Այլեւս անհնար է զինվորին հասցեագրված գովասանքի խոսքերով փորձել քողարկել սեփական անգործունակությունը, ոչ կոմպետենտությունը, ագահությունը, գավառամտությունը, քաղաքական կամ ուղղակի կենցաղային տգիտությունը կամ էլ շարունակել մինչապրիլյան անպատասխանատու վարվելակերպը: Իսկ պատմությունը դասեր է տալիս՝ նույնիսկ նրանց, ովքեր սովորել չեն սիրում, կամ իրենց թվում է, թե ամեն ինչ գիտեն: 

ՌԴ արտաքին գործերի նախարար Ս.Լավրովը Զվարթնոց օդանավակայում լուսանկարում է Արարատ լեռը ՌԴ արտաքին գործերի նախարար Ս.Լավրովը Զվարթնոց օդանավակայում լուսանկարում է Արարատ լեռը

Նախքան Ղարաբաղը՝ ճշտեք Հայաստանի կարգավիճակը

Չերչիլն ասում էր, որ քաղաքական գործիչները մտածում են հաջորդ ընտրությունների մասին, այնինչ պետական գործիչները՝ հաջորդ սերունդների: Երբ Հայաստանի պաշտոնյաները խոսում են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին՝ նկատի ունենալով նրա անկախության ճանաչումը, ապա ծագում է մի տհաճ հարց. իսկ դուք տեղյա՞կ եք Հայաստանի Հանրապետության կարգավիճակի մասին, թե՞ առջեւում ավելի «կարեւոր» հարց կա՝ ընտրությունները, եւ մի բան պետք է ասեք, կամ` բան է, ասում եք:

Ռուս-ադրբեջանական դիվերսիան ընդդեմ Արցախի տապալվեց, քառօրյա պատերազմն իրավիճակ փոխեց: Իսկ որքանո՞վ է դա ընկալվել իշխանության եւ քաղաքական դաշտի կողմից: Բոլորը խոսում են, որ Արցախի անկախության ճանաչումը միջազգային հանրության կողմից այլընտրանք չունի, եւ Հայաստանը Վիեննայում սկսված բանակցային գործընթացում պետք է հասնի դրան: Ներողություն, ո՞վ: Հայաստա՞նը: Դո՞ւք: Հայաստանը՝ հանձինս ձե՞զ: Դուք անկախության ճանաչման հասնո՞ղ եք, պարոնա՛յք:

Նախ, մինչ Ղարաբաղի կարգավիճակի հարցին «մոտենալը»՝ կողքներդ նայեք. իսկ մենք, դուք՝ անկա՞խ ենք: Իրո՞ք: Ճշտե՞լ եք մեր կարգավիճակը: Եվ դա ԼՂՀ անկախությանը հասնողի կարգավիճա՞կ է: Մի քանի սկզբունքային եւ փոխկապակցված հանգամանքներ տալիս են դրա միանշանակ պատասխանը՝ ո՛չ: Ռուսաստանի «դաշնակից» համարվող Հայաստանը չի կարող հասնել ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման: Ավելին՝ այդպիսի Հայաստանին շատ պարզ կբացատրեն, որ նաեւ՝ «ձեզ չի՛ հասնում»:

Նախ, «դարավոր բարեկամ» Ռուսաստանի կարգավիճակի մասին: Մեծ յոթյակի՝ Ճապոնիայում կայացած գագաթնաժողովը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ մերօրյա Ռուսաստանի միջազգային մեկուսացումը դարձել է միջազգային հարաբերությունների անկյունաքարը, եւ աշխարհի գլխավոր ազատական-ժողովրդավարական երկրներն ունեն այդ հարցում լիակատար կոնսենսուս. Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները ոչ միայն չեն հանվելու, այլեւ ուժեղացվելու են հարկ եղած դեպքում՝ ասված է գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագրում: «Հիմա տեսեք, թե Չինաստանի հետ ինչեր ենք անելու» տիպի կիսելյովյան հեքիաթներն, իհարկե, իրականության հետ կապ չունեն. ԱՄՆ գլխավոր տնտեսական գործընկեր Չինաստանը բազմաթիվ առիթներով պատկառելի հեռավորություն պահելով՝ ցույց է տվել, թե ինչպես է վերաբերվում Մոսկվայի ագրեսիվ քաղաքականությանը: Եվ եթե գործը հասավ բանկային համակարգը սահմանափակող պատժամիջոցներին, ինչի հավանականությունը փոքր չէ, ապա միջազգային ֆինանսական համակարգին լիովին ինտեգրված Չինաստանն իրեն այդ ամենից պահելու է արդեն թնդանոթի կրակոցի հեռավորության վրա:

