Առաջին հերթին, առանց Ռուսաստանի մասնակցության նոր ենթակառուցվածքի ստեղծում պետք է լինի, որով իրանական գազը Հայաստանից պետք է տեղափոխվի Վրաստան, իսկ հետո գուցե նաև՝ դեպի Եվրոպա:

Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Lragir.am-ի զրուցակիցն է տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը

Պարոն Եղիազարյան, Հայաստանը ստեղծեց պետական ընկերություն, որը պետք է գազ ներմուծի Իրանից, այնուհետև Հայաստանից տարանցիկ արտահանի այդ գազը դեպի Վրաստան: Այս փոփոխությունն ի՞նչ է նշանակում Հայաստանի համար:

Դա այսօր ընդամենը ցույց է տալիս, որ կա նման մտադրություն և կա արդեն կոնկրետ ստեղծված ընկերություն: Դա նշանակում է, որ Հայաստանի տարածքը կարող է օգտագործվել որպես տարանցիկ տարածք՝ առնվազն մինչև Վրաստան Իրանից գազ տեղափոխելու համար, և ավելի մեծ ծավալներով գազի փոխադրում լինի Հայաստան-Վրաստան-Սև ծով, ինչպես եղել է նախագիծը՝ Իրանից Եվրոպա գազի արտահանման համար:

Սա ավելի մեծ մասշտաբի ծրագիր է, թե որքանով դա կդառնա իրականություն, այս պահին դժվար է ասել: Ժամանակին, բոլորս գիտենք, որ ավելի մեծ տրամաչափով Իրան-Հայաստան գազամուղ էր կառուցվում, բայց ռուսական կողմի ճնշմամբ այդ տրամագիծը փոքրացվեց: Ի վերջո, Հայաստանի տարածքում գազ փոխադրող այսօրվա ենթակառուցվածքը ռուսական ընկերության 100 տոկոսանոց սեփականությունն է: Եվ եթե մենք խոսում ենք արդեն մեծ ծավալի գազի տեղափոխման մասին, բնականաբար դա ենթադրում է նոր ենթակառուցվածքի ստեղծում:

Փոքր ծավալի գազի ներկրման հնարավորություն գործող ենթակառուցվածքը տալիս է, որոշակի տեխնիկական փոփոխություններ կատարելու դեպքում հնարավորություն տալիս է ավելացնել թե Հայաստան գազի ներկրումը, թե նաև որոշակի ծավալով արտահանել Վրաստան: Դեռևս այլ ծարգրի մասին հայտարարաված չէ, ընդամենը հայտարարված է, որ ստեղծված է պետական ընկերությունը, որը կարող ներմուծել և արտահանել: Այդ ընկերությունը պետք է պայմանագիր կնքի «Գազպրոմ Արմենիա» ընկերության հետ և ենթադրվում է պետք է ուղղակի ստանա որոշակի վճարումներ տարանցման հետ հետ կապված:

Այս փուլում դարձյա՞լ վտանգ կա, որ ռուսական կողմը կարող է ճնշումներ գործադրել, եթե փորձ արվի Իրանից ավելի մեծ մասշտաբի գազ ներկրելու ու արտահանելու ծրագիր անել:

Դա արդեն Հայաստանի համար ավանդական վիճակ է դարձել, միշտ էլ մենք դրա ականտեսը եղել ենք: Դա չի բացառվում: Բայց այսօր մի նրբություն կա, որ ստեղծվել է այդպիսի ընկերություն: Մյուս կողմից ընկերության ստեղծումը դեռևս չի ենթադրում, որ մենք պետք է դա կապենք մեծ ծրագրերի իրականացման հետ: Չնայած, չպետք է բացառել, որ հետագայում դա կարող է նման նշանակություն ունենալ:

Ի՞նչ քաղաքականություն պետք է վարի հայկական կողմը՝ հնարավոր ճնշումներին դիմագրավելու և ավելի մեծ ծրագրեր իրականացնելու համար:

Վաղ թե ուշ կառաջանա ռուսական «Գազմպրոմի» կողմից Հայաստանին գազի մատակարարման խնդիրը: Ես կարծում եմ, որ հնարավոր է ստեղծվի իրավիճակ, որ ռուսական կողմի համար ընդհանրապես եկամտաբեր չլինի տարանցումը: Ի վերջո, Հայաստանն անմիջապես Ռուսաստանի սահմանից չի ստանում գազը, կա միջանկյալ օղակ հանդիսացող Վրաստանը, որը կարող է իր պահանջները ներկայացնել: Եվ ընդհանրապես այդ միջանկյալ օղակը թանկացնում է գազը: Դրանք խնդիրներ են, որոնք պրակտիկ առումով «Գազպրոմի» համար անլուծելի են, և նրա ներկայությունը Հարավային Կովկասում հեռանկարային չէ և ենթակառուցվածքի, և ծավալների առումով: Ի վերջո, Ռուսաստանը պետք է տարածաշրջանից դուրս մնա՝ որպես գազային խոշոր խաղացող:

Ինչ վերաբերում է Հայաստանի անելիքներին, հայկական կողմը կարող է անել երկու քայլ: Առաջին հերթին, առանց Ռուսաստանի մասնակցության նոր ենթակառուցվածքի ստեղծում պետք է լինի, որով իրանական գազը Հայաստանից պետք է տեղափոխվի Վրաստան, իսկ հետո գուցե նաև՝ դեպի Եվրոպա: Հայկական կողմը պետք է հստակ աշխատանք տանի այս ուղղությամբ՝ առանց դա կապելու «Գազպրոմ Արմենիայի» հետ: Մյուս քայլը, Հայաստանը ի վերջո պետք է աշխատանք տանի այն ուղղությամբ, որ ՀՀ տարածքում գործող ենթակառուցվածքը պարզապես ազգայնացվի: Բայց նոր ենթակառուցվածքի ստեղծումը կարող է այս պահին դիտարկվել այլընտրանքային:

Ի՞նչ հնարավորություններ է բացում Հայաստանի առաջ նմանօրինակ ծրագիրը, եթե հետագայում Հայաստանի միջոցով նաև իրանական գազ արտահանվի դեպի Եվրոպա:

Վրաստանն այս ծրագրով այն խնդիրն է լուծում, որ Ադրբեջանից միակողմանի կախվածությունից դուրս է գալիս: Իրանն այս փուլում և Ադրբեջանին է գազ մատակարարում, և Հայաստանին, կստացվի, որ նաև Վրաստանին է մատակարարում: Այսինքն՝ իրանական լոկալ էքսպանսիան այս առումով որոշակի հաջողված կարելի է համարել: Իսկ հետագայում նշանակությունը կարող է մեծանալ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ դեպի Եվրոպա իրանական գազի արտահանման համար կովկասյան ուղղությունը կարժևորվի: Այսինքն՝ հիմքեր կստեղծվեն այս ուղղությամբ նախագծի իրականացման համար:

Հայաստանի համար դա կոմունիկացիաների առումով ապաշրջափակում կլինի: Եթե նախկինում էներգետիկ կոմունիկացիաները շրջանցել են Հայաստանը, դա պայմանավորված է եղել նրանով, որ նախկինում այդ կոմունիկացիաները պետք է շրջանցեին ոչ միայն Ռուսաստանը, այլ նաև Իրանը: Իսկ ներկա պահին նման խնդիր դրված չէ, որ կոմունիկացիաները պետք է շրջանցեն Իրանը: Բացի այդ, Իրանն ինքն է նոր կոմունիկացիաներ ստեղծում, որտեղ նույնպես այդպիսի նպատակ դրված չէ, որ պետք է շրջանցի Հայաստանը: Հակառակը, երկու կողմերի նպատակը կարծես թե միայն Ռուսաստանը շրջանցելն է: Դա նշանակում է, որ աշխարհագրական և նոր աշխարհատնտեսական դասավորվածության իմաստով Հայաստանը ստանում է այդ նախագծերում ներառվելու լուրջ հնարավորություն: Հայաստանը կարող է այդ նախագծերի իրականացման համար լուրջ ուղղություն դառնալ:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

07.08.2016

Աղբյուրը` «Լրագիր»