Հայաստանում պետք է փորձեն իրականացնել կառուցվածքային քաղաքականություն, որը շատ առումով կնպաստի հենց տնտեսական մրցակցության խրախուսմանը: Այսինքն՝ լավագույն պայմաններ ստեղծել մրցակցության համար: Մրցակցությունն ինքը ենթադրում է հենց ճիշտ ու արդյունավետ իշխանության վերաբաշխում:

Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Lragir.am-ի հարցերին պատասխանում է տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը

Պարոն Եղիազարյան, մենաշնորհների դեմ կառավարության պայքարի ծրագիրը կարծես հետաքրքիր ընթաց է ստանում: Արդեն խոսք է գնում որոշ ոլորտների օրենքով մենաշնորհներ տալու մասին: Ի՞նչ վիճակում է Հայաստանի տնտեսությունն այս առումով և ինչի՞ կարող է հանգեցնել օրենքով մենաշնորհներ տալը:

Տնտեսությունում մենաշնորհների խնդիրը սերտորեն կապված է տնտեսական իշխանության հիմնախնդրի հետ: Տնտեսական սուբյեկտներն ունեն երկու տեսակի հակվածություն՝ մաքսիմալացնել իրենց շահույթը և շուկայում ունենալ իշխանություն, որը թույլ կտա մաքսիմալացնել շահույթը: Դա պայմանավորված է այն միտումով, որ սովորաբար տարերային տնտեսական կյանքում տեղի է ունենում կապիտալի համակենտրոնացում: Ըստ այդմ ստացվում է, որ որոշակի սուբյեկտներ դառնում են իշխող ու ուժեղ, իսկ մյուսները՝ ենթակա: Այսինքն՝ նրանց փոխհարաբերություններն ավելի շատ դառնում են իշխանության բնույթի, քան դրամական բնույթի փոխհարաբերություններ: Ըստ այդմ, ուժեղը կարողանում է թելադրել խաղի իր կանոնները: Բայց այս խնդիրն, իհարկե, զարգացած երկրները լուծել են: Սա խնդիր է, որը միշտ օբյեկտիվորեն կա, բայց դա չի նշանակում, որ անլուծելի խնդիր է: Լուծել են այս խնդիրը տնտեսական իշխանության համակարգի կազմակերպման դերի ու վերահսկման միջոցով: Այսինքն՝ այդ իշխանությունը պետք է վերահսկելի լինի: Ըստ այդմ, առաջանում է անհրաժեշտ հասարակական տնտեսական կարգ, որտեղ տեղի է ունենում այդ իշխանության վերաբաշխում: Ընդ որում, իշխանության վերաբաշխումը տեղի է ունենում այնպես, որպեսզի խթանվեն, մոտիվացվեն տնտեսության նոր, ավելի զարգացած ուղղությունները, որպեսզի առաջընթաց ապահովվի: Իսկ ավելի պարզ կառուցվածք ունեցող տնտեսություններում չկա այն շերտը, այն սեփականատերերի միջին, բազմաքանակ շերտը, որը զարգացած տնտեսություններում առկա է և  վերահսկում է ավելի խոշորին:

Պարզ տնտեսություն ունեցող երկրներում այդ շերտը չկա, և այստեղ էապես մեծանում է պետության դերը, որը պետք է փորձի ստեղծել տնտեսական իշխանության կազմակերպման համապատասխան արդյունավետ համակարգը: Տվյալ դեպքում մենք հիմա Հայաստանում ունենք որոշակի սուբյեկտներ, որոնք ունեն չափից ավելի տնտեսական իշխանություն: Դրա շնորհիվ նրանք ստանում են գերշահույթներ: Դրանք իշխող են և ընդ որում դրանք այն ճյուղերում են, որոնք բնորոշ չեն զարգացած տնտեսությանը և առաջընթաց չեն կարողանում ապահովել: Տվյալ դեպքում դոփում են տեղում: Տնտեսական գործակալները, որոնք օժտված են ավելցուկային իշխանությամբ, ստանում են ռենտային եկամուտ, որը և Հայաստանում ստեղծված տնտեսական և քաղաքական համակարգի ամբողջ իմաստն է։ Իշխանության ռենտան կարևոր հանգամանք է այդ մոդելի հասկացման և պահպանման համար, և ընդհակառակը՝ ռենտայի վերացումը դրա փոփոխությանն ուղղված առաջին քայլն է։ Տնտեսական ռեսուրսներն ուղղվում են գործունեության անարդյունավետ ոլորտներ, ինչի արդյունքում ստեղծվում է տնտեսական իշխանության համակարգի անարդյունավետ հավասարակշռություն։ Տնտեսական իշխանության ստեղծված համակարգը բացասաբար է ազդում Հայաստանի սոցիալ-տնտեսական համակարգի զարգացման վրա։

Ձևավորված տնտեսական համակարգը չի նպաստում որևէ ընդհանուր պետական նպատակի իրագործմանը, այլ միտված է տնտեսական սուբյեկտների օգուտների աճին։ Արդյունքում՝ ստեղծվել է տնտեսական իշխանության համակարգի անարդյունավետ հավասարակշռություն, որի համար բնութագրական են տնտեսության պարզունակ կառուցվածքը, կախվածությունը արտաքին ֆինանսական աղբյուրներից, ձևախեղված ֆիսկալ համակարգը։ Բոլոր այս գործոնների ընդհանրությունը չի կարող ապահովել երկարաժամկետ և կայուն զարգացում և խոցելի է դարձնում Հայաստանի տնտեսական ու քաղաքական համակարգը։

Ստեղծված անարդյունավետ հավասարակշռության խախտման համար հարկավոր է փոխել տնտեսական իշխանության կազմակերպական համակարգը։ Խնդիրը հիմա մեր պայմաններում հետևյալն է՝ ինչպե՞ս խրախուսել ավելի արդյունավետ ճյուղերի զարգացումը, նոր սուբյեկտների ստեղծումը և ինչպես այդ ավելցուկ իշխանությունը վերցնել այդ սուբյեկտներից և ամբողջ տնտեսական համակարգի գործունեությունն ուղղել ավելի հանրօգուտ նպատակներ: Երբ որ սուբյեկտներին թողնում ես իրենք իրենցով, նրանք ընդամենը ձգտում են մաքսիմալացնել իրենց շահույթը՝ առանց հաշվի առնելու, թե որն է հանրության նպատակը: Դրա համար պետք է ուղղեն դեպի հանրօգուտ ուղղություն, իսկ դա արվում է համապատասխան տնտեսական համակարգի ստեղծման միջոցով:

Եթե կոնկրետ խոսենք շաքարավազի ոլորտին օրենքով մենաշնորհներ տալուց, ինչի մասին խոսվեց, և նաև խոսք կա նորարարությունների ոլորտի մենաշնորհի մասին, ապա պետք է ասեմ հետևյալը: Զարգացած երկրներում էլ, երբ որ առաջանում է նորարարություն, ինքնին դա մենաշնորհ է, նոր երևույթ է: Ավելին ասեմ, քանի որ այն նպաստում է առաջընթացին և պետք է ստեղծի համապատասխան մոտիվացիա՝ նորամուծություններ անելու համար, նա պաշտպանվում է նույնիսկ պետության կողմից, դա խրախուսվում է, բայց ինչ-որ ժամանակով: Ինչ-որ ժամանակ, բնականաբար, այս ոլորտը ստանում է նաև գերշահույթներ: Եթե խոսքը վերաբերում է կոնկրետ շաքարավազի ոլորտին, ես չեմ կարծում, որ դրանք համեմատելի են: Նորամուծությունների առումով դա ճիշտ է, բայց շարքարավազի մենաշնորհն ինձ համար անհասկանալի է: Ի՞նչ է նշանակում օրենքով մենաշնորհ տալ: Դրա հիմնավորվածությունը չկա տվյալ դեպքում: Դա վտանագավոր է, պետք չէ այդպես անել: Ուրիշ բան, որ փաստացի մենաշնորհ է, բայց ամրագրել դա օրենքով՝ առանց հիմնավորվածության ու առանց նպատակի, ո՞րն է դրա հանօգուտ նպատակը:

Եվ ստացվում է, որ չնայած խոստումներին, ապագայում էլ քայլերն ուղղվելու են կոնկրետ անձանց շահերի՞ն և ոչ թե տնտեսության զարգացմանը:

Դա չի նպաստում անհրաժեշտ հասարարական ու տնտեսական կարգի ստեղծմանը: Պետության նպատակը պետք է լինի այդ իշխանությայն վերաբաշխումը, այնպիսի վերաբաշխումը սուբյեկտների միջև, որը կառաջացնի զարգացման համար մոտիվացիա և ոչ թե կամրապնդի եղած իրավիճակը, երբ սուբյեկտներն ունեն գերիշխանություն, ավելցուկային իշխանություն: Իսկ այդ ավելցուկային իշխանությունն ընդամենն օգտագործվում է շահույթները մաքսիմալացնելու նպատակով: Հակառակը, պետք է ստեղծել պայմաններ, որպեսզի այդ ավելցուկային իշխանությունը ճնշվի, պետք է իշխանություն տալ այն սուբյեկտներին, որոնք դրա կարիքն ունեն: Այսինքն՝ տնտեսական իշխանությունը պարզապես պետք է ճիշտ վերաբաշխել:

Այսինքն՝ ստացվում է, որ և շաքարավազի, և նմանօրինակ ոլորտներին օրենքով մենաշնորհներ տալը կվտանգի տնտեսության զարգացումը: Հատկապես ներմուծման մասով մենաշնորհներ տալը ինչի՞ կհանգեցնի:

Ես չեմ կարծում, որ ընդհանրապես ներմուծման հետ կապված մենաշնորհ պետք է տալ: Դրա նպատակը անհասկանալի է: Բնական է, որ կարող է մեկ սուբյեկտ լինել ներկրողը, հիմնավորվի, որ շուկան փոքր է և այլն, դա այլ խնդիր է: Այդ պարագայում, հակառակը, պետք է պայմաններ ստեղծել, որպեսզի այլ ներկրողներն էլ դրա հնարավորությունն ունենան: Բայց ստեղծել օրենք, որ պետք է օրինականացնել մենաշնորհը, դրա իմաստը չեմ հասկանում: Այսպես թե այնպես, Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, եթե նպատակը գների վերահսկումն է, ունի համապատասխան գործառույթներ, որ կարող է իրականացնել նման վերահսկողություն: Դա պետք է աշխատեցնել ընդամենը: Մենաշնորհները կան, և դա բնական է նորամուծությունների ոլորտում, բայց այդ երևույթը մեր նման երկրի համար հատկանշական չէ: Դա զարգացած երկրների համար է՝ Ամերիկա, Ճապոնիա, Եվրոպա:

Հայաստանում պետք է փորձեն իրականացնել կառուցվածքային քաղաքականություն, որը շատ առումով կնպաստի հենց տնտեսական մրցակցության խրախուսմանը: Այսինքն՝ լավագույն պայմաններ ստեղծել մրցակցության համար: Մրցակցությունն ինքը ենթադրում է հենց ճիշտ ու արդյունավետ իշխանության վերաբաշխում: Իշխանությունը որոշ սահմանափակ թվով սուբյեկտների ձեռքում կենտրոնացնելը նշանակում է կենտրոնացնել նաև քաղաքական իշխանությունը, իսկ դա չի կարող լինել լավ որակի: 

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

01.06.2016

Աղբյուրը` «Լրագիր»