Հայաստանը պետք է վերագնահատման ենթարկի ամեն ինչ: Հայաստանում կյանքը բաժանվում էր, չէ՞, խորհրդային եւ հետխորհրդային ժամանակաշրջանի: Այդպես էլ նոր թվարկությունը, քաղաքական իմաստով, սկսվում է ապրիլի 1-ից: Եւ հնարավոր չէ մինչապրիլյան թմբիրի մեջ շարունակել ապրել:

Ռուբեն Մեհրաբյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Ռուբեն Մեհրաբյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

«Ասպարեզի» զրուցակիցը քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն է:

-Հունիսի 2-ին Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը կհանդիպի ԵԱՀԿ համանախագահների հետ, ինչը կհաջորդի Ադրբեջանի արտգործնախարարի՝ համանախագահների հանդիպմանը: Ի՞նչ ակնկալիքներ կարող է  ունենալ հայկական կողմը այս հանդիպումներից:

-Այս ամենը  վկայում է այն մասին, որ գործընթացը, որը սկսվեց Վիեննայի հանդիպմամբ, շարունակական է լինելու եւ Վիեննայում ուրվագծված հարցի տրամաբանության շրջանակներում այն շարունակվելու է, դրա հետ կապված կա համաձայնություն Մինսկի խմբի համանախագահ երկրների միջեւ: Մասնավորապես, խոսքը մոնիթորինգի մեխանիզմների, Կասպրշիկի առաքելության ընդլայնման եւ մանդատի ուժեղացման մասին տրված համաձայնությունների մասին է: Գոնե այս պահին խնդիր է դրված ամրապնդելու ձեռքբերված  պայմանավորվածությունը հրադադարի մասին:

-Ստացվում է՝ Վիեննայում կայացած եւ առաջիկայում կայանալիք հանդիպումներով վերսկսո՞ւմ են բանակցությունները:

-Սա գործընթաց է, որը տանում է բանակցությունների վերսկսման:

-Քաղաքական շատ ուժեր պնդում են, որ հայկական կողմը նմանատիպ ոչ մի հանդիպման չպետք է մասնակցեր՝ առանց Լեռնային Ղարաբաղի՝ բանակցային կողմ դառնալու նախապայմանի առաջքաշման:

-Բանակցությունների ընդառաջ եւս մի բան տեղի ունեցավ Վիեննայում, որ կողմերը վերահաստատեցին իրենց հավատարմությունը 1994-95թթ  հրադադարի եւ հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին համաձայնագրերին: Չմոռանանք, որ դրանք երկուսն էլ եռակողմ են: Հետեւապես, դրանք հիմք են նախապատրաստում, որ Լեռնային Ղարաբաղը վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ: Սակայն միջազգային հանրության հետ խոսել նախապայմանների լեզվով՝ ես իրատեսական քայլ չեմ համարում, որովհետեւ նախապայմաններով խոսելը չի բխում մեր շահերից, եւ երկրորդը՝ մենք այդ ռեսուրսը չունենք, որ միջազգային հանրության հետ խոսենք նախապայմանների լեզվով:

-Նման նախապայմանի առաջքաշումը մեզ համար ի՞նչ հետեւանքներ կարող էր ունենալ:

-Ադրբեջանն հնարավորություն կստանար իր ոչ կառուցողական դիրքորոշման բոլոր  պատճառները բարդել հայկական կողմի վրա:

-Սերժ Սարգսյանը միայն Վիեննայում կայացած հանդիպումից հետո հայտարարեց  800 հա կորցված տարածքների մասին: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ հենց այդ ժամանակ հայտարարեց:

-Սա նպատակ ուներ նաեւ որոշակիորեն գույքագրում կատարել, թե քաղաքական ուժերից որոնք են իշխանությանը օպպոնենտ լինելու այս հարցում: Պարզ է, որ որոշ քաղաքական ուժեր ընդդիմանալու էին:

-Ինչո՞վ էին պայմանավորված մեր քաղաքական ուժերի, հատկապես ընդդիմության «չընդդիմացող» արձագանքները այս հարցի հետ կապված:

-Այո, դա մեր՝ պատերազմում կրած կորուստն է, ինչպես որ հարյուր զոհերի կորուստն է մեզ համար: Անկախ նրանից՝ դու շահում ես, թե չես շահում, պատերազմը նախեւառաջ կորուստ է: Ի վերջո պատերազմն ինչո՞վ ավարտվեց: Ոչ թե 800 հա-ով, այլ Ադրբեջանը ինքը սկսեց պատերազմը, որպեսզի սկզբունքորեն փոխի ստատուս քվոն:  Հայկական կողմը այդ պատերազմում մասնակցություն ունեցավ, որպեսզի Ադրբեջանին դա թույլ չտա: Արդյունքն այն է, որ Ադրբեջանը չկարողացավ իր խնդիրը կատարել:

- Այն, որ հիմա չի խոսվում նշված տարածքները վերադարձնելու մասին, սրանից ի՞նչ եզրահանգումներ պետք է անել:  Միգուցե մեզ նախապատրաստում են որոշակի տարածքների զիջումների պայմանով խնդրի կարգավորմա՞նը:

-Մենք ստորագրել ենք համաձայնագիր կրակի դադարեցման մասին, եւ այդ պայմանագիրը խախտելու քաղաքական գինն այսօր շատ բարձր է: Մենք պետք է գիտակցենք սա: Ես մի քիչ լավ չեմ պատկերացնում՝ թե դժգոհող մարդիկ ինչ են առաջարկում:

-Ժիրայր Սեֆիլյանը, օրինակ, առաջարկում է գնալ եւ հետ վերցնել այդ տարածքները:

-Դա նշանակում է համաձայնագրի խախտում: Ի վերջո պետք է կռիվը պատերազմից զանազանել: Կռիվը կռիվ է, իսկ պատերազմը՝ քաղաքականության շարունակություն:

-Այսինքն՝ ապրիլյան պատերազմը մեր քաղաքականության եւ դիվանագիտությա՞ն  շարունակություն ու հետեւանքն էր:

-Այո, հետեւանք էր: Նախեւառաջ, դա Ռոբերտ Քոչարյանի հանցագործ քաղաքականության արդյունքն էր, որ Ղարաբաղին դուրս բերեց բանակցություններից: Եւ Հայաստանի այսօրվա խնդիրն է Ռոբերտ Քոչարյանի հանցագործությունների հետեւանքների վերացումը:

Երկրորդը, միակողմանիորեն Հայաստանը կախվածության մեջ ընկավ Ռուսաստանից: Դա  բերեց նրան, որ Հայաստանը Ռուսաստանի գրպանում հայտնվեց, եւ Ռուսաստանը կարողացավ բոլոր լծակները ձեռք բերելով՝ մանիպուլյացիայի ենթարկել ամբողջ տարածաշրջանը: Իսկ մենք շարունակում ենք Ռուսաստանը համարել մեզ համար «անվտանգության երաշխավոր եւ դաշնակից»:

-Ապրիլյան պատերազմը մեզ մի քանի անակնկալի առջեւ կանգնեցրեց. նախ՝ պարզվեց, որ մեր զենք-զինամթերքն այնքան էլ ժամանակակից ու հագեցված չէ, ինչպես նախկինում էին վստահեցնում, երկրորդը՝  Կազանի փաստաթուղթն ի հայտ եկավ, ապա Ռուսաստանից ունեցած ակնկալիքները չարդարացան… Էլ ինչի՞  պետք է սպասենք հիմա:

-Դրանք բխում էին պարզ տրամաբանությունից, որ այդպես էլ պետք է լիներ, որովհետեւ հայկական կողմը մինչ այժմ գույքագրում չի արել, թե ովքեր են մեր իրական դաշնակիցներն ու իրական հակառակորդները:

-Միգուցե ճի՞շտ չի արել:

-Չի արել, որովհետեւ այսօր մի շտամպ է գործում, որ Ռուսաստանը մեր դաշնակիցն է: Ո՛չ եւ ո՛չ: Ռուսաստանն այսօր մեր հակառակորդն է եւ մեր պետականության թիվ մեկ մարտահրավերն ու սպառնալիքը: Եւ դա վկայում ռուսական ամբողջ քաղաքակնությունը, որը վարել են՝ սկսած գոնե 1999թ-ից:

Հայաստանը պետք է վերագնահատման ենթարկի ամեն ինչ: Հայաստանում կյանքը բաժանվում էր, չէ՞, խորհրդային եւ հետխորհրդային ժամանակաշրջանի: Այդպես էլ նոր թվարկությունը, քաղաքական իմաստով, սկսվում է ապրիլի 1-ից: Եւ հնարավոր չէ մինչապրիլյան թմբիրի մեջ շարունակել ապրել:

-Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ ռազմական փոխօգության պայմանագիրը, ինչպես նշեց Էդվարդ Նալբանդյանը, դեռ մշակման փուլում է: Արդյոք սա արհեստականորն ձգձգելու միտում չի՞ պարունակում:

-Ես կարծում եմ, սա այն հարցն է, որը պետք է օր առաջա լուծվի եւ ստորագրվի: Ի վերջո, Լեռնային Ղարաբաղի անվտանգության միանգամայն լեգիտիմ երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է: Ինչ վերաբերում է մշակման գործընթացին, ապա այնտեղ մշակելու բան չկա, մի քանի ժամվա գործ է:

Տաթեւիկ Սարգսյան

28.05.2016

Աղբյուրը` «Ասպարեզ»