Հայաստանի տնտեսական վիճակը վատթարանում է, այն գիտակցումն է հասունանում, որ ԵՏՄ-ին անդամակցումը սխալ, փակուղային որոշում էր: Մյուս կողմից՝ ՌԴ-ն թուլանում է եւ Հայաստանի վրա լծակներ քիչ ունի: Նման պայմաններում հնարավոր է, Հայաստանը փոխի իր արտաքին քաղաքական ուղղվածությունը:

Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ  փորձագետ Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ փորձագետ

Հայաստանի քաղաքական եւ տնտեսական շրջանակներում փորձում են հասկանալ, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ինչո՞ւ է սխալ ցուցանիշ ներկայացրել, թե ԵՏՄ-ին անդամակցելուց հետո ՀՀ ՀՆԱ-ն աճել է 10 տոկոսով: Այդ թեմայի շուրջ զրուցեցինք տնտեսագետ Աշոտ Եղիազարյանի հետ:

- Պարոն Եղիազարյան, ձեր կարծիքով Պուտինն ինչո՞ւ նման սխալ թիվ ասաց: Նա չգիտե՞ր, որ Հայաստանում նման աճ չի գրանցվել:

- Նրա հայտարարությունն ըստ ամենայնի քաղաքական ենթատեքստ է ունեցել: Այսինքն, Պուտինը նկատի ուներ, որ ԵՏՄ-ին անդամակցելն օգուտ է տվել Հայաստանին: Այսինքն, եթե այդ անդամակցությունը տնտեսապես հիմնավորված է, ուրեմն Հայաստանն այլ ինտեգրացիոն միավորմանը միանալու՝ ԵՏՄ-ից դուրս գալու որոշում չպիտի կայացնի: Իսկ Հայաստանի ՀՆԱ-ն ոչ միայն չի աճել, այլեւ դոլարային արտահայտությամբ նվազել է: Գուցե Պուտինին այդ ցուցանիշները ռուբլո՞վ են հաշվարկել ու տվել:

- Եթե Պուտինը սխալ էր տիրապետում մեր թվերին, Սարգսյանն ինչո՞ւ չփորձեց ուղղել ՌԴ նախագահին: Չէ՞ որ նա լավ գիտի ՀՀ տնտեսության ցուցանիշները:

- Ես չգիտեմ՝ արդյոք այդ մակարդակով նման բաներ անո՞ւմ են, նույնիսկ եթե դիմացինը սխալվել է: Այնուամենայնիվ Մոսկվայից մինչեւ հիմա չեն հերքել, որ Պուտինը սխալվել է:

- Իսկ կա՞ հեռանկար, որ Հայաստանը կարող է ԵՏՄ-ից դուրս գալ, որ Պուտինն էլ նման հայտարարություն է անում:

- Բնականաբար: Հայաստանի տնտեսական վիճակը վատթարանում է, եւ կարծում եմ, մեր երկրում, այնուամենայնիվ, այն գիտակցումն է հասունանում, որ ԵՏՄ-ին անդամակցումը սխալ, փակուղային որոշում էր: Մյուս կողմից՝ ՌԴ-ն թուլանում է եւ Հայաստանի վրա լծակներ քիչ ունի: Եվ նման պայմաններում հնարավոր է, Հայաստանը փոխի իր արտաքին քաղաքական ուղղվածությունը:

- Ինչո՞ւ եք կարծում, որ ՌԴ-ն Հայաստանի վրա ազդեցության քիչ լծակներ ունի:

- Լծակները աստիճանաբար թուլացել են, որովհետեւ ՌԴ-ից Հայաստանի տնտեսական կախվածությունն, այնուամենայնիվ, աստիճանաբար թուլանում է: Թուլանում է թե՛ տրանսֆերտների նվազման առումով, թե՛ ռուսական ընկերությունների աշխատանքի անհեռանկարայնության առումով: Տեսեք, թե ինչ վիճակում են երկաթուղային, կապի եւ էներգետիկ ոլորտի ընկերությունները: Դրանց հասույթները նվազում են: Անցած տարի մենք ինչի՞ առաջ կանգնեցինք էներգետիկ ոլորտում: ՌԴ-ի ազդեցության լծակները թուլանում են նաեւ այն պատճառով, որ տարածաշրջանում ի հայտ է գալիս նոր խաղացող՝ Իրանը: ՆԱՏՕ-ն եւ Եվրամիությունն են ակտիվ քաղաքականություն վարում: Դրանց ավելացնենք նաեւ Հայաստանում ոչ բարենպաստ տնտեսական իրավիճակը, եւ որ Հայաստանը կարողանում է պարզապես գոյատեւել արեւմտյան վարկերի ու պարտքերի հաշվին: Այս ամենի եւ Ռուսաստանի օրեցօր վատացող տնտեսական վիճակի արդյունքում այդ երկիրը գնալով թուլանում է: Եվ դա չի կարող մտահոգություն չառաջացնել Մոսկվայում, թե Հայաստանը կարող է մի օր դուրս գալ իր ազդեցության ոլորտից:

- Այնուամենայնիվ, ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանի տնտեսությունը ի՞նչ զարգացումներ է ունեցել, ի՞նչ է շահել կամ ի՞նչ է կորցրել:

- Մենք կորցրել ենք մեր սուվերենությունը, դա կոլապս էր: Միջազգային հարաբերություններում Հայաստանն այլեւս ինքնուրույն սուբյեկտ չէ: Իսկ ոչ սուվերեն երկիրը, բնականաբար, չէր կարող տնտեսություն ունենալ: Ոչ սուվերեն երկիրը պիտի ապրի դոտացիաների հաշվին, որը կտրամադրի իր հովանավոր երկիրը, ինչը մեր դեպքում չի էլ արվում:

- Իսկ ոչինչ չի՞ շահել:

- Ոչինչ, եւ ոչինչ չէր էլ կարող շահել: ԵՏՄ-ն չի ստեղծվել նրա համար, որպեսզի շահեն, ստեղծվել է այն նպատակով, որ այդ տարածքում վերականգնվի նախկին միասնական պետությունը՝ ԽՍՀՄ-ը:

- Սերժ Սարգսյանն էլ իր հերթին է հայտարարել, որ աճել է ՌԴ-ի հետ առեւտրաշրջանառությունը:

- Այս տարվա տվյալներով առեւտրի ոլորտում որոշակի աճ կա, բայց դա ոչինչ չի նշանակում, քանի որ որակական իմաստով Հայաստանն իր արտահանման կառուցվածքը փոփոխության չի ենթարկել: Արտահանում է հիմնականում խմիչքներ՝ կոնյակ, գինի կամ գյուղմթերք, պահածոներ: Ես անգամ այնպիսի տպավորություն ունեմ, որ նույնիսկ արտահանման անկում է գրանցվել, պարզապես ստվերային որոշակի շրջանառություն է օրինականացվել:

- Իսկ ունե՞ք հիմք ակնկալելու, որ դեպի Ռուսաստան արտահանման աճը կարող է պահպանվել նաեւ առաջիկա տարիներին:

- Դեպի Ռուսաստան մեր ռեսուրսները շատ սահմանափակ են, տարիների ցուցանիշները հստակ ցույց են տալիս, որ արտահանման մոտ կեսը կազմում են կոնյակը, գինին, հանքային ջուրը, պահածոները, միրգ-բանջարեղենը, որոնք սահմանափակ քանակությամբ են: Հայաստանը դեռ չունի, օրինակ, խաղողի արտադրության աճի մեծ հնարավորություն, քանի որ Հայաստանի գյուղատնտեսական արտադրողականությունը սահմանափակ մակարդակում է: Բացի այդ, անկախ մեր կամքից, անընդհատ լրացուցիչ խոչընդոտներ են առաջանում՝ լոգիստիկ խնդիրը, ռուբլու կուրսի եւ ռուսական տնտեսության անկումը: Ես չեմ ասում, թե ՌԴ-ի հետ երկկողմ հարաբերություններ չլինեն, բայց ԵՏՄ շրջանակներում Հայաստանը չի կարողանում  ԵՄ-ի հետ ստորագրել ասոցացման համաձայնագիրը, չի կարողանում ազատ տնտեսական հարաբերություններ հաստատել Իրանի հետ: ՌԴ-ն չի օժանդակում Հայաստանին տեխնոլոգիական եւ ֆինանսական ներդրումների առումով, բայց թույլ էլ չի տալիս օգտագործել մեր հնարավորությունները:

- Այս շաբաթ առաջ Բաքվում Պուտինի եւ Իլհամ Ալիեւի միջեւ Ադրբեջանում ինքնաթիռների վերանորոգման գործարան կառուցելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: Հնարավո՞ր չէր այդ ծրագիրը Հայաստանում իրականացնել: Չէ՞ որ մեր երկիրն է ՌԴ-ի ռազմավարական գործընկերը:

- Այդ լուրերը մեզ մոտ մի փոքր չափազանցվում են: Ռուսները նաեւ «Կամազ» պետք է հավաքեին Ադրբեջանում: Մասերը տարվեին Ադրբեջան ու հավաքվեն: Այնտեղ շատ հեշտ է տանելը, Հայաստանը արտաքին աշխարհի, տվյալ դեպքում ՌԴ-ի հետ հետ երկաթուղային կապ չունի: Ադրբեջանի դեպքում դա հեշտ է, եթե իսկապես այդ ծրագրերն իրականանան:

Արմինե Ավետյան

12.08.2016

Աղբյուրը` «Հայկական ժամանակ»