Մեր նման երկիրը, որը ելք չունի դեպի ծով, պետք է տրանսպորտային հաղորդակցությունը զարգացներ ծով ելք ունեցող երկրների հետ, որպեսզի թեթևացներ իր ելքը համաշխարհային շուկաներ: Դա չի արվել՝ պայմանավորված քաղաքական գործոններով:

Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Lragir.am-ի զրուցակիցն է տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը

Պարոն ԵղիազարյանՎերին Լարսի ճանապարհիժամանակավոր փակումը կաթվածահար արեց Հայաստանիարտահանման ոլորտըԻ՞նչ այլընտրանքային լուծումներպետք է գտնել՝ խուսափելու համար նմանօրինակիրավիճակներից:

Եթե այլընտրանքը վերաբերում է դեպի Ռուսաստան արտահանումներ կատարելուն, մենք ունենք հետևյալ այլընտրանքները: Առաջինը լաստանավային փոխադրումն է, բայց հաշվի առնելով փոխադրումների հիմնական ուղղությունները, քանակը և այլն՝ այդ ուղին մի քիչ ավելի ծախսատար է: Ժամանակին Փոթի-Պորտ Կովկաս լաստանավային անցումն ստեղծվեց այդ այլընտրանքի անվան տակ, որ ավելի լավ պետք է լիներ, բայց դա չարդարացրեց: Դա նաև շատ կապված էր Հայկական երկաթուղիների արդյունավետ աշխատանքի հետ, իսկ Հայկական երկաթուղիների վիճակը պարզապես ահավոր է: Մեր երկաթուղին մրցունակ չէ նույնիսկ ավտոմոբիլային տրանսպորտի համեմատ: Դրա համար արտահանողները նախընտրում են ավտոմոբիլային տրանսպորտը: Ռուսական կոնցեսիոներն ընդհանրապես ի վիճակի չէ կարճ հեռավորության վրա որակյալ ծառայություններ մատուցել: Նաև կիրառվող տեխնոլոգիաները, մենեջմենթն այնպիսին են, որ այն մրցունակ չէ: Լավ վիճակում չէ հենց Ռուսաստանի տարածքում ռուսական երկաթուղին:

Եթե խոսքը վերաբերում է Օսիայով նոր անցում ստեղծելուն, դա քաղաքական խնդիր է և այնպիսի հարց, որն ընդհանրապես Հայաստանից կախված չէ: Նույնը վերաբերում է Աբխազական երկաթուղուն: Դրանք ոչ ռեալ ու ոչ իրատեսական են: Նման վիճակում Հայաստանն, ըստ էության կախված լինելով Լարսից և կապելով իրեն այդ ուղղության՝ ռուսական շուկայի հետ, ժամանակի ընթացքում չզարգացնելով այլ տրանսպորտային միջանցք՝ Իրան-Հայաստան-Վրաստան, հայտնվում է որոշակի մեկուսացման ու շրջափակման մեջ: Դա կարող է նաև արտաքին խաղացողների, մասնավորապես, Ռուսաստանի համար Հայաստանի վրա ճնշումներ բանեցնելու առիթ լինել: Նախկինում Թուրքիան էր ասում՝ սահմանները կբացենք, եթե Արցախի հարցը լուծեք, նույն լոգիկայով հիմա Ռուսաստանը կարող է ասել՝ Ղարաբաղի հարցը բերեք լուծենք, բնականաբար Ադրբեջանի օգտին, մենք կազդենք Ադրբեջանի վրա ու ապաշրջափակում կանենք: Այսինքն՝ այս ամբողջ տարածաշրջանում հաղորդակցությունները պիտի աշխատեն այն սցենարով, ինչպես Ռուսաստանն է ուզում:

Տեսնելով, որ ամեն տարի հատկապես արտահանման համար թեժ սեզոնին այս ճանապարհը ժամանակավորապես փակվում է, կարո՞ղ ենք դրանում քաղաքական դրդապատճառ տեսնել:

Հաստատ չեմ կարող ասել՝ դա ընդամենը պայմանավորված է բնակլիմակայան գործոնով, սեզոնային բնույթ ունի, թե՞ այլ պատճառ կա: Բայց այսօր ստեղծված պայմաններում ոչինչ հնարավոր չէ բացառել:

Նմանօրինակ իրավիճակներում չհայտնվելու համար հայկական կողմն ի՞նչ աշխատանքներ պետք է տանի, որպեսզի միայն արտահանման այդ ուղղությունից  ու ռուսական շուկայից կախվածության մեջ չլինի երկիրը:

Հաղորդակցության ուղիները, տրանսպորտային ոլորտն ամբողջությամբ մենք կախվածության մեջ ենք դրել Ռուսաստանից: Նույնը վերաբերում է նաև ավիացիային: Մեր նման երկիրը, որը ելք չունի դեպի ծով, պետք է տրանսպորտային հաղորդակցությունը զարգացներ ծով ելք ունեցող երկրների հետ, որպեսզի թեթևացներ իր ելքը համաշխարհային շուկաներ: Դա չի արվել՝ պայմանավորված քաղաքական գործոններով: Այսինքն՝ Ռուսաստանը ցանկացած ուղղության հետ ցանկացած այլընտրանք իր ազդեցության տակ գտնվող երկրի պարագայում համարում է սպառնալիք իր անվտանգությանը: Դրա համար աշխարհատնտեսական տրանսպորտը, հաղորդակցության ուղիներն այն գործիքն են, որով երկիրը պահում են ազդեցության տակ: Ավիացիայի առումով Հայաստանն արել է առաջին քայլը, բայց չի արել հաջորդ քայլը: Առաջին քայլն այն է, երբ մենք հռչակել ենք «բաց երկնքի» քաղաքականություն: Դա ես համեմատում եմ առևտրի ոլորտի GSP+ համակարգի հետ: Հիմա մենք բացել ենք երկինքը, բայց դա ենթադրում է հաջորդ քայլը, պետք է պարզապես դուրս գալ նրա ազդեցության տարածքից, ում համար այլընտրանքը ձեռնտու չէ և մտնել մի տնտեսական գոտի ու տնտեսական տարածք, որտեղ այս բաց երկինքը ու GSP+-ը կաշխատեն արդյունավետ: Այսինքն՝ պետք է այնպես անել, որ և գործընկերները շահագրգռված կլինեն, և դու ստեղծես համապատասխան ներդրումային և գրավիչ միաջավայր: Եթե մենք հաջորդ քայլն անեինք ու ստորագրեինք նաև Եվրոպական ընդհանուր ավիացիոն գոտուն միանալու համաձայնագիրը, որի մասին վաղուց խոսվում է, մենք կունենայինք այլ վիճակ: Մեր օդային երթևեկությունը կունենար այլ տրամաբանություն, այլ ուղիներ՝ իր հետ ստեղծելով տնտեսական հոսքեր, ապրանքների շարժ: Դա ընդհանրապես այլ իրավիճակ է, քան այն, ինչն այսօր մենք ունենք: Բայց քանի որ այստեղ կա քաղաքական գործոնը, դրանով պայամանավորված՝ մենք այս ուղղություններում զարգացումներ չունենք:

Բայց ելքն այդ ճանապարհն է, այդ ճանապարհն ապահովում է համաշխարհային շուկայի, եվրոպական տնտեսական տարածքի հետ ինտերգրում և ընդհանրապես ստեղծում է հիմքեր տնտեսության զարգացման համար:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 

13.07.2016

Աղբյուրը` «Լրագիր»