Եթե մենք հիշենք Իրանի և Վեցնյակի բանակցությունները, ապա կտեսնենք, որ Արևմուտքը լավ պրակտիկա ունի, և այն ուժերը, որոնք կարող են խանգարել գործարքին, իրենց կարող են դարձնել մասնակից այդ գործարքին: Կարծում եմ՝ Ռուսաստանի գործունեությունն այս ամենում բարձրացնում է ՌԴ-ի համար այն քաղաքական գինը, որով նա սեփական գործունեությամբ է զբաղվում կոնֆլիկտային տարածքներում:

Ռուբեն Մեհրաբյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Ռուբեն Մեհրաբյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

NewsBook-ի զրուցակիցն է Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

- Պարո՛ն Մեհրաբյան, Կրեմլի տեսակետը պաշտպանող ռուս քաղաքագետներից մեկն՝ Ալեքսանդր Դուգինը, ԼՂՀ հիմնահարցի կարգավորման հետ կապված ՀՀ-ի տարբերակը մաքսիմալիստական է որակել: Նրա կարծիքով՝ Ադրբեջանին պետք է վերադարձվեն ԼՂՀ 5 շրջաններն՝ առանց ԼՂՀ անկախության ճանաչման: Նախագահների եռակողմ հանդիպումից առաջ նման հայտարարություն անելն ինչի՞ մասին է խոսում և արդյո՞ք այս տեսակետը ՌԴ-ի պաշտոնական տեսակետին մոտ է:

- Ամենաքիչը, որ կցանկանայի անել, Դուգինի խոսքերը մեկնաբանելն է, ես կխոսեմ իրաղություններից: Հայաստանը որևէ պարտավորություն չի ստանձնել, իսկ թե ի՞նչ են ցանկանում անել դուգինները կամ դուգինների ղեկավարներն, իրենց խնդիրն է: Հայկական կողմը կարող է Ադրբեջանի հետաքրքիր հարցադրումներին առարկայական պատասխանել կամ մասնակցել այդ քննարկումներին միայն մի բանից հետո, այն է, որ պետք է ԼՂՀ-ն դառնա բանակցությունների լիիրավ կողմ և ԼՂՀ անկախությունը պետք է ճանաչվի: Հստակ է, որ եթե ԼՂՀ հարցն ունի լուծում, իսկ ես համոզված եմ, որ ունի, դա «Կոսովյան տարբերակն» է, պետք է քաջ գիտակցել, որ այս տարբերակի թիվ մեկ թշնամին Ռուսաստանն ու Ադրբեջանն են, իսկ թե Դուգինը կիսաարբած վիճակում ինչեր է խոսում, միայն այս կամ այն չափով կարող է արտացոլել այս իրողությունը: Ինչ վերաբերում է նրան, թե ինչ են ցանկանում, որ ՀՀ-ն հանձնի կամ չհանձնի, ասեմ, որ ռուսների մոտ ընդունված է նման դեպքերում նրանց համապատասխան վայր ուղարկել, հիմա թող այդ վայրը գնա նաև Դուգինը:

- Երեկ Սանկտ Պետերբուրգում կայացավ Պուտին-Սարգսյան-Ալիև հանդիպումը, որից հետո հայտարարվեց, թե հավատարիմ են մնում Վիեննայում կայացած հայ-ադրբեջանական գագաթնաժողովի պայմանավորվածություններին: Սա նշանակում է, որ արդիական է սահմանին հետաքննական մեխանիզմների ներդրումը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի լիազորությունների ընդլայնումը:

- Վիեննայի պայմանավորվածություններին հավատարիմ մնալու հայտարարությունը, ցավոք սրտի, միայն դեկլարատիվ բնույթ է կրում, գոնե Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումից հետո արված հայտարարության տեքստում այլ բան նկատելի չէր: Վիեննայում պայմանավորվել էին, որ մինչ հունիսյան հանդիպումը կոնկրետ մեխանզիմների տեսքով պետք է պայմանավորվածությունները հաստատված լինեին, իսկ ընթացքում պետք է աշխատանքային խումբն աշխատեր: Մենք տեսանք, որ չկա կոնկրետությունը, և աշխատանքային խմբերը չաշխատեցին, ինչպես նաև Վիեննայի պայմավորվածությունների հավատարմության դրսևորումները չեն երևում:

- Ի՞նչ է` գործընթացը դոփում է նույն տեղում, թե՞ մեզ համար ակնառու քայլ չկա և ներքին պայմանավորվածությունների հիման վրա է գործընթացը շարունակվում:

- Ակնառուն այն է, որ այս հանդիպումը կոչված էր նրան, որպեսզի բավարարի ռուսական կայսրական հորը, ինչն իրենց հանգիստ չէր տալիս: Միտված էր ԼՂՀ հակամարտության մեջ ՌԴ-ին ավելի առանձին լինելու դերը շեշտելուն, ինչը դուրս է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունից, պայմանավորվածություն կա, որ Մինսկի խմբի աշխատանքներին զուգահեռ նման ձևաչափով հանդիպումները շարունակվեն: Սա այն է, ինչի մասին միշտ երազել են Մոսկվան ու Բաքուն: Այս ֆոնի վրա ցավալին այն է, որ ՀՀ-ն նույնպես մասնակցում է այս գործընթացին, որովհետև ՀՀ-ում այլ ղեկավարության պայմաններում կրկեսին մենք որևէ մասնակցություն չէինք ունենա, ուշադրություն էլ չէինք դարձնի: Սրանից հետո էլ դուգինները հայկական կողմի պահանջները համարում են մաքսիմալիստական, և եթե ՀՀ-ն այսպես շարունակի և գործի դարավոր բարեկամություն կոչված փիլիսոփայությունից ելնելով, ապա պարզ է, թե այս ամենն ուր կարող է տանել:

- Ո՞ւր կարող է տանել: Ի՞նչ է` հայաստանյան իշխանությունները տեղի կտա՞ն տարածքների վերադարձման պահանջին:

- Չեմ կարծում: Նախկին իշխանությունների մասով էլ մշտապես ասել են նման բան, բայց տեղի տալ այս պահանջին, կարծում եմ՝ չի լինի: Քանի դեռ ԼՂՀ անկախությունը ճանաչված չէ որևէ զիջման մասին խոսելը նշանակում է, որ մենք զիջում ենք մեր անվտանգությունը: Զիջող իշխանությունը դառնում է ինքնասպան, այնպես որ այս տարական բանը հասկանում է նաև իշխանությունը: Նրանք կարող են շատ բան զիջել և զիջել են բաներ, որոնք չէր կարելի զիջել, բայց այս հարցում չեն զիջի:

- Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման ժամանակ բոլոր կողմերը թիրախավորեցին սահմանում հարբերական անդորր լինելու իրողությունը: Այս անդորրը կպահպանվի՞, թե՞ մենք էլի ականատես կլինենք ապրիլյան ռազմական գործողություններին մոտ գործողությունների:

- Կարող եմ ասել, որ այս հանդիպմամբ պատերազմի վտանգը չեզոքացված չէ, և կա վիճակ, որ կար ապրիլից առաջ: Սակայն պետք է շեշտել, որ հիմա ստեղծվել են իրողություններ, որոնք էապես բարձրացնում են պատերազմի սանձազերծման քաղաքական գինը, բայց այդ գինը դեռ չի հասել անընդունելի մակարդակի: Հայկական կողմի հիմնական խնդիրը սա է և դա կարող է ձեռք բերվել Վիեննայում պայմանավորված մեխանզիմների ներդրմամբ, սակայն մենք տեսնում ենք, որ չի արվում: Ռուսական կողմը շահագրգռված է եղել, որ այդ մեխանիզմները չներգրավվեն, և հարաբերական անդորրը պահպանվի ռուսական ազնիվ խոսքի հիման վրա, այլ ոչ թե այդ մեխանիզմների ներդրմամբ: Այդ մեխանիզմները կզրկեն ՌԴ-ին էական լծակից, որը հնարավորություն է տալիս պատերազմի վերսկսման շանտաժ անել: Բացի այս, եթե պատերազմի վերսկսման մեխազնիմները նվազում են, ապա Ադրբեջանի շարժառիթները՝ ՌԴ-ից աննորմալ քանակի զենք գնելու, կնվազեն:

- Ստացվում է, որ ՌԴ-ն է արգելում կամ խանգարում Ադրբեջանին, որ նա հավատարիմ մնա Վիեննայի պայմանավորվածություններին:

- Ոչ, քանի որ Ադրբեջանն ինքն էլ չի ցանկանում, որովհետև եթե Ադրբեջանը զրկվի պատերազմ սանձահարելու մեխանիզմից, ապա Ալիևի ռեժիմը կզրկվի գաղափարական հենարանից՝ պետության ներսում: Ադրբեջանին ոչ ոք չի կարող սատարել իր գաղափարներում, եթե նա չունենա շատ կարևոր հովանավոր՝ հանձինս ՌԴ-ի: Սա հարց է, որտեղ Ալիևի և Պուտինի ռեժիմների տեսակետները մեկին մեկ համընկնում են, իսկ դեպի տարածաշրջան Պուտինին քարշ է տալիս առաջին հերթին Ալիևը:

- Վիեննայի հանդիպումից հետո ադրբեջանական կողմը բացահայտ հայտարարեց, թե չի կատարի պայմանավորվածությունները, սակայն որոշ ժամանակ անց մեղմեց տեսակետը և սկսեցին խոսել, թե պատրաստ են քննարկման: Սա չի խոսում այն մասին, որ Ադրբեջանի վրա ճնշում է եղել:

- Ադրբեջանի տեսակետը մեղմացվեց Ջոզեֆ Բայդենի` Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ հեռախոսային զանգից հետո: Իհարկե, որոշակի ճնշում եղել է, իսկ ռուսները չեն ցանկանում, որ այդ հարցում Ադրբեջանի վրա ճնշում լինի: Հայաստանն, այս կապիկությանը մասնակցելով, ջուր է լցնում ռուս-ադրբեջանական ջրաղացին:

- Այսինքն՝ Արևմուտքը շահագրգռվա՞ծ է ԼՂՀ խնդրի կարգավորմամբ:

- Այո, Արևմուտքը շահագրգռված է, իսկ ՌԴ-ն՝ ոչ, քանի որ ԼՂՀ հիմնահարցի կարգավորումից 2 օր հետո Ռուսաստանն այստեղ անելիք չի ունենա: Տեսականորեն պատկերացնենք, որ ԼՂՀ խնդիրը կարգավորված է և կհասկանանք, որ ՌԴ-ն իր այժմյան ներկայացվածությամբ անելիք չի ունենա:

- Ինչո՞ւ սկզբում ԵԱՀԿ-ն հայտարարեց, որ որևէ մասնակցություն չի ունենա եռակողմ հանդիպման կազմակերպման հետ, բայց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն, ի վերջո, մասնակցեց:

- ՌԴ-ն, լինելով Մինսկի խմբի անդամ, խախտեց պայմանավորվածությունն` այս հանդիպումը կազմակերպելով, խախտեց նաև կոնֆլիկտի կարգավորման գործընթացում կողմերի մասնակցությունը: Հանդիպումը եղավ ադրբեջանական կողմի ցանկությամբ, իսկ հայերին շանտաժ արեցին, շանտաժն էլ Ադրբեջանին զենք մատակարարելն էր: ԵԱՀԿ-ի Արևմտյան մասը ձեռքերը լվաց այս ամենից, բայց հետո որոշեցին չթողնել Պուտինին միայնակ և որոշեցին տաք հետքերով ընթանալ առաջ: Դատելով իրենց ռակցիայից՝ այնպես են փորձում ներկայացնել, թե գործընթացն ընթանում է դրական հունով, բայց իրականում ՌԴ-ն վերցրեց և փչացրեց Վիեննայում ձեռքբերված կարգավորման հնարավորությունները:

- Ի վերջո, հանդիպումների ժամանակ ո՞րն է խոսակցությունների հիմքը, ինչի՞ շուրջ են բանակցում՝ Մադրիդյան կամ Կազանյան փաստաթղթի շուրջ:

- Խոսում են այն ամենի շուրջ, ինչի մասին մինչ այս խոսել են: Կարծում եմ՝ հիմա խոսքը գնում է խնդրի իրական լուծման մասին: Նախևառաջ պետք է ճանաչվի ԼՂՀ անկախությունը և 2-րդ՝ ԼՂՀ-ի և Ադրբեջանի սահմանների ճշգրտման շրջանակում կարող են ունենալ հարցերի քննարկումներ, որոնք նաև կհետաքրքրեն Ադրբեջանին, այլ տարբերակ չկա: Ըստ իս՝ այժմ խոսքը գնում է ոչ թե համապարփակ հարցերի մասին, այլ ավելի կարճաժամկետ և գործնական հարցերի վերաբերյալ լուծման մասին, հատկապես խաղաղության պահմանման մասով:

- Կարո՞ղ է լինել իրավիճակ, որ Արևմուտքը ստիպի ՌԴ-ին կարգավորել ԼՂՀ խնդիրը:

- Եթե մենք հիշենք Իրանի և Վեցնյակի բանակցությունները, ապա կտեսնենք, որ Արևմուտքը լավ պրակտիկա ունի, և այն ուժերը, որոնք կարող են խանգարել գործարքին, իրենց կարող են դարձնել մասնակից այդ գործարքին: Կարծում եմ՝ Ռուսաստանի գործունեությունն այս ամենում բարձրացնում է ՌԴ-ի համար այն քաղաքական գինը, որով նա սեփական գործունեությամբ է զբաղվում կոնֆլիկտային տարածքներում:  

Հարցազրույցը՝ Անի Արամի

21.06.2016

Աղբյուրը ` «Newsbook.am»