Պուտինի հայտարարությունը ՀՀ ՀՆԱ-ի մասին քաղաքական ենթատքստ ունի, այն է` ԵՏՄ-ին անդամակցությունը ճիշտ որոշում է, և Հայաստանը թող չփորձի իր հայացքը այլ ուղղությունների հառել: Մոսկվայում հասկացել են, որ Հայաստանի վրա ազդեցության լծակները թուլացել են, և վաղ թե ուշ Հայաստանը կկատարի այլ ընտրություն:

Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ  փորձագետ Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ փորձագետ

ՌԴ նախագահը երեկ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը հայտարարել էր, թե ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 10 տոկոսով: Նման տեղեկություն չի հայտնել ՀՀ ԱՎԾ-ն:

«Հնչած թիվը զարմացնում է, եթե դա սխալմունք չէ, ապա դրա տակ պետք է տեսնել կամ քաղաքական ենթատեքստ կամ սոփեստություն՝ մարդկանց մոլորության մեջ գցելու համար:

ՀՀ ԱՎԾ տվյալներով անցած տարի ՀՆԱ աճը կազմել է 3 տոկոս, ԵՏՄ հանձնաժողովի հրապարակած ցուցանիշների համաձայն՝ 3,5 տոկոս: Ընդ որում Հայաստանի տնտեսական աճը պայմանավորված է եղել բնական պայմաններով՝ գյուղատնտեսության ոլորտի արտադրանքի երկնիշ աճով, այսինքն՝ բնավ էլ պայմանավորված չի եղել ԵՏՄ անդամակցության գործոնով»,- այս մասին «Առաջին լրատվական»- հետ զրույցում ասաց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը:

Տնտեսագետի խոսքով՝ անցած տարի 30-40 տոկոսով կրճատվել են Ռուսաստանից եկող տրանսֆերտները, ռուսական ընկերությունները Հայաստանում գործել են, մեղմ ասած, ոչ արդյունավետ, այսինքն՝ Ռուսաստանով պայմանավորված գործոնները ՀՀ տնտեսության աճին բնավ չեն նպաստել: Ավելին՝ Ռուսաստան արտահանումը 2015-ին 26 տոկոսով կրճատվել է:

Պուտինի հայտարարությունը ՀՀ ՀՆԱ-ի մասին, ըստ Ա. Եղիազարյանի, քաղաքական ենթատքստ ունի, որը հետևյալն է՝ ԵՏՄ-ին անդամակցությունը ճիշտ որոշում է, և Հայաստանը թող չփորձի իր հայացքը այլ ուղղությունների հառել. «Մոսկվայում հասկացել են, որ Հայաստանի վրա ազդեցության լծակները թուլացել են, և վաղ թե ուշ Հայաստանը կկատարի այլ ընտրություն»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարե Գրիգորյան

11.08.2016

Աղբյուրը` «Առաջին լրատվական»