Խնդիրը թիկունքում է… Այսօր մեր ունեցած տնտեսական կառավարմամբ մենք չենք կարող գոյություն ունեցող մարտահրավերներին դիմագրավել: Իսկ դիվանագիտությունը նաև պետական կառավարման հետևանք է և ածանցյալ: Այս որակի պետական կառավարմամբ, մենք չենք կարող հարցեր լուծել:

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը «Անալիտիկ» ակումբում ասուլիսի ժամանակ ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը «Անալիտիկ» ակումբում ասուլիսի ժամանակ

Մեր ունեցած տնտեսական կառավարմամբ չենք կարող գոյություն ունեցող մարտահրավերներին դիմագրավել. Ռուբեն Մեհրաբյան 

 

Այսօր՝ ապրիլի 15-ին, «Անալիտիկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը հայտարարեց, որ Իլհամ Ալիևը, ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը կտրուկ սրելով, նպատակ ուներ փոխել իր երկրում գոյություն ունեցող հասարակական տրամադրությունները: Այդ կերպ նա ցանկանում էր շեղել մարդկանց ուշադրությունը, խուսափել այն հարցերից, թե որտեղից իր ազգականներին նման քանակությամբ կարողություն և ուր են կորել նավթից ստացած միլիարդները. «Ես էլ չեմ խոսում կոռուպցիայի մակարդակի մասին: Այսպիսի դեպքերում բռնապետերը նախընտրում են թշնամու կերպար ստեղծել, իսկ այս դեպքում միակ տարբերակը հենց հայերն են: Ադրբեջանական իշխանությունները չեն հրաժարվել իրենց պլաններից, հետևաբար, չեմ բացառում, որ նոր ոտնձգություն կլինի: Ավելին՝ նորը կարող է ավելի լայնամասշտաբ լինել»:

Ամեն դեպքում փորձագետի կարծիքով մի բան հաստատ փոխվել է: Խոսքը վերաբերում է Ադրբեջանի խոստումների նկատմամբ միջազգային հանրությանը: Մեհրաբյանը կարծիք հայտնեց, որ այլևս ոչ ոք չի հավատում, թե Լեռնային Ղարաբաղի համար Ադրբեջանի կազմում կարող է անվտանգ լինել.

«Բաքուն չի հոգնում և անընդհատ կրկնում է, որ Լեռնային Ղարաբաղին ադրբեջանական իշխանությունները կտան անվտանգության երաշխիքներ, սակայն հենց միայն Թալիշի բնակչության նկատմամբ կատարված վայրագությունները, որոնք, ի դեպ, 1915 թվականի Հայոց Ցեղասպանության կրկնությունը կարծես լինեն և Հաագայի դատարանում հայտնվելու հնարավորություններ ունեն, բավարար են ադրբեջանական խոստումներին չհավատալու համար: Ակնհայտ է, որ միջազգային հանրության վերաբերմունքում փոփոխություն կա: Խոսքերիս ապացույցը կարող են լինել Եվրախորհրդարանի մեծ թվով պատգամավորների ելույթները, որոնցում Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու և այդ կերպ հակամարտությանը վերջ տալու կոչեր կային: Որոշներն էլ ասացին, որ հակամարտության կարգավորման համար բանակցություններին Արցախի մասնակցությունը պարտադիր է»:

Ինչ վերաբերում է մեր դիվանագիտությանը, ապա այն քննադատության չի դիմանում. «Մենք ֆունկցիոնալ առումով դիվանագիտություն չունենք, դրա փոխարեն ունենք հիմար, որ զբաղվում է ամեն ինչով, բացի դիվանագիտությունից»: Այն դիտարկմանը, որ դիվանագետները կարող են հարցեր լուծել, եթե պետությունն ուժեղ լինի, Մեհրաբյանն ասաց, որ մեր խնդիրը միանշնական առաջնագիծը չէ, քանի որ առաջնագծում հայ զինվորի քաջության շնորհիվ մեր արժանապատվությունն էլ, պետական դրոշն էլ, անվտանգությունն էլ, գտան իրենց պաշտպանությունը. «Խնդիրը թիկունքում է… Այսօր մեր ունեցած տնտեսական կառավարմամբ մենք չենք կարող գոյություն ունեցող մարտահրավերներին դիմագրավել: Իսկ դիվանագիտությունը նաև պետական կառավարման հետևանք է և ածանցյալ: Այս որակի պետական կառավարմամբ, մենք չենք կարող հարցեր լուծել: Այսօր հասարակության քննարկման առարկան չպետք է լինի, թե քանի տանկ ոչնչացվեց կամ ական պայթեց, հասարակությունը պետք է պահանջատեր լինի պետական կառավարման որակը բարձրացնելու հարցում: Դա հնարավոր է, եթե հաշվի առնենք այն ոգին, որը ձևավորվեց վերջին դեպքերի ընթացքում: Այսօր մեր հասարակությունը պետք է հասնի այն բանին, որ երկիրն ունենա այդ նույն հասարակությանը հաշվետու իշխանություն: Մարդիկ պետք է հասկանան, որ իշխանություններին վարձել են հենց իրենց ծառայելու համար և պետք է պահնջատեր լինեն: Բացի դրանից, պետք է լինի բիզնեսի և քաղաքականության հստակ տարանջատում, իրական պայքար կոռուպցիայի դեմ, քանի որ այդ նույն կոռուպցիոներն ուտում է այն միջոցները, որոնք փրկելու են մեր զինվորների կյանքը, այսինքն նման մարդիկ առնետներ են, որոնց հետ նույնիսկ նույն սենյակում գտնվել պետք չէ: Այ սա է բերելու հզորության, հզորության այլ չափանիշ չկա: Պետք չէ երկրի չափերի կամ բնակչության սահմանափակ թվի մասին խոսել, որպես օրինակ կարող եք հիշել Իսրայելի օրինակը»:

15.05.2016

Աղբյուրը` «Անալիտիկ»

 

Մեզ վերաբերում են թշնամաբար կամ որպես գրպանի մանրադրամ, նրանց կոչում ենք դաշնակից. Ռուբեն Մեհրաբյան 

 

Այսօր՝ ապրիլի 15-ին, «Անալիտիկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ Ալիևը ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը սրեց դրսից ինչ-որ ուժի հրահրմամբ, փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ մարտական գործողությունները սկսվեցին այն ժամանակ, երբ Իլհամ Ալիևը դեռ օդում էր և Միացյալ Նահանգներից վերադառնում էր հարազատ Ադրբեջան.

«Բանն այն է, որ ԱՄՆ-ում Ալիևին էներգետիկ ոլորտում լուրջ առաջարկներ էին արել, սակայն այդ բազմամիլիոնանոց պայմանագրերի համար նրանից պահանջել էին երաշխիքներ, որ տարածաշրջանում պատերազմ չի լինի: Իրականում, սա շատ տրամաբանական պահանջ է, որը, սակայն, իսկական ցայտնոտի մեջ էր գցել Ալիև կրտսերին: Դրանից հետո նրանից պահանջել են ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկները՝ կապված շփման գծում մոնիթորինգի նոր միջազգային մեխանիզմի և զինադադարի հնարավոր խախտումների հետաքննության միջազգային մեխանիզմների ներդրման հետ, ինչից Ալիևը անընդհատ փախչում է»: Այս առաջարկներից հետո, փորձագետի խոսքերով, Ալիևը հասկացել է, որ վերջին շանսն ունի.

«Ընդ որում, Ռուսաստանին ևս այդ մեխանիզմների ներդրումը ձեռնտու չէ, քանի որ Մոսկվան, չնայած դեմ է լայնամասշտաբ պատերազմին, սակայն դեմ է նաև խաղաղությանը, քանի որ ցանկանում է կառավարելի անկայություն ունենալ, ինչի շնորհիվ կկարողանա ազդել երկու կողմերի վրա: Ընդ որում, Ռուսաստանը ցանկանում է, որ այդ անկայանության վահանակը լինի իր ձեռքում, ինչի շնորհիվ դրանից կկարողանա օգտվել այն ժամանակ, երբ ցանկանա, սա ռուսական քաղաքականությունն է: Այստեղ Ալիևի և Պուտինի պետրոկրատյան շահերը համընկան թե ժամանակի, թե տարածության առումով, և տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ: Ռուսներն Ալիևին ժամանակ էին տվել իր սև գործն անելու համար, ինչը վերջինիս չհաջողվեց անել հայ զինվորի շնորհիվ: Իսկ դրանից հետո, երբ գործընթացը դարձավ անկառավարելի և երբ տեղի ունեցավ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հեռախոսազանգը, Մոսկվայում հանդիպման հրավիրվեցին Հայաստանի և Ադրբեջանի ԶՈւ շտաբերի պետերը և հայտարարվեց զինադադարի մասին»,-ասաց Մեհրաբյանը՝ մեջբերելով ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքերը, որ հանդիպման առաջարկը, Մոսկվայի ներկայացմամբ, եղել է ադրբեջանական կողմից և այն ժամանակ, երբ հայկական կողմը, լիկվիդացնելով հակառակորդի հարվածը, ետ էր բերել կորցրածը: Լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչու է փորձագետը կարծում, որ նոր ոտնձգությունը լինելու է ավելի լայնամասշտաբ՝ վերջինս ասաց, որ տեղի ունեցած մարտական գործողություններն իրենց մեջ մի շատ կարևոր տարր էին պարունակում, խոսքը վերաբերում է «հետախուզություն մարտով» մեթոդին. «Ադրբեջանական կողմը ցանկանում էր հասկանալ, թե որքանով է ինքը ուժեղ և ինչի է ունակ հայկական բանակը: Իհարկե, հայկական կողմը ենթադրություններ արեց, սակայն նման եզրահանգումներ արեցին հաստատ նաև ադրբեջանցիները, որոնք հաջորդ անգամ իրենց նպատակին հասնելու ավելի մեծ ուժեր են ներգրավելու, սակայն դա դժվար թե լինի տեսանելի ապագայում: Բացի դրանից, մի մոռացեք այն թեզը, որ պատերազմը քաղաքականության շարունակությունն է բռնի միջոցներով, իսկ եթե նման պատերազմների բերող քաղաքականությունը չի փոխվում, պետք է նոր փուլի սպասել: Այդ ընթացքում մենք մեր թիկունքի հարցը պետք է լուծենք»:

Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, թե Հայաստանը, որքան էլ հզորանա, չի կարողանա դիմագրավել Թուրքիային և Ադրբեջանին՝ փորձագետն ասաց, որ միջպետական դիմակայությունները ձեռնամարտ չեն, որտեղ քաշային տաբերությունն իր դերակատարումն ունի.«Ի վերջո ինչի համար է դիվանագիտությունը: Հենց դիվանագիտության միջոցով մենք պետք է կարողանանք ունենալ հնարավորինս շատ բարեկամներ և չեզոքացնել մեր թշնամիների բոլոր մտահաղացումները:

Դրա փոխարեն մենք տեսնում ենք, թե ինչում է կայանում մեր դիվանագիտությունը՝ նրանք, ովքեր մեզ վերաբերում են թշնամաբար կամ որպես գրպանի մանրադրամ, նրանց կոչում ենք դաշնակից, իսկ նրանք, ովքեր կարող էին դառնալ մեր բարեկամները, մեր կողմից անուշադրության են արժանանում: Մենք ունենք չորս հարևան, որոնցից երկուսի հետ լրջագույն խնդիրներ ունենք, և ունենք երկու այլ հարևան, որոնցից ինքներս ենք մեկուսանում: Վրաստանի դեպքում մեկուսանում ենք ԵՏՄ-ով, իսկ Իրանի դեպքում՝ ռուսներով: Այսօր Իրանը մտածում է, թե ինչ ճանապարհով իր հզոր ներուժը դուրս հանի, իսկ մենք ոչինչ չենք անում: Հայ-իրանական հարաբերությունների միակ խնդիրը հայ-ռուսական հարաբերություններն են, և այսքանից հետո մեր դիվանագիտության պատասխանատուները դեռ խոսում են»:

15.05.2016

Աղբյուրը` «Անալիտիկ»