Եվրասիական միությանն անդամակցությունը բացասաբար է ազդում ոչ միայն անդամ երկրների տնտեսական վիճակի, այլև անվտանգության վրա, որպես օրինակ կարող եմ նշել Ղարաբաղի հարցը, որը մեծ խոչընդոտ է ԵԱՏՄ-ի հարավային ուղղությամբ ընդլայնվելուն և Ադրբեջանին իր կազմի մեջ ընդգրկելուն:

Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Սարգսյան-Պուտին հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահի արած հայտարարությունը՝ Հայաստանի գրանցած 10 տոկոս տնտեսական աճի մասին, կարելի է սոփեստություն համարել որոշակի քաղաքական ենթատեքստով, լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը:

–Կարծում եմ, որ ԵԱՏՄ կազմում ընդգրկվելուց հետո Հայաստանի գրանցած, այսպես կոչված, 10 տոկոս տնտեսական աճի մասին Պուտինի ակնարկը եթե սխալմունք չէր, ապա որոշակի քաղաքական ենթատեքստ ուներ, այսինքն, Ռուսաստանի տնտեսական անկումից հետո Հայաստանի վերելքը նշանակում էր՝ դուք ապրում եք մեր հաշվին,- նշեց տնտեսագետը:

Նա հավելեց, որ գրանցած փոքր տնտեսական աճը կապված է ոչ թե  ԵԱՏՄ անդամակցության հետ, այլև գյուղատնտեսության ոլորտում աճի և արտաքին պարտքերի հաշվին է, որոնք  արևմտյան կազմակերպություններն են հատկացրել:

Եղիազարյանի պնդմամբ՝ Ռուսաստանը, լինելով դոմինանտ երկիր իր ստեղծած միության շրջանակներում, փորձում է ռազմական և քաղաքական հարկադրման միջոցներ գործադրել անդամ երկրներին իր ազդեցության դաշտում պահելու համար:

–Եվրասիական միությանն անդամակցությունը բացասաբար է ազդում ոչ միայն անդամ երկրների տնտեսական վիճակի, այլև անվտանգության վրա, որպես օրինակ կարող եմ նշել Ղարաբաղի հարցը, որը մեծ խոչընդոտ է ԵԱՏՄ-ի հարավային ուղղությամբ ընդլայնվելուն և Ադրբեջանին իր կազմի մեջ ընդգրկելուն,- ասաց նա, հավելելով, որ միությունը գերքաղաքականացված է։

–Անդամ երկրները զրկվել են սուվերենությունից, կա դոմինանտ Ռուսաստան, որն իր խաղի կանոններն է թելադրում, իսկ առանց սուվերենության տնտեսական զարգացում ապահովելը հնարավոր չէ,- եզրափակեց տնտեսագետը:

12.08.2016

Աղբյուրը` «Vesti.am»