Դա միտում ունեցող հայտարարություն էր,  որը քաղաքական ենթատեքստ ունի. Պուտինն ուզում էր ասել`չնայած Ռուսաստանը տնտեսական անկում ունի, բայց Հայաստանը շահել է, Ռուսաստանն իրենից վերցրել տվել է ձեզ:

Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Եվրասիական տնտեսական միության անդամակցության հետևանքների, ԵՏՄ անդամ երկրների միջև տնտեսական հարաբերությունների և տնտեսական այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցեց տնտեսագիտության դոկտոր Աշոտ Եղիազարյանի հետ:

-Պարոն Եղիազարյան, ԵՏՄ-ն արդեն գործում է մոտ երկու տարի: Ի՞նչ պատկեր է ԵՏՄ տարածքում:

- Իր ստեղծման պահից  երկու տարվա ընթացքում ԵՏՄ-ն  մեծ ծավալների անկում է արձանագրել, կրճատվել է ինչպես ապրանքաշրջանառությունը, այնպես էլ փոխադարձ առևտրաշրջանառությունը, ինչը  ԵՏՄ անդամ երկրների միջև մնում է ցածր մակարդակի վրա: Այսինքն՝ այս միության անդամ երկրների միջև փոխհամաձայնեցված որոշումներ չեն կայացվել ո՛չ մաքսային, ո՛չ հարկային առումներով: Այս միության անդամներն առանձին են իրականացվում մաքսային և առևտրային գործունեություն և չեն կարողացել հասնել համաձայնության: Հայաստանը բաց թողնելով Ասոցացման համաձայնագրի ընձեռած հնարավորությունը, ընտրեց ԵՏՄ-ն, իսկ, օրինակ, Վրաստանը գնաց այլ ճանապարհով և այնտեղ զարգացում նկատվում է, կա ՀՆԱ-ի կայուն աճ:

-Եթե նկատենք, որ ԵՏՄ-ն անարդյունավետ կառույց էր Հայաստանի համար, Ասոցացման համաձայնագրի միացումն այլ հնարավորություններ կտար և այլն ու եթե Հայաստանում գործելու են տնտեսական խաղի նույն կանոնները, որքանո՞վ էր էական, թե ինչ կառույց կընտրեր պետությունը: 

-Շատ կարևոր է, թե երկիրը որ տնտեսական միավորման մասն է կազմում, որովհետև  յուրաքանչյուր տնտեսական միավորում ունի իր խաղի կանոնները: Բնականաբար, որպես ԵՏՄ-ի  մաս, Հայաստանի վրա ավելի շատ կազդի  այդ միության ներսում գործող խաղի կանոնները: Ընդ որում, պետք է նկատի ունենալ, որ ԵՏՄ-ն գերքաղաքականացված է, քաղաքական պրոյեկտ է, և ըստ այդմ, Ռուսաստանը թելադրում է իր խաղի կանոնները, որը  ճնշում է  երկրներին իր ազդեցության գոտում պահելու համար: Այսկերպ Ռուսաստանը սահմանափակում է այդ երկրների սուվերենությունը, իսկ առանց սուվերենության, առանց ինքնուրույն որոշում  կայացնելու, հնարավոր չէ տնտեսական զարգացում: Փաստ է, որ միության  շրջանակներում  Հայաստանը չի կարողանում իր շահերից ելնելով տնտեսական հարաբերություններ ստեղծել օրինակ՝ հարևան Իրանի հետ, ում նկատմամբ պատժամիջոցները չեղյալ են հայտարարվել:

Խաղի կանոնները փոխելու համար անհրաժեշտ է ավելի  արդյունավետ զարգացում ապահովող  տնտեսական տարածքի մաս կազմել, Հայաստանն առանձին այդ  պայմանները չի կարող ունենալ, հետո մաս  կազմել ինչ-որ տնտեսական տարածքի, դա բացառված է:

-Նախագահների հետ հանդիպման ժամանակ Վլադիմիր  Պուտինը խոսում էր ՀՆԱ-ի 10 տոկոս աճի մասին:  Ի՞նչ էր նշանակում Պուտինի հայտարարությունը, նույնիսկ եթե 20014-ի և 2015-ի ՀՆԱ-ներն իրար գումարենք 10-ը տոկոս չի կազմում:

-Եթե դա սխալմունք չէ, ապա կարելի է համարել սոփեստություն, միտում ունեցող հայտարարություն,  որն ունի քաղաքական ենթատեքստ, թե իբր տեսեք` Հայաստանը որոշում է  կայացրել ԵՏՄ-ին անդամակցելու և որքան էլ ծանր լիներ դրա հետևանքները Հայաստանի համար, պիտի ասենք, որ դա ճիշտ որոշում էր, և մենք ԵՏՄ շրջանակներում շատ լավ ենք ապրում և աճ ենք ապահովում: Պուտինն ուզում էր ասել`չնայած Ռուսաստանը տնտեսական անկում ունի, բայց Հայաստանը շահել է, Ռուսաստանն իրենից վերցրել տվել է ձեզ:

-Ռուսաստանից բացի  կան նաև այլ պետություններ ԵՏՄ կազմում, ի՞նչ հարաբերություններ են ձևավորվել կամ ի՞նչ փոփոխություններ կան Հայաստանի և ԵՏՄ անդամ երկրների միջև:  

-Խնդիրն այն  է, որ այս երկրները նույնիսկ համաձայնեցված քաղաքականություն չեն վարում, նույնիսկ նրանք չեն կարողանում իրականացրել հարկային ու մաքսային քաղաքականություն, խոսք անգամ չի կարող լինել  համաձայնեցված տնտեսական քաղաքականության մասին, միասնական արժույթի մասին, ինտեգրացիան դոփում է նույն տեղում, այն գործոնները, որ եղել են Խորհրդային միության փլուզումից հետո, շարունակվում են:

Բեթղեհեմ Արաբյան

12.08.2016

Աղբյուրը` «Թերթ»