Բայց ԵՏՄ պայմաններում ես կարծում եմ, որ Հայաստանի կողմից ինքնուրույն մրցակցային քաղաքականության իրականացումը շատ սահմանափակված է, եթե չասենք՝ անհնար, քանզի ԵՏՄ համաձայնագրի դրույթներով է կարգավորվում հակամենաշնորհային քաղաքականությունը այդ ամբողջ տնտեսական միության տարածքում:

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ դոկտոր Աշոտ Եղիազարյանը «Առաջին լրատվական»-ի տաղավարում ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ դոկտոր Աշոտ Եղիազարյանը «Առաջին լրատվական»-ի տաղավարում

Տնտեսագիտության դոկտոր Աշոտ Եղիազարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ կառավարության հայտարարած՝ կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարին՝ նկատեց. «Իհարկե, ֆորմալ առումով Հայաստանում չկա մենաշնորհ, բայց մենաշնորհն ընկալվում է որպես շուկայում շատ մեծ իշխանություն ունեցող սուբյեկտի առկայություն, որը թելադրում է խաղի իր կանոնները»:

Տնտեսագետը այս առումով առանձնացրեց երեք հարց՝ անհրաժե՞շտ է իրականացնել հակամենաշնորհային կամ մրցակցային քաղաքականություն, ԵՏՄ շրջանակներում հնարավո՞ր է իրականացնել այդ քաղաքականությունը, և երրորդ՝ ինչպիսի՞ պայմաններում է հնարավոր իրականացնել այդ քաղաքականությունը:

Առաջին հարցի վերաբերյալ մեր զրուցակցի դիրքորոշումը միանշանակ է՝ իհարկե, պետք է իրականացնել մրցակցային քաղաքականություն. «Բայց ԵՏՄ պայմաններում ես կարծում եմ, որ Հայաստանի կողմից ինքնուրույն մրցակցային քաղաքականության իրականացումը շատ սահմանափակված է, եթե չասենք՝ անհնար, քանզի ԵՏՄ համաձայնագրի դրույթներով է կարգավորվում հակամենաշնորհային քաղաքականությունը այդ ամբողջ տնտեսական միության տարածքում»:

Նրա խոսքով՝ հակամենաշնորհային արդյունավետ քաղաքականությունը հնարավոր է միջազգային ավելի գլոբալ հարաբերություններում, իսկ «ԵՏՄ տարածքում ինքնին կան արդեն մենաշնորհներ, որոնք էլ ավելի գերիշխող դիրք կգրավեն էս տարածքում: Այսինքն՝ մենք գործ կունենանք ավելի խոշոր մենաշնորհների՝ օլիգոպոլ շուկաների հետ»:

Ինչպես նկատեց մեր զրուցակիցը, հակամենաշնորհային քաղաքականությունը պետք է համաձայնեցնել տնտեսական քաղաքականության հետ. «Մեր ապագան կապված է ոչ թե ԵՏՄ-ի, այլ արտահանման ապագա ունեցող ճյուղերի զարգացման հետ, ինչն էլ սերտորեն կապված է Եվրամիության հետ: Այսինքն՝ այդ քաղաքականությունը կարող է արդյունավետ լինել, եթե մենք հարաբերություններ զարգացնենք ԵՄ-ի հետ»:

Ինչ վերաբերում է ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու խնդրին, Աշոտ Եղիազարյանը կարծում է. «Քանի որ ԵՏՄ 5 անդամ պետություններից 4-ը ԱՀԿ անդամներ են, ինչը նշանակում է մաքսադրույքների իջեցման հետ կապված պարտավորություններ, հրաժարում հովանավորչական քաղաքականությունից, ուստի դա նշանակում է Մաքսային միության ավարտ: Կարծում եմ՝ Մոսկվայում ևս հասկանում են, որ ԵՏՄ-ի ապագան այնքան էլ փայլուն չէ: Այսինքն՝ ԵՏՄ-ից մնացել է քաղաքական պրոյեկտը, որը սահմանափակում է մեր ինքնուրույնությունը: Ուրեմն անհրաժեշտ է հայտարարել, որ այդ պարտավորություններն այլևս ավարտված են Հայաստանի համար և դուրս գալ այդ միությունից»:

Աշոտ Եղազարյանը անպատկերացնելի է համարում Հայաստանի առաջիկա տարիների զարգացումը առանց ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի:

Անդրադառնալով շաքարի մենաշնորհը օրենքով ամրագրելու մասին էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի հայտարարությանը՝ Աշոտ Եղիազարյանը նկատեց. «Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մեր օլիգոպոլիաները կարծես թե մտավախություն ունեն, որ ԵՏՄ տարածքում ինչ-որ մեկը իրենց տեղը զբաղեցնելու է, և ուզում են փաստորեն օրենքով պաշտպանվել: Ասենք՝ շաքարի մենաշնորհով կարող է զբաղվել ինչ-որ ռուս պաշտոնյա»:

Մանրամասները տեսանյութում.

03.06.2016

Աղբյուրը` «Առաջին լրատվական-www.1in.am»