Խաղացողները շատ են: Ժամանակի ընթացքում ինչ-որ բան իհարկե հնարավոր է փոխվի: Ի վերջո, եւ՛ Իրանն է խաղացող, եւ՛ Վրաստանն ունի իր մոտեցումներն արդեն հստակ, ՌԴ-ն ունի գազի գնի եւ գազի տարանցման հետ կապված լուրջ խնդիրներ: Ռուսաստանն արդեն թուլացող խաղացող է...

Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Արդեն տեղեկացրել ենք, որ նախօրեին Վրաստանի տարածքում կանխվել է Հայաստանին ռուսական գազ մատակարարող խողովակաշարի պայթեցումը, որից հետո էլ Վրաստանի իշխանություններն ու նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու հիմնադրած «Ազգային միացյալ շարժում» կուսակցությունը միմյանց մեղադրում են պայթեցման փորձի համար: Տարածաշրջանում գազային նոր իրավիճակի վերաբերյալ Armtimes.com-ը զրուցել է տնտեսագետ Աշոտ Եղիազարյանի հետ:

- Պարոն Եղիազարյան, գազամուղի խնդրի վերաբերյալ տարբեր կարծիքներ են հնչում: Ի՞նչը կարող էր պատճառ հանդիսանալ գազատարը պայթեցնելու համար:

- Ես կդժվարանամ ասել թե ինչի հետ էր կապված, քանի որ քիչ տեղեկացված եմ: Բայց կարող եմ ասել թե փետրվարից ինչ իրավիճակ է Իրանից Վրաստան գազանցման, Վրաստանի, ՌԴ-ի գազային քաղաքականության մասին: Խնդիրը նրանում է, որ Վրաստանն ունի գազի հետ կապված որոշակի դիֆիցիտ, հատկապես, սեզոնային եւ այդ բացը փորձում է լրացնել: Վրաստանը գազ չունի եւ պետք է ներմուծի, իսկ ներմուծման 90 տոկոսն Ադրբեջանից է, իսկ 10 տոկոսը Հայաստան մատակարարվող գազից է մնում (տարանցման համար): Սպասվում է, որ Վրաստանի պահանջարկը կավելանա առաջիկայում: Ադրբեջանը սահմանափակումներ ունի եւ թանկացրել է Վրաստանին մատակարարվող գազի գինը: Բացի այդ, Վրաստանում կա մտավախություն խիստ կախվածության վերաբերյալ: Էներգակիր սպառող երկրները ցանկանում են դիվերսիֆիկացնել դա եւ հայացքն ուզում են ուղղել Իրանին՝ պատժամիջոցները վերացնելուց հետո: Իրանն էլ իր հերթին առաջարկել էր, որ Վրաստանին կարող է ամբողջ ծավալով գազ մատակարարել: Մյուս կողմից, ՌԴ-ն ուզում է իրենից կախվածության մեջ գցել Վրաստանին: ՌԴ-ն առաջարկել է ոչ թե գազի համար վճարի ֆիզիկական ծավալների չափով, այլ դրամական, պարզապես վաճառի, որի փոխարեն Ռուսաստանը Հայաստանի գազի մատակարարումը կապահովի Իրանից ներկրվող գազի հաշվին: Այստեղ առաջանում է տարածաշրջանային որոշակի խաղ: Դա ինքնին մտավախություն է ստեղծում Վրաստանում, որովհետեւ վրացիները 2008 թվականից գիտենք թե ինչ վերաբերմունք ունեն Ռուսաստանի նկատմամբ եւ, բնականաբար, այս տրամադրվածությունն ինքնին կարող էր ազդել ներքաղաքական իրավիճակի վրա: Մոտավորապես այսպիսի արտաքին ֆոն կա ստեղծված գազամուղի շուրջ:

- Փաստորեն, գազամուղի շուրջ ստեղծված իրավիճակն ավելի շատ կապում եք վրաց-ռուսական տնտեսական հարաբերություների հետ:

- Ավելի շատ վրաց-ռուսական եւ վրաց-իրանական, որի մեջ ինչ-որ տեղ նաեւ Հայաստանն է հայտնվում հայ-իրանական, հայ-ռուսական եւ հայ-վրացական ասպեկտներով:