր տարածաշրջանում, ինչը պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Առաջինը, Ռուսաստանը թուլացել և հեռանում է Կովկասից, երկրորդ, Իրանի վրայից հանվել են պատժամիջոցները: Աշխարհատնտեսական նոր կոնֆիգուրացիա է ստեղծվում այսօր, և այդ իրավիճակում Հայաստանի դերն ու նշանակությունը փոխվում է, այսինքն՝ Հայաստանը նոր դեր ու գործառույթներ է ստանում:

ԱՄՆ-Հայաստան համաձայնագրի ստորագրումը ԱՄՆ-Հայաստան համաձայնագրի ստորագրումը

Հարավային Կովկասում իրավիճակը փոխվել է, և Հայաստանը ամերիկյան քաղաքականությունում այսօր ավելի է կարևորվում: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը՝ անդրադառնալով Հայաստանում ներդրումների վերաբերյալ ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի հայտարարությանը:

Օրերս Օբաման հայտարարել էր, որ Հայաստանում ԱՄՆ ներդրումների պատմական մակարդակի բարձրացումը միայն սկիզբն է մեծածավալ առևտրային ու ներդրումային կապի, որոնք առանցքային նշանակություն ունեն թե Հայաստանի, թե տարածաշրջանի համար:

«Դա նշանակում է, որ Հարավային Կովկասը, մասնավորապես, Հայաստանը ԱՄՆ քաղաքականությունում արդեն ավելի է կարևորվում»,- ասում է Աշոտ Եղիազարյանը:

Նրա խոսքով՝ ամերիկյան ընկերությունները նախկինում բավականաչափ ներդրումներ են կատարել Վրաստանում և Ադրբեջանում՝ կապված էներգետիկ միջանցքի հետ: Հայաստանն այդ տարիներին փաստացի դուրս էր այդ նախագծերից, և մեր երկրի վրա մեծ ուշադրություն չէր դարձվում, քանի որ էներգետիկ միջանցքն առանց Հայաստանի էլ գործում էր:

Հարավային Կովկասը նաև կարևորվում էր Եվրամիության էներգետիկ քաղաքականությունում՝ որպես հարավային գազային միջանցք: Հայաստանը դարձյալ այդ նախագծերում չկար, այն պատճառով, որ, ըստ Եղիազարյանի, նախ լավ հարաբերություններ չուներ Թուրքիայի և Ադրբեջանի հետ, հետո էլ՝ հնարավոր էր այդ նախագծերն իրականացնել առանց Հայաստանի:

«Այսօր կարծես թե փոխվել է իրավիճակը մեր տարածաշրջանում, ինչը պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Առաջինը, Ռուսաստանը թուլացել և հեռանում է Կովկասից, երկրորդ, Իրանի վրայից հանվել են պատժամիջոցները: Աշխարհատնտեսական նոր կոնֆիգուրացիա է ստեղծվում այսօր, և այդ իրավիճակում Հայաստանի դերն ու նշանակությունը փոխվում է, այսինքն՝ Հայաստանը նոր դեր ու գործառույթներ է ստանում: Եվ այդ համատեքստում սպասելի է, որ ամերիկյան ընկերությունների մոտ ՀՀ նկատմամբ հետաքրքրություն կառաջանա»,- ասաց տնտեսագետը:

Այս գործընթացում արդյունքի հասնելու համար, Աշոտ Եղիազարյանի խոսքով, Հայաստանը պետք է խորացնի հարաբերությունները ԱՄՆ հետ և դա տեղափոխի իրավական դաշտ:

“ԱՄՆ հետ կա նման համաձայնագիր՝ առևտրի և ներդրումների խրախուսման: Պետք է պարզապես անցնել ավելի գործնական աշխատանքների: Այդ փաստաթուղթը շրջանակային է և կարելի է բացել ու կոնկրետացնել: Եվրամիության հետ էլ, արդեն գիտենք, նոր համաձայնագիրը կա, բանակցություններն ընթանում են, նոր համաձայնագիր պետք է կնքվի, որն ավելի շատ ուշադրություն է դարձնում սեկտորային համագործակցության վրա՝ էներգետիկա և տնտեսության այլ ոլորտներ”,- ասաց նա:

Այսինքն, ըստ տնտեսագետի, պետք է անհրաժեշտ պայմանագրա-իրավական բազան ամբողջացնել, որպեսզի Հայաստանը, որպես երկիր, ունենա որոշակի պարտավորություններ: Դա իր հերթին ազդակ կհանդիսանա, որպեսզի ներդրողների համար Հայաստանը դիտարկվի որպես բարենպաստ երկիր: 

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

09.02.2016

Աղբյուրը՝ «Լրագիր»