«Պատերազմական ռիսկերը, բնականաբար, անդրադառնում են ներդրումների եւ զբոսաշրջիկների վրա։ Այն մարդիկ, որոնք ծրագրում էին իրենց հանգիստն անցկացնել Հայաստանում կամ Արցախում, նրանցից կլինեն որոշները, որ կհրաժարվեն իրենց այդ մտադրությունից։ Իսկ ներդրումներ անողների համար անվտանգության ռիսկերը մեծ նշանակություն ունեն» ,- նշեց տնտեսագետը։

Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Երեկ «ՉԻ» հետ զրույցում անդրադառնալով ղարաբաղյան քառօրյա պատերազմի Հայաստանի տնտեսության վրա թողած հնարավոր հետեւանքներին, տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը նշեց, որ պատերազմը շարունակվելու դեպքում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը բացասաբար կանդրադառնա ոչ միայն Հայաստանի, Արցախի ներդրումների, տուրիստների հոսքերի վրա, այլեւ մեր հարեւան երկրների, քանի որ Ղարաբաղի պատերազմը կարելի է դիտարկել տարածաշրջանի շրջանակներում։

«Պատերազմական ռիսկերը, բնականաբար, անդրադառնում են ներդրումների եւ զբոսաշրջիկների վրա։ Այն մարդիկ, որոնք ծրագրում էին իրենց հանգիստն անցկացնել Հայաստանում կամ Արցախում, նրանցից կլինեն որոշները, որ կհրաժարվեն իրենց այդ մտադրությունից։ Իսկ ներդրումներ անողների համար անվտանգության ռիսկերը մեծ նշանակություն ունեն» ,- նշեց տնտեսագետը։

- Պարոն Եղիազարյան, ի՞նչ խնդիր է ծառացած մեր տնտեսության առաջ, որը առաջնահերթ լուծում է պահանջում։

- Մեր առաջ ծառացած կարեւոր  հարցը այսօր տնտեսական աճի հիմնախնդիրն է, մեր տնտեսական աճի ու զարգացման խնդիրը։  Այդ հարցը կարգավորել  հնարավոր է միայն Եվրամիությանն անդամակցելու  եւ ինտեգրվելու շրջանակներում։ Բնական է, որ եթե դա չկա, այսպես ասած` երկարաժամկետ  սպասումները դրական լինել չեն կարող։ Իսկ պատերազմն էլ իր հերթին ավելի շատ ռիսկեր ու անորոշություն է պարունակում։ Խնդիրն առկա է, եւ խնդրում չկա կայունություն այս պահին, եւ, բնականաբար, ռիսկերը կան։ Իհարկե, ներդրողներն իրենց ռիսկերում այդ հաշվարկներն անում են, եւ նրանք կառավարում են այդ ամենը։ Նման պարագայում շատ կարեւոր է, թե երկիրը ինչ ռազմաքաղաքական դաշինքի անդամ է, դա, ըստ էության, պաշտպանական վահան է հանդիսանում տվյալ երկրի համար։

- Պարզ դարձավ, որ ԵՏՄ-ին անդամակցությունը ոչինչ չտվեց Հայաստանին։

- Անկեղծ ասած, չէր էլ կարող տալ, որովհետեւ դա արգելակում է Եվրամիության հետ մեր հարաբերությունների լավացմանը։ ԵՏՄ-ին անդամակցելով Հայաստանի տնտեսությունը պարզապես մտավ փակուղի, Հայաստանի տնտեսությունը զրկվեց զարգացման այլընտրանքային հնարավորություններից, Հայաստանի տնտեսությունը զրկվեց ներդրումներից, Հայաստանի տնտեսությունը զրկվեց ընդհանրապես սեփական նախագծերը քննարկելու եւ իրականացնելու հնարավորությունից։

- Իսկ, ըստ Ձեզ, ինչո՞ւ Ադրբեջանը հիմա սկսեց պատերազմական լայնամասշտաբ գործողություններ, երբ նրա տնտեսությունը բարվոք վիճակում չէ, երբ  միջազգային շուկայում  նավթի գների շեշտակի անկում է արձանագրվում։

- Կարծում եմ, որ Ադրբեջանի համար նպաստավոր ժամանակներ էին, եւ հասկանալի է, որ հետո իրենց համար ավելի դժվար կլինի։ Որովհետեւ մեր տարածաշրջանում իրենց դիրքերը կամրապնդեն ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն, եւ բնականաբար այդ պայմաններում Ադրբեջանը չի կարող ավելի ազատ զգալ։

- Պարոն Եղիազարյան, շատ է խոսվում բանակը ժամանակակից տեխնիկայով զինելու եւ համալրելու մասին։ Տնտեսագետների ու մասնագետների կարծիքով ՏՏ ոլորտը բավական ինտենսիվ զարգացում ունի Հայաստանում։ Ըստ Ձեզ, ինչու՞ կառավարությունը չի օգտվում այդ պոտենցիալից։

- Անկեղծ ասած, ես չեմ ուզում թերագնահատել այն, որ կարելի էր որոշ դեպքերում մեր ուժերը օգտագործել, բայց  որոշ դեպքերում  էլ չեմ ուզում գերագնահատել, թե  այդ հնարավորությունները, որ մենք ունենք, ինչպիսի հնարավորություններ են։ Բայց միաժամանակ կարծում եմ նաեւ, որ Հայաստանը չի կարող իրեն անհրաժեշտ զինատեսակներն ինքը արտադրել եւ որոշակի խնդիրներ սեփական ուժերով լուծել։

- Այդուհանդերձ, տնտեսության զարգացման ուրիշ էլ ի՞նչ հեռանկարներ ունի Հայաստանը։

- Ես նորից եմ ասում,  մեր երկրի տնտեսության զարգացումը սերտորեն կապված է նրա հետ, թե  Հայաստանը որքան արագ կինտեգրվի Եվրամիությանը եւ այդ պարագայում միայն լայն հեռանկարներ կբացվեն նրա առաջ։ Օրինակ, մեր հարեւան Վրաստանը եթե այնուամենայնիվ ունի որոշակի տնտեսական հիմնախնդիրներ, բայց հեռանկարի իմաստով նրա հնարավորությունները շատ մեծ են։ Վրաստանին այդպիսի հնարավորություն է տալիս ասոցացման համաձայնագիրը եւ մասնավորապես խորը եւ պարփակ առեւտրի հետ կապված համաձայնագիրը։ Եվրոպական շուկաները դռները կբացեն Վրաստանի առաջ, եւ Վրաստանը օժանդակություն կստանա Եվրամիության երկրներից, կբարելավի, կբարձրացնի իր ստանդարտները ապրանքի որակի մասով  եւ միաժամանակ կկարողանա երկարաժամկետ  ու լավ հիմքեր ստեղծել իր տնտեսության զարգացման համար։ Սրանք են զարգացման հեռանկարները մեզ նման երկրների համար` ընտրել այն ճանապարհը, որը ընտրեց Վրաստանը։ Կարծում եմ, որ այդ կերպ կունենանք այն զարգացող տնտեսությունը, ինչը պետք է մեր երկրին ու ժողովրդին։

Մելանյա Ծառուկյան

21.04.2016

Աղբյուրը` «Չորրորդ Ինքնիշխանություն»