ԵՏՄ տարածքում իրականացվող հակամենաշնորհային պայքարը, բնականաբար պետք է բխի այդ տարածքի ավելի ուժեղ երկրի տնտեսության շահերից, այսինքն` Ռուսաստանի շահերից։  Այդպիսի պայմաններում հակամենաշնորհային քաղաքականության իրականացումը հնարավոր չէ, ընդհակառակը հնարավոր է, որ մենք ունենանք կախվածություն այլ երկրների, կոնկրետ Ռուսաստանի մենաշնորհներից, եւ այդ կախվածությունը  հետագայում ավելի կմեծանա։

Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

«ՉԻ» զրուցակիցն է տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը։

 

- Պարոն Եղիազարյան, հարկային եկամուտների գծով բյուջեի թերակատարումը կազմել է մոտ 7 տոկոս։ Ինչի՞ մասին է դա խոսում։

- Այդ հանգամանքը խոսում է այն մասին, որ տնտեսական աճը նվազում է, բնականաբար, բյուջեի հավաքվող մուտքերն էլ կրճատվում են։ Դա հիմնականում  պայմանավորված է  Հայաստանի ընդհանուր տնտեսական վիճակով։

- Հարկային օրենսգրքի մասին  բազմաթիվ քննադատություններ են հնչում, դրանցից մեկը  փոքր եւ միջին բիզնեսի մասին մտահոգությունն է։ Որքանո՞վ  են թիրախային այս օղակները։

- Նշեմ, որ տնտեսությունը գրավիչ չէ  ներդրումների առումով եւ այդպիսին է վիճակը  ընդհանրապես ԵՏՄ տարածքում, առավել եւս` Հայաստանում։ Հայաստանը ունի տնտեսության ճյուղային կառուցվածքի կատարելագործման եւ արտահանման ինտենսիվացման խնդիրներ, որոնք  ստեղծված իրավիճակում դարձել են անլուծելի։ Այդ ընդհանուր բացասական միջավայրը,  ի վերջո, ազդում է նաեւ փոքր եւ միջին ձեռնարկությունների գործունեության վրա եւ անբարենպաստ պայմաններ ստեղծում բիզնեսի համար, ինչն էլ   իր հերթին բացասաբար է անդրադառնում  երկամտային մուտքերի վրա։

- Իշխանությունները փորձում են դրամը կայունացնել, սակայն իրականում այն գնալով արժեզրկվում է, նկատի ունենալով այն հանգամանքը, որ ապրանքներն են թանկանում։ Տնտեսության անկումը պայմանավորվա՞ծ է վերոնշյալ հանգամանքով։

- Պետք է ասեմ, որ տնտեսության զարգացման առումով նկատելի է հակառակ երեւույթը, ինչպես նաեւ նկատելի է սպառման նվազում։ Խնդիրն այն է, որ Արժույթի միջազգային հիմնադրամը վերջերս ներկայացրել էր ցուցանիշներ, ըստ որոնց  Հայաստանի ՀՆԱ-ն անցյալ տարվա ցուցանիշներով ոչ թե աճել, այլ նվազել է։  Դոլարային արտահայտությամբ արձանագրվել է ոչ թե տնտեսական աճ, այլ տնտեսական անկում։ Դա նշանակում է, որ, այո, ինչ-որ տեղ դրամը արհեստականորեն արժեզրկված է։ ՀՆԱ-ի արձանագրած անկումը հենց դա է փաստում։ Այսինքն, ներդրումների առումով միջավայրը շահեկան չէ։

- Իսկ կարելի՞ է զուգահեռներ տանել շատացող վարկերի ու մեծացող հարկերի միջեւ։ Այսինքն, որքան պետությունը վարկեր շատ է վերցնում, դրան զուգահեռ էլ  հարկե՞րն են շատանում։

- Խնդիրն այն է, որ ֆինանսական կայունության ապահովումը ենթադրում է համապատասխան հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականություն։ Երբ կան  բյուջեի կատարման ռիսկեր, այդ ժամանակ հակաբյուջետային քաղաքականությունը պետք է լինի շատ ավելի կոշտ։ Հայաստանը տարիներ շարունակ պարտքեր է վերցրել` մանավանդ վերջին տարիներին, իսկ քանի որ մեծանում է ընդհանուր պարտքային բեռը, դրան զուգահեռ մեծանում է նաեւ պարտքերի սպառման բեռը։ Այսինքն, ի վերջո պարտքերը մարվում են բյուջեի միջոցների հավաքագրման հաշվին։ Դա ինքնին պահանջում է, որ լրացուցիչ բյուջետային միջոցներ ունենանք եւ բավականին միջոցներ հատկացվեն պարտքերի սպասարկման համար։ Այդ լրացուցիչ բեռը, այսինքն ավելացող սպասարկման գումարները  պահանջում են, որ մենք  պետական բյուջե լրացուցիչ մուտքեր ունենանք։

- Եվ  այդ հանգամանքը փասատորեն ծանրանում է  շարքային քաղաքացու վրա՞։

- Դա կատարվում է հարկերի տեսքով, ինչն էլ ծանրանում է հարկատուների վրա։ Այլ խնդիր է, թե հարկային ծանրաբեռնվածությունը ինչպես է բախշվում։  Ընդհանուր առմամբ հարկային ծանրաբեռնվածությունը ավելանում է։ Ես չեմ կարծում, որ դրանից կարող են խուսափել նաեւ խոշորները։

- Նշեցիք խոշորներին։ Ի՞նչ արդյունավետություն կունենա մենաշնորհների դեմ սկսած պայքարը տնտեսության առումով։

- Ի դեպ, խոշոր բիզնեսը այլ հարց է։ Երբ Հայաստանը մտնում էր ԵՏՄ, խոշոր բիզնեսը որեւէ արձագանք չտվեց։ Իսկ հիմա, երբ հարկերը բարձրացվում են, խոշոր բիզնեսը կարծես թե փորձում է ընդդիմանալ դրան եւ այդ մոտեցումը  շատ ավելի անհասկանալի է։ Մենաշնորհների դեմ արդյունավետ պայքարը հնարավոր է ավելի բաց եւ ինտեգրված տնտեսության պարագայում։ Եթե տնտեսությունը ինքնին փակ է, շուկաները փակ են, եւ մենք ինտեգրված ենք ԵՏՄ-ին, որը ըստ էության ավելի փակ տարածություն է, այստեղ արդեն աշխատում են այլ օրինաչափություններ։ Մենաշնորհների դեմ պայքարը  կամ պետք է կոորդինացվի եւ  վավերացվի ենթադրյալ հակամենաշնորհային պայմանագրով, կամ  սա արդեն ինքնին նշանակում է, որ Հայաստանը ի վիճակի չէ իրականացնել ինքնուրույն հակամենաշնորհային քաղաքականություն։ Իսկ ԵՏՄ տարածքում իրականացվող հակամենաշնորհային պայքարը, բնականաբար պետք է բխի այդ տարածքի ավելի ուժեղ երկրի տնտեսության շահերից, այսինքն` Ռուսաստանի շահերից։  Այդպիսի պայմաններում հակամենաշնորհային քաղաքականության իրականացումը հնարավոր չէ, ընդհակառակը հնարավոր է, որ մենք ունենանք կախվածություն այլ երկրների, կոնկրետ Ռուսաստանի մենաշնորհներից, եւ այդ կախվածությունը  հետագայում ավելի կմեծանա։

22.06.2016

Աղբյուրը` «Չորրորդ Ինքնիշխանություն»