Հայաստանի տնտեսությունը շատ պարզ կառուցվածք ունի: Բայց միաժամանակ Հայաստանի տնտեսական զարգացումը ենթադրում է տնտեսության ճյուղային զարգացման դիվերսիֆիկացում, բազմազանեցում, իսկ այդ ամենը կախված է նրանից, թե Հայաստանն ինչքանով կարող է իր արտահանման պոտենցիալը զարգացնել: 

Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանի կարծիքով՝ ոչ մի հայտարարություն, մենաշնորհների դեմ պայքարելու հետ կապված ոչ մի քայլ Հայաստանում հնարավոր չէ առանց որոշակի հստակ խաղի կանոնների փոփոխության:

«Հայաստանը, լինելով ԵՏՄ անդամ, ըստ էության, սահմանափակել է իրեն մենաշնորհների դեմ պայքարում ինքնուրույն քաղաքականություն ունենալու հնարավորությունից, որովհետև ԵՏՄ-ն ենթադրում է նաև ընդհանուր մրցակցային քաղաքականության իրականացում: Ըստ էության` նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովը` որպես ներազգային մարմին, զբաղվում է այդ շուկաներում մրցակցային ընդհանուր կանոնները պահպանելու և վերահսկելու հարցով»,- NewsBook-ի հետ զրույցում ասաց տնտեսագետը՝ հավելելով, որ նույնիսկ Ռուսաստանը, Ղազախստանը և Բելոռուսն այս առումով իրենց մրցակցային և հակամենաշնորհային օրենսդրությունները բավականաչափ ներդաշնակեցրել են ԵՏՄ-ին:

«Բացի այդ, ինչքանով որ տեղյակ եմ, կա հակամենաշնորհային մոդելային օրենք, որը փորձում են ԵՏՄ բոլոր անդամ երկրներին առաջարկել, որ ընդունեն: Եթե այս գործընթացը ԵՏՄ շրջանակներում շարունակվի, ապա Հայաստանի կախվածությունն էլ ավելի կմեծանա, իսկ հնարավորություններն արդյունավետ հակամենաշնորհային քաղաքականություն իրականացնելու հարցում կսահմանափակվեն»,- շեշտեց տնտեսագետը:

Նրա խոսքով՝ Հայաստանի տնտեսությունը բավականաչափ մենաշնորհված է և դա նաև Հայաստանի տնտեսության կառուցվածքի հետևանք է:

«Հայաստանի տնտեսությունը շատ պարզ կառուցվածք ունի: Բայց միաժամանակ Հայաստանի տնտեսական զարգացումը ենթադրում է տնտեսության ճյուղային զարգացման դիվերսիֆիկացում, բազմազանեցում, իսկ այդ ամենը կախված է նրանից, թե Հայաստանն ինչքանով կարող է իր արտահանման պոտենցիալը զարգացնել: Դա էլ իրենցից ենթադրում է նոր սուբյեկտների, նոր ճյուղերի առաջացում, դրանք ինքնին կձևավորի սեփականատերերի խավ, որն ի վիճակի կլինի վերահսկել և նվազեցնել այսօրվա դրությամբ իշխող տնտեսվարող սուբյեկտների իշխանությունը: Այսինքն՝ տեղի կունենա տնտեսական իշխանության վերաբաշխում, ավելի դեմոկրատ պայմաններ կստեղծվեն: Այդպիսի պայմաններում ավելի արդյունավետ են դառնում հնարավորություններն՝ իրականացնելու արդյունավետ հակամենաշնորհային քաղաքականություն»,- ասաց տնտեսագետը՝ հավելելով, որ եթե Հայաստանը որդեգրի Եվրաինտեգրման ավելի խորը կուրս՝ Հայաստանի համար խաղի կանոնները կփոխվեն, այդ թվում նաև մրցակցային բնագավառում:

«Միայն այսպիսի պայմաններում է հնարավոր իրականացնել արդյունավետ մրցակցային քաղաքականություն, իսկ ներկա պայմաններում, որն ըստ էության` ենթադրում է մեկուսացում, չեմ կարծում, որ հակամենաշնորհային միջոցառումները, նույնիսկ ցանկության դեպքում կարող են ապահովել դրական արդյունքներ, որովհետև մենք արդեն խաղում ենք այլ կանոններով»,- նկատեց Աշոտ Եղիազարյանը:

Հարցին` հաշվի առնելով, որ շուկայում մենաշնորհային դիրք ուենցող հայտնի ապրանքների բիզնեսները մի քանի ՀՀԿ-ականների են պատկանում, այս պարագայում ընտրություններից առաջ կպայքարե՞ն նրանց դեմ, տնտեսագետն ասաց, որ խնդիրը նրանում է, որ մենք ունենք տնտեսական իշխանության այսպիսի համակարգ, որտեղ սուբյեկտները շատ քիչ են և, ըստ էության, նաև այդ սուբյեկտները մենաշնորհ են և տիրապետում են իշխանությանը:

«Ինքնին քաղաքական համակարգը հարմարեցված է դրան: Մեկը մյուսի հետ կապված են, և եթե դու ազատականացնում ես տնտեսությունը, քաղաքական համակարգն էլ ազատականացվում է, կամ հակառակը՝ քաղաքական համակարգն ազատականացվում է ու հանգեցնում տնտեսության ազատականացմանը: Խնդիրը նրանում է, որ մեր տնտեսությունը շատ պարզունակ կառուցվածք ունի, և ազատականացման համար այս միջավայրը նպաստավոր չէ: Իսկ այդ վիճակը կարող է լուծվել միայն այն դեպքում, երբ պետությունը կամ քաղաքական որևէ շերտ հասկանա պահի լրջությունն ու պատասխանավտություն վերցնի այդ ռեֆորմներն իրականացնելու»:

Իսկ հարցին, թե ամեն դեպքում, կգնա՞ն նման քայլի, կպայքարե՞ն ՀՀԿ-ականների մենաշնորհային բիզնեսների դեմ, թե՝ ոչ, պատասխանեց. «Ամեն դեպքում պատմությունը ցույց է տալիս, որ 100-ից 10-ի դեպքում լինում են այդպիսի քայլեր: Մեծ մասում, իհարկե, չի ստացվում, դրա համար էլ այդ երկրները մնում են հետամնացների շարքում: Մեր դեպքում՝ իրավական պարտավորությունների և Եվրաինտեգրման կուրսի խորացման պարագայում, ԵՄ-ի աջակցությամբ մենք կարող ենք իրականացնել փոփոխություններ: Առանց դրա ոչ մի փոփոխություն չեմ պատկերացնում»:

03.06.2016

Աղբյուրը ` Newsbook.am