Այսպիսով, կարծես, միջանկյալ խաչմերուկային գոտի է ստեղծվում: Ծով չունեցող Հայաստանը հայտնվում է շահեկան վիճակում, ինչն, անկասկած, դրական ազդեցություն կթողնի երկրի տնտեսության, շուկաների վերակողմնորոշման վրա:

Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Հայաստանը, Իրանը, Վրաստանը, Բուլղարիան և Հունաստանը մտադիր են տրանսպորտային միջանցք ստեղծել, որը Պարսից ծոցը կկապի Սև ծովին: Այս մասին հայտարարել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը, ով և հուլիսի 14-15-ին նախագծի շրջանակներում Սոֆիայում հանդիպելու է հիշյալ երկրների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ծրագրի մանրամասները:

Տնտեսական ի՞նչ օգուտներ կարող է բերել այս նախագիծը ՀՀ տնտեսությանը, ի՞նչ հեռանկարներ կարող է բացել տնտեսական զարգացման տեսանկյունից: Այս հարցերի շուրջ NewsBook-ի թղթակիցը զրուցեց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանի հետ:

Վերջինս նշեց, որ տրանսպորտային նման լայնամասշտաբ հաղորդակցությունն ինքնին ենթադրում է ապրանքների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժ: Տեղաշարժն իր հերթին կապում է երկրներն ու տարածաշրջանները՝ խթանելով ինտեգրացիոն նոր գործընթացների:

«Այս իմաստով տարածաշրջանային կապերը Հայաստանի համար շատ կարևոր են: Խոսքն, ըստ էության, Պարսից ծոցը Սև ծովին կապող ուղին յուրօրինակ ենթատարածաշրջանի մասին է, որը սերտորեն առնչվում է ԵՄ-ի, Իրանի և Մերձավոր Արևելքի տնտեսական տարածքների հետ: Այսպիսով, կարծես, միջանկյալ խաչմերուկային գոտի է ստեղծվում: Ծով չունեցող Հայաստանը հայտնվում է շահեկան վիճակում, ինչն, անկասկած, դրական ազդեցություն կթողնի երկրի տնտեսության, շուկաների վերակողմնորոշման վրա»,- նկատեց Աշոտ Եղիազարյանը:

Տնտեսագետի համոզմամբ՝ շատ կարևոր է, որ նախագծի շրջանակներում Հայաստանը գործակցելու է ինչպես աշխարհագրորեն իրեն մոտ գտնվող, այնպես էլ տնտեսապես զարգացած և մեծ ներուժ ունեցող երկրների հետ:

Իսկ ինչպե՞ս կարող է նախագծի կյանքի կոչմանն արձագանքել Ռուսաստանը, որին, փաստորեն, դրա հեղինակները մի տեսակ շրջանցում են, հարցրեցինք մեր զրուցակցին:

«Միանշանակ է, որ պաշտոնական Մոսկվայի վերաբերմունքը ցանկացած նման նախագծին պետք է բացասական լինի: Տարածաշրջանում հետխորհրդային երկրներին ինտեգրող ցանկացած ծրագիր ՌԴ-ն ընդունում է որպես իր ազդեցությանն ու անվտանգությանն ուղղված սպառնալիք: Այլ կերպ ասած՝ նա հասկանում է, որ նման ծրագրերը ձախողում են իր՝ տարածաշրջանային ազդեցության ամենաուժեղ օղակ լինելու մղումները»,- ամփոփեց Աշոտ Եղիազարյանը:

14.07.2016

Աղբյուրը ` «Նյուզբուք»