Բացի դրանից, ՆԱՏՕ-ի՝ արդեն թվով 29 դարձած անդամ-երկրները նույնպես ունեն կոնսենսուս. Ռուսաստանի նկատմամբ տարվելու է զսպման քաղաքականություն: Սառը պատերազմից հետո Արեւմուտքին վրա հասած թմբիրը ցրվում է առավոտյան մառախուղի պես, եւ Բալթյան երկրների ու Լեհաստանի կոչով Ռուսաստանի արեւմտյան սահմաններին տեղակայվում է գերարագ արձագանքման՝ ցամաքային զորքերի 4000-անոց խմբավորում, եւ դա միայն սկիզբն է, իսկ պատմականորեն չեզոք Շվեդիայի խորհրդարանն ընդունել է պատմական որոշում ՆԱՏՕ-ի զորքերի մուտքը երկիր թույլ տալու վերաբերյալ: Այսքանը բավական է՝ պատկերացնելու համար, թե ինչ համբավ եւ կարգավիճակ է ձեռք բերել Ուկրաինայում եւ Սիրիայում փակուղու մեջ հայտնված Ռուսաստանը:

Եվ ահա այսպիսի սուբյեկտին մեզ «դաշնակից» համարողների մոտ մենք հայցում ենք Լեռնային Ղարաբաղի համար անկախություն եւ իրավունքների ճանաչում: Մի՞թե սա զավեշտալի չէ: Ավելին՝ մենք ոչ միայն «դաշնակից» ենք, այլեւ, ինչպես Էդվարդ Նալբանդյանն է ասում, ստանձնել ենք «պարտավորություններ ԵՏՄ շրջանակներում», ինչը նշանակում է, որ մենք ոչ թե Մեծ յոթյակի, այլ նրա հակառակորդի հետ ենք: Բացի դրանից, շրջափակված երկիր լինելով՝ սրանով մենք միմիայն սահմանափակում ենք մեր հարեւաններ Վրաստանի եւ Իրանի հետ հարաբերությունները՝ վերածելով մեր սահմանը, փաստորեն, ռուս-վրացական եւ ռուս-իրանական սահմանի: Իսկ երկրորդի պարագայում նույնիսկ ռուս սահմանապահ ենք կանգնեցրել: Եվ ինչպես «Զվարթնոց» օդանավակայանում, այստեղ եւս գրեթե ոչ ոք քաղաքական դաշտում գոնե հռետորական հարց չի տալիս. մեր ի՞նչն եք այդտեղ «պաշտպանում» եւ որպես ի՞նչ եք այդտեղ կանգնել: Իսկ հաշվե՞լ եք՝ քանի՞ «800 հեկտար» ենք այստեղ տվել Ալիեւին զենք տրամադրող ռուսներին: Եվ Հայաստանի ինքնիշխանությունից քանի՞ «հեկտար» է այս ամենի արդյունքում մնացել: Թե՞ այս հարցը քաղաքական դիվիդենդներ չի բերում, կամ սա «համախմբվելու» թեմա չէ: Թե՞ «ասել» են, որ նման հարցեր չտաք:

Եվ հետո՝ ի՞նչ եղավ այդ ԵՏՄ-ն՝ իր 170-միլիոնանոց շուկայի բարիքներով: Որքա՞ն դեռ պիտի «սպասենք» տնտեսական «հրաշքին»: Մենաշնորհների դեմ պայքարի մասին հեռուն գնացող հայտարարություններ անող կառավարությունը որքա՞ն է հանդուրժելու ռուսական պետական ընկերություններ «Գազպրոմի» եւ «Ռոսնեֆտի» կեղեքիչ մենաշնորհը Հայաստանում: Թ՞ե դրանք «բարեկամական» մենաշնորհներ են, ձեռք տալ չի կարելի, շատ էլ թե կազմակերպված հանցավոր խմբավորումներին վայել համբավ են ձեռք բերել… ընդամենը կարդացեք համաշխարհային առաջատար մամուլը:

Մեր իսկ ձեռքով սահմանափակելով մեր հնարավորությունները թե՛ ներսում, թե՛ դրսում՝ դեռ ուրիշից էլ բա՞ն ենք ուզում: Այսպիսի «ուղեբեռը» գրկած, կոռուպցիան էլ՝ վերադիր, եւ սեփական ինքնիշխանությունից ձեռք քաշած քաղաքական վերնախավով մենք ինչ-որ բանի՞ ենք հավակնում քաղաքակիրթ աշխարհում: Ո՞րն ասես:

Այլեւս անհնար է զինվորին հասցեագրված գովասանքի խոսքերով փորձել քողարկել սեփական անգործունակությունը, ոչ կոմպետենտությունը, ագահությունը, գավառամտությունը, քաղաքական կամ ուղղակի կենցաղային տգիտությունը կամ էլ շարունակել մինչապրիլյան անպատասխանատու վարվելակերպը: Իսկ պատմությունը դասեր է տալիս՝ նույնիսկ նրանց, ովքեր սովորել չեն սիրում, կամ իրենց թվում է, թե ամեն ինչ գիտեն: Իսկ այդ դեպքում այդ «ուսուցիչը» ձեռքը վերցնում է երկար եւ ծանր փայտը…

31.05.2016

Աղբյուրը` «Առավոտ»