Այսինքն, մոտավոր աղերս անգամ չկա այն ցուցանիշի հետ, որը հայտարարել է Վլադիմիր Պուտինը: Այս իմաստով, Պուտինի ասածը, եթե չենք ենթադրում, որ սխալմունք է, պարզապես այն քաղաքական ենթատեքստ ունի:

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, 10 օգոստոսի, 2016թ. Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, 10 օգոստոսի, 2016թ.

Մոսկվայում Սարգսյան-Պուտին հանդիպման ժամանակ երկուստեք կարևորվեց Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությունը: Պուտինը հայտարարեց, որ փաստաթղթերից դատելով անցյալ տարվա տվյալների համաձայն ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո ՀՆԱ-ն Հայաստանում աճել է 10 տոկոսով, ինչպես երևում է փաստաթղթերից: Թեմայի վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է տնտեսագետ Աշոտ Եղիազարյանի հետ:

-Պարոն եղիազարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք ՌԴ ղեկավարի հայտարարությունը, որ Հայաստանում 2015 թվականի փաստաթղթային տվյալներով մեր երկրում ՀՆԱ-ն աճել է 10 տոկոսով:

-2015 թվականի Հայաստանի ՀՆԱ-ն, համաձայն Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների, աճել է 3 տոկոսով, իսկ, ասենք, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ 3,5 տոկոս: Այսինքն, մոտավոր աղերս անգամ չկա այն ցուցանիշի հետ, որը հայտարարել է Վլադիմիր Պուտինը: Այս իմաստով, Պուտինի ասածը, եթե չենք ենթադրում, որ սխալմունք է, պարզապես այն քաղաքական ենթատեքստ ունի: Կարելի է բնորոշել նաև այսպես, որ մոլորության մեջ են գցում հասցեատիրոջը՝ հասարակությանը: Հայաստանի ՀՆԱ-ն 10 տոկոսով չի աճել: Ընդ որում, Հայաստանի ՀՆԱ-ի 2-3 տոկոսանոց աճն էլ, որը եղել է անցած տարի, ընդհանրապես պայմանավորված չէ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ:

Այդ աճն ապահովվել է հաջող գյուղատնտեսական տարվա ապահոված երկնիշ ցուցանիշով, ինչը պայմանավորված էր եղանակային բարենպաստ պայմաններով: Այդ աճը նաև ապահովվել է Հայաստանի արտաքին պարտքի էական ավելացմամբ: Միայն անցած տարի 530 մլն դոլարից ավելի Հայաստանի արտաքին պարտքն աճել է: Ընդ որում, այն, ինչ պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության, Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերություններով, այսինքն այդ գործոնների խումբը, որը կարող էր ազդել տնտեսական աճի վրա, ըստ էության, բոլոր տեսանկյուններից բացասաբար է ազդել. Ռուսաստանից եկող մասնավոր տրանսֆերտները կրճատվել են ավելի քան 30 տոկոսով, արտահանումը կրճատվել է ավելի քան 26 տոկոսով, ռուսաստանյան ընկերությունների ներդրումները կրճատվել են: Նրանք, մեղմ ասած, անարդյունավետ են աշխատել Հայաստանում, փաստը՝ էլեկտրական ցանցերը և այլն: Այս բոլոր գործոնները բացասաբար են ազդել Հայաստանի տնտեսական աճի վրա: Այնպես որ, Պուտինի հայտարարությունը 10 տոկոս տնտեսական աճի մասին ոչ միայն սխալ ցուցանիշ է, այլև եթե արձանագրված աճ էլ կա, այն ոչ մի կերպ կապված չէ Եվրասիական տնտեսական միության հետ: Կարծում եմ՝ ուղղակի այդ հայտարարությունը քաղաքական կոնտեքստ ունի: Պուտինը, լավ իմանալով, մտահոգված լինելով, որ Ռուսաստանի ազդեցությունը թուլանում է տարածաշրջանում, մասնավորապես Հայաստանում, դրանով հասկացնում է Հայաստանին, որ հանկարծ այլ ուղղությամբ չնայի, չշարժվի, ասենք, եվրաինտեգրման ճանապարհով:

-Եթե ամենաբարձր մակարդակով սուտ են ասում, սա արդյոք հակառակ ռեակցիան չի տա, հակառուսական տրամադրություններն էլ ավելի չեն խորանա:

-Դա շատ հարաբերական է: Այս փորձը ժամանակի ընթացքում ցույց է տվել, որ, այնուամենայնիվ, անկախ նրանից՝ հակառուսական տրամադրությունները բարձրանում են, թուլանում են, Հայաստանը որոշումներ չի կայացնում լքել այն ինտեգրացիոն միավորումները, որոնք Հայաստանին քաղաքական պարտավորություններով կապում են և չեն թողնում, որ Հայաստանը որպես ինքնիշխան պետություն հարաբերվի աշխարհի հետ՝ ստորագրի եվրաասոցացման պայմանագիր, Իրանի հետ ունենալ ավելի ազատ առևտրային հարաբերություններ և այլն: Մի խոսքով, ուղերձը հետևյալն էր՝ դուրս չգալ Ռուսաստանի ազդեցության գոտուց, Պուտինը հասկացրեց, որ դուք փաստարկելով ձեր տնտեսական վատ իրավիճակը՝ հանկարծ փորձ չանեք հարաբերությունների մեջ մտնել, ասենք, Եվրամիության հետ:

-Թերևս այդ «ուղերձը» Սերժ Սարգսյանը շատ լավ հասկացել է, որ ինքն էլ գովերգեց ԵԱՏՄ անդամակցության «արդյունքները»՝ նշելով, որ վեց ամսվա ընթացքում մեր առևտրաշրջանառությունն աճել է 12 տոկոսով, իսկ Հայաստանից արտահանումը Ռուսաստան աճել է գրեթե 90 տոկոսով: Սա համարեց պատմական առավելագույն ցուցանիշ:

-Սերժ Սարգսյանը Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներն է հրապարակել: Դա փաստ է, այդ արդյունքները մեր վիճակագրությունն է տալիս, բայց դա, իհարկե, չի արտացոլում իրական հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների վիճակը: Պետք է նկատի ունենալ, որ անցյալ տարի էապես նվազել է Հայաստանից Ռուսաստան արտահանումը, և նվազման ֆոնի վրա այս տարի արձանագրվել է աճ, բայց, այնուամենայնիվ, այդ աճը որակական իմաստով չի ենթադրում զարգացում, որովհետև մեր արտահանումը Ռուսաստան նույն կառուցվածքն ունի և այն մեծապես կախված է նաև եղանակային բարենպաստ պայմաններից, գյուղատնտեսական տարվա արդյունքներից, մեծապես կախված է լոգիստիկ պայմաններից՝ Ռուսաստան-Հայաստան կապող Լարսի ճանապարհից, այն մեծապես կախված է ՌԴ շուկայում գնողունակության վիճակից: Մենք նաև տեսանք, թե որքան անհուսալի է այդ շուկան՝ կախված ռուբլու տատանումներից, և, ի վերջո, պետք է նաև նշել, որ այս տարի արտահանման արձանագրված աճը շատ սահմանափակ է և հենվում է շատ սահմանափակ ռեսուրսների վրա: Ի վերջո, Հայաստանը չի կարող անսահմանափակ քանակի կոնյակ, գինի կամ ծիրան արտադրել ու արտահանել: Այդ ռեսուրսները Հայաստանի համար սահմանափակ են: Ռուսաստան այլ բան չի արտահանվում…

Հարցազրույցը՝ Ա. Վարդանյանի

11.08.2016

Աղբյուրը` «Գալա»