Մնում է միայն հարավային ուղղությունը, իսկ այստեղ Ռուսաստանի համար առաջացել է լուրջ մարտահրավեր՝ Իրանի գործոնը, որովհետև Իրանից հանվել են պատժամիջոցները և այդ երկիրն այժմ իր հավակնություններն ունի Հարավային Կովկասի ուղղությամբ։ Վաղ թե ուշ Իրանը որպես լուրջ մրցակից կարող է Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից:

Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Թուրքիայի, Ադրբեջանի եւ Իրանի հետ տնտեսական խոշոր ծրագրերի մեջ ներգրավվելով Ռուսաստանը ձգտում է չեզոքացնել Իրանի ազդեցության աճը Հարավային Կովկասում։ NEWS.am–ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը։

«Խնդիրն այն է, որ Մոսկվայում շատ լավ հասկանում են, որ Եվրասիական նախագիծը ձախողված է։ Արևմուտքում ԵՄ-ն ուժեղացրել է իր ազդեցությունը Մոլդովայում և Ուկրաինայում, արևելքում ծրագիրը ձախողվել է Չինաստանի էքսպանսիայի շնորհիվ, Չինաստանը ուղղակի դուրս է մղել Ռուսաստանին։ Մնում է միայն հարավային ուղղությունը, իսկ այստեղ Ռուսաստանի համար առաջացել է լուրջ մարտահրավեր՝ Իրանի գործոնը, որովհետև Իրանից հանվել են պատժամիջոցները և այդ երկիրն այժմ իր հավակնություններն ունի Հարավային Կովկասի ուղղությամբ։ Վաղ թե ուշ Իրանը որպես լուրջ մրցակից կարող է Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից»,– ասաց տնտեսագետը։

Հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը հարավկովկասյան երկրներից միայն Հայաստանում է կարողանում պահել իր ազդեցությունը, Մոսկվային, ըստ փորձագետի, այլընտրանք չի մնում, քան փորձել մեծացնել իր ազդեցությունը Ադրբեջանում՝ տարածաշրջանում Իրանի դերակատարման աճը զսպելու համար։

«Շատ լավ հասկանալով դա՝ Ռուսաստանը վերջին ջանքերն է գործադրում Ադրբեջանում ազդեցություն ունենալու համար։ Դրա համար նախաձեռնվել են այսպիսի նախագծեր, որոնք ավելի շատ աշխարհաքաղաքական բնույթի են, քան իրագործվելիք նախագծեր։ Երբ Իրանը մեկուսացված էր և գտնվում էր պատժամիջոցների տակ, Ռուսաստանն ավելի լավ վիճակում էր»,– ասաց Աշոտ Եղիազարյանը։

Ըստ փորձագետի՝ Իրանը, իր հերթին, քայլեր է ձեռնարկում Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում թուլացնելու համար՝ փորձելով կյանքի կոչել սեփական ծրագրերը, որոնք պետք է շրջանցեն Ռուսաստանին։

«Չմոռանանք, որ հուլիսին փորձագետների մակարդակով հանդիպում տեղի ունեցավ Բուլղարիայում, որտեղ քննարկվեց Իրանի առաջարկը՝ Պարսից ծոցը Սև ծովին կապող տրանսպորտային ուղու ստեղծման վերաբերյալ։ Այդ նախաձեռնության մասնակիցներն են Հայաստանը, Վրաստանը, Բուլղարիան և Հունաստանը, այն շրջանցում է Ռուսաստանը, որը չի կարող չդիտարկել այն որպես մարտահրավեր»,– ասաց Աշոտ Եղիազարյանը։

Ըստ փորձագետի, Հայաստանի համար ստեղծված իրավիճակը բավական նպաստավոր է, քանի որ թե Եվրամիությունը, թե Իրանը շահագրգռված են որպեսզի Հայաստանը մասնակից դառնա խոշոր տնտեսական նախագծերին։

«Մեծանում է ԵՄ հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ։ Մի շատ կարևոր հանգամանք կա՝ ԵՄ-ն դիտարկում է Հայաստանը և Վրաստանը որպես իր տնտեսական անվտանգության տարածքի մաս։ Ինչ վերաբերում է Իրան–Հայաստան երկաթգծի կառուցման հեռանկարին, դա հսկայական ռեսուրսներ է պահանջում, բայց այն շատ կարևոր նախագիծ է Հայաստանի համար։ Ժամանակի ընթացքում եթե Հայաստանը դուրս գա Ռուսաստանի ազդեցության գոտուց, այդ նախագիծը կարող է դառնալ իրականություն։ Ընդ որում՝ թե այդ նախագիծը, թե գազի խողովակաշարի նախագիծը, որովհետև Իրանը շահագրգռված է դեպի Եվրոպա դուրս գալու այլըտրանքային՝ Թուրքիան շրջանցող ճանապարհով։ Ոչ միայն Իրանը, այլեւ Իրանի հետ կապված այլ երկրներ՝ նաև Իրաքը, Օմանը, Հնդկաստանը շահագրգռված են ունենալ այլըտրանքային ճանապարհ։ Թուրքիան, Ադրբեջանը քաղաքական իմաստով անկայուն երկրներ են, հետեւաբար Եվրոպա դուրս գալու համար այլըտրանքային ճանապարհ կարող են լինել Հայաստանը եւ Վրաստանը»,–կարծում է տնտեսագետը։

Այնուամենայնիվ, ըստ տնտեսագետի, այս ամենը կարող է իրականություն դառնալ միայն այն դեպքում, երբ Հայաստանը կարողանա ազատվել ռուսական կախվածությունից։

«Հայաստանն իր ինքնիշխանությունը կորցրել է՝ միանալով Ռուսաստանի կողմից ստեղծված ռազմական և տնտեսական բլոկներին։ Քանի դեռ Հայաստանը որոշում չի կայացրել դուրս գալ ԵՏՄ-ից և ՀԱՊԿ-ից, Հայաստանը կունենա ստանձնած պարտավորություններ, իսկ Ռուսաստանը կունենա քաղաքական լծակներ Հայաստանի վրա ազդելու եւ բոլոր այս նախագծերի իրականացումը խոչընդոտելու համար»,– ասաց փորձագետը։

Ըստ Աշոտ Եղիազարյանի՝ ԵՏՄ-ից դուրս գալու համար հիմա  հարմար ժամանակ է, քանի որ Ռուսաստանը հիմա թուլացել է և չի կարող խանգարել Հայաստանին, եթե նման քաղաքական որոշում կայացվի։  Իսկ առանց այդ կառույցից դւրս գալու, փորձագետի կարծիքով, Հայաստանը չի կարող տնտեսական զարգացում ունենալ, ոչ էլ լուծել իր անվտանգության խնդիրները։ 

14.08.2016

Աղբյուրը` «NEWS.am»