ԵՏՄ-ն տնտեսական ու ազդեցության գոտի կարելի է համարել Ռուսաստանի համար, որը փորձում է գոնե այդ տարածքում իրացնել իր ոչ մրցունակ արտադրանքը, որովհետև նա չի կարող ապահովել բարձր ստանդարտներ: Հայաստանն այդ տարածքում, ցածր ստանդարտներ ապահովելով, երբեք չի կարող ստեղծել զարգացած տնտեսություն: Հայաստանի միակ ելքը բարձր ստանդարտներով ապրանքների արտադրությունն է և զարգացած շուկաները: 

Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Lragir.am-ի զրուցակիցն է տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը

Պարոն Եղիազարյան, կառավարությունը հայտարարել է մենաշնորհների դեմ պայքարի մասին, վարչապետը հայտարարեց, որ երեք շաբաթվա ընթացքում պետք է ուսումնասիրվի իրավիճակը: Ի՞նչ է տեղի ունենում ձեր կարծիքով:

Խոսքն ավելի շատ երևի վերաբերում է մրցակցության պաշտպանությանը, քան մենաշնորհների դեմ պայքարին: Իհարկե, երևույթը երևի թե ընկալվում է նույն կերպ, ուղղակի մոդելների խնդիր է: Օրինակ՝ ամերիկյան մոդելը ենթադրում է հակամենաշնորհային քաղաքականություն, մենաշնորհի դեմ պայքարը տեղի է ունենում, կոպիտ ասած, խոշոր ընկերությունները բաժանելով: Իսկ Եվրոպայում այդպիսի խնդիր չկա, ընկերություններն այդքան մեծ չեն, ինչքան ամերիկյանը, ոչ թե դրանք կիսելու հարցն է դրված, այլ մրցակցությունը պաշտպանելու:

Այսօր մենաշնորհների դեմ պայքարը հիմնախնդիր է, որն առկա է բոլոր երկրներում: Բայց եթե զարգացած երկրներում այն լուծվում է շատ հաջողությամբ, ապա թերզարգացած երկրներում այն գործնականում հնարավոր չի լինում լուծել: Ինչո՞ւ, որովհետև եթե առաջիններում առկա է ուժեղ պետական մեքենա, ապա թերզարգացած երկրներում դա բացակայում է: Ուժեղ պետական մեքենան ճյուղային առումով դիվերսիֆիկացված և համաշխարհային շուկայում մրցունակ տնտեսություն ունեցող երկրներին է բնորոշ: Իսկ այդպիսի տնտեսություններն ավելի ժողովրդավարական են, և այդ տնտեսություններում տնտեսական ու քաղաքական իշխանությունները տարանջատված են: Եվ հակառակը, թերզարգացած երկրներին բնորոշ է պրիմիտիվ տնտեսություն, որտեղ ռեսուրսները շատ սահմանափակ են, դրանց համար պայքարը շատ կոպիտ է: Այդպիսի պայմաններում մենաշնորհների դեմ արդյունավետ քաղաքականություն իրականացնելը գրեթե անհնար է դառնում, քաղաքական ու տնտեսական իշխանություններն էլ սերտաճած են լինում:

Իհարկե, այդ ամենը չի նշանակում, որ վիճակն ընդհանրապես անելանելի է: Հանուն արդարության պետք է նշել, որ շատ դեպքերում իսկապես այդպես է, անելանելի վիճակ է լինում նման երկրների համար, բայց պատմությունը ժամանակ առ ժամանակ շանսեր է տալիս: Ի վերջո, մենաշնորհների դեմ պայքարը տնտեսվարողների համար հավասար հնարավորությունների ստեղծումն է, որպեսզի նրանց միջից շատ նորմալ ընտրություն տեղի ունենա, ընտրվեն լավագույնները, ամենաարդյունավետները, որոնք հետո կկարողանան մրցակցային լինել համաշխարհային շուկայում: Այսինքն՝ մենաշնորհների դեմ պայքարը պետք է զուգակցվի համապատասխան տնտեսական քաղաքականությամբ:

Եթե վերադառնանք Հայաստանի օրինակին, ապա գաղտնիք չէ, որ Հայաստանը թերզարգացած երկիր է՝ պարզունակ տնտեսությամբ: Միակ տարբերակը, որպեսզի Հայաստանը դառնա զարգացած տնտեսությամբ երկիր, պետք է կարողանա ունենալ տնտեսության դիվերսիֆիկացված ճյուղային կառուցվածք, բարձր արժեքով արտադրանքեր կարողանա արտադրել, և որ ամենակարևորն է, այդ արտադրատեսակները պետք է ունենան բարձր ստանդարտներ: Արտահանումը դեպի համաշխարհային շուկա ենթադրում է այնպիսի մրցակցային պայքար, որ առանց բարձր ստանդարտների ապրանքներն այնտեղ տեղ չունեն: Եթե խոսքը վերաբերում է հումքին, այդտեղ կարելի է բարձր ստանդարտներ չունենալ: Եվ կան երկրներ, որոնք ունեն ներքին մեծ շուկաներ, միջին տեխնոլոգիաների են տիրապետում, այդ երկրները կարողանում են որոշակի արտադրություններ կազմակերպել իրենց մոտ՝ Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Բրազիլիա: Բայց Հայաստանի նման երկիրը ստիպված է արտադրել բարձր ստանդարտներ բավարարող արտադրանք:

Կա՞ նման հնարավորություն Հայաստանի դեպքում, ի՞նչ պետք է անել:

Հայաստանը նման հնարավորություն ունի՝ Եվրամիության հետ ավելի խորացնելով հարաբերությունները, ի վերջո ամբողջությամբ ինտեգրվելով Եվրամիությանը: Այդպիսի քաղաքականություն իրականացնելու համար Հայաստանին պետք է աջակցություն: Հեշտ չէ ստեղծել պայմաններ, որպեսզի առաջանան սուբյեկտներ, որոնք կկարողանան բարձր ստանդարտի ապրանքներ արտադրել: Դա պահանջում է նախնական ծախսեր, իսկ Հայաստանն ի վիճակի չէ այդ նախնախան ծախսերն անելու՝ առանց համապատասխան գործընկերների: Դա հնարավոր է միան Եվրամիության հետ ասոցացման պայմաններում:

Տեսեք, թե մենք այսօր ինչպիսի իրավիճակ ունենք, կարող է շատերն ասեն, որ ոչ մի բան չի խանգարում, որպեսզի Հայաստանը դեպի Եվրամիության շուկաներ ապրանքներ արտահանի: Հայաստանն օգվում է Եվրամիության հետ GSP+ առևտրի արտոնությունների ռեժիմից, ինչը ենթադրում է, որ հայկական ապրանքները կարող են գրեթե զրոյական մաքսով մուտք գործել եվրոպական շուկա: Բայց խնդիրը միայն մաքսերը չեն, կան ոչ սակագնային արգելքներ, դա բարձր որակի ստանդարտների ապահովումն է: Ահա, խնդիրը հենց աստեղ է: Եվ եթե մենք կարողանանք այս խնդիրը լուծել, այդ ժամանակ շատ ավելի նպաստավոր պայմաններ կստեղծվեն, բովանդակային կլինի խոսել մենաշնորհների դեմ պայքարի մասին: Դրանք զուգահեռ ընթացող գործընթացներ են՝ հակամենաշնորհային քաղաքականությունը, և համապատասխան տնտեսական քաղաքականությունը: Առանց մեկը մյուսի չի կարող լիարժեք արդյունք լինել:

Այսինքն՝ կառավարությունը հիմա պետք է լիարժեք ու ամբողջական քայլե՞ր անի:

Մրցակցության պաշտպանությունը պայմաններ է ստեղծում՝ ունենալու զարգացած տնտեսություն, բայց միաժամանակ զարգացած տնտեսությանն ուղղված քաղաքականությունը բովանդակություն է հաղորդում իրական մրցակցային քաղաքականությանը, այն դարձնում է լիարժեք: Մեր հասարակությունը գուցե այլ կերպ է ընկալում նույն մրցակցային քաղաքականությունը, մենաշնորհների դեմ պայքարը, քան գերմանական հասարակությունը: Որպեսզի դրա ընկալումն իսկապես լինի լիարժեք, դրա համար անհրաժեշտ է, որպեսզի տնտեսությունն իսկապես լինի շատ բազմազանեցված, դեմոկրատ, որպեսզի տնտեսական հարցերում որոշումներն ընդունվեն հենց դեմոկրատական սկզբունքով: Իսկ երբ տնտեսությունը պրիմիտիվ է, կան ընդամենը մի քանի ճյուղեր, սահմանափակ ռեսուրսներ, այդտեղ որոշումների ընդունումն էլ տեղի է ունենում ոչ դեմոկրատական սկզբունքներով: Այսինքն՝ պետք է պայմաններ ստեղծվեն, որպեսզի տնտեսությունում առաջանան առաջատարներ, արդյունավետ գործող ընկերություններ, նրանք չեն հովանավորվում,  հավասար մրցակցային պայմաններում են, և իսկապես հաղթողները դառնում են ավելի արդյունավետ գործողները: Դա միաժամանակ հիմքեր է ստեղծում զարգացած տնտեսության համար, բայց երբ իսկապես տնտեսությունը զարգացած է, միայն այդ դեպքում է հնարավոր ունենալ նման համակարգ: Դրանք երկուսն իրար հետ կապված են:

Իսկ այն, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, որքանո՞վ է հնարավորություն տալիս, որպեսզի Հայաստանի տնտեսությունում ապահովվի վերոնշյալը: Ստացվում է, որ հենց ԵՏՄ-ից դուրս գալով է հնարավոր ապահովել տնտեսության մրցակցային պայմանները:

Ժամանակակից ու գլոբալ տնտեսությունը ենթադրում է, որ ըստ էության գոյություն չունեն առանձին ազգային տնտեսություններ, որոնք աշխատում են իրենց օրինաչափություններով և ինքնաբավ են: Ժամանակակից աշխարհում գոյություն ունի մեկ գլոբալ տնտեսություն, որտեղ կան ազգային ընկերություններ, որոնք միմյանց հետ մրցակցում են: Պետությունների խնդիրը դառնում է իրենց ազգային ընկերություններին աջակցելը, պաշտպանելը, որպեսզի նրանք այդ շուկաներում զբաղեցնեն ավելի բարձր դիրքեր: Ըստ այդմ՝ գոյություն ունեն նաև դաշիքներ, խմբեր՝ թե պետությունների, թե նրանց ընկերությունների: Գոյություն ունեն զարգացող գոտիներ և հետամնացության գոտիներ: Եթե երկիրը կարող է լինել մի դաշինքի մեջ, որն ավելի զարգացած է, նրա համար, նրա ընկերությունների համար հնարավորությունները մեծ են, համաշխարհային շուկայում բարձր դիրքերը գրավելը նրանց համար է դառնում իրագործելի: Այս առումով Հայաստանի հնարավորությունները հենց Եվրամիության հետ են:

ԵՏՄ-ն հնարավոր չէ ոչ մի դասակարգմամբ զարգացած տնտեսական գոտի համարել, և այդտեղ, առավել ևս Հայաստանի նման երկրի համար, որևէ հեռանկար չկա: ԵՏՄ-ն տնտեսական ու ազդեցության գոտի կարելի է համարել Ռուսաստանի համար, որը փորձում է գոնե այդ տարածքում իրացնել իր ոչ մրցունակ արտադրանքը, որովհետև նա չի կարող ապահովել բարձր ստանդարտներ: Հայաստանն այդ տարածքում, ցածր ստանդարտներ ապահովելով, երբեք չի կարող ստեղծել զարգացած տնտեսություն: Հայաստանի միակ ելքը բարձր ստանդարտներով ապրանքների արտադրությունն է և զարգացած շուկաները: Օբյեկտիվորեն Հայաստանի ճակատագիրը կապված է Եվրամիության հետ, հնարավոր է՝ մենք չունենայինք այդ շանսը, բայց պատմությունը տվել է այդ շանսը: 

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

14.05.2016

Աղբյուրը` «Լրագիր»