Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցել է 2015թ. հունվարի 2ից։ Եթե նույնիսկ դիտարկենք, որ հաշվի են առնվել նաև 2016թ, տնտեսական ցուցանիշները, այնուամենայնիվ, 10% աճ չկա, աճը անցյալ տարի ԱՎԾ տվյալներով եղել է 3%։

Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Ռուսաստանում շատ լավ գիտեն, որ ԵԱՏՄ–ն որպես տնտեսական նախագիծ ձախողվել է, և մնում է միայն քաղաքական եւ ռազմական հարկադրանքի ուժով ԵՏՄ անդամներին պահել իրենց ազդեցության տակ։ Այս մասինNEWS.am–ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը՝ մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, թե ԵԱՏՄ–ին անդամակցելուց հետո Հայաստանի ՀՆԱ–ն աճել է 10 տոկոսով։

«Ես կարծում եմ, որ եթե սխալմունք չի եղել, ապա այս տվյալի հրապարակումը ունի քաղաքական ենթատեքստ, որի նպատակն է ցույց տալ, որ Հայաստանը անդամակցելով ԵԱՏՄ-ին, առաջընթաց է գրանցել տնտեսական բնագավառում, Հայաստանի տնտեսությունը աճել է այն ժամանակ, երբ նույնիսկ Ռուսաստանի տնտեսությունը չի աճել։  Կարծում եմ նաև, որ այդ հայտարարության նպատակներից մեկն այն է եղել, որ ցույց տան, որ Հայաստանը թող չփորձի որոշում կայացնել դուրս գալ ԵԱՏՄ-ից և ընտրել այլ ուղղություն՝ Եվրաինտեգրում»,– ասաց տնտեսագետը։

Աշոտ Եղիազարյանի խոսքով՝ նման ցուցանիշն իրականությանը չի համապատասխանում։

«Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցել է 2015թ. հունվարի 2ից։ Եթե նույնիսկ դիտարկենք, որ հաշվի են առնվել նաև 2016թ, տնտեսական ցուցանիշները, այնուամենայնիվ, 10% աճ չկա, աճը անցյալ տարի ԱՎԾ տվյալներով եղել է 3%։ Ես նայեցի նաև ԵՏՄ կայքը, որտեղ նշված ցուցանիշը 3,5% է, և բնականաբար 10% ցուցանիշի մասին խոսք չի կարող լինել»,– ասաց նա։

Փորձագետը, միաժամանակ, նշեց, որ նույնիսկ ԱՎԾ հրապարակած նախորդ տարվա 3.5 աճը որևէ կերպ կապ չունի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության, կամ Ռուսաստանի հետ Հայաստանի տնտեսական հարաբարերությունների հետ։

«Ընդհանրապես այն գործոնները, որոնք պայմանավորված են ԵՏՄ-ով, ընդհակառակը, բացասաբար են ազդել մեր տնտեսական աճի վրա։ Նախորդ տարի կրճատվել է արտահանումը Ռուսաստան, կրճատվել են Ռուսաստանից ուղղակի ներդրումները մեր երկրում, և այդ բոլորը բացասական ազդեցություն են ունեցել մեր աճի վրա։ Ըստ ԱՎԾ հրապարակած տվյալների մեր աճի վրա ազդեցություն է ունեցել գյուղատնտեսությունը՝ պայմանավորված բարենպաստ բնակլիմայական պայմաններով, և արտաքին պետական պարտքը, որն ավելացել է ավելի քան 590 մլն դոլարով։ Այս գործոնները պայմանավորված չեն Ռուսաստանով եւ ԵՏՄ-ով, արտաքին պարտքի հիմնական աղբյուրները արևմտյան են՝ ԵՄ, արևմտյան բանկերի, կազմակերպությունների տված վարկերը, որոնք դրական ազդեցություն են ունեցել մեր տնտեսական աճի վրա»,– ասաց նա։

13.08.2016

Աղբյուրը` «Նյուզ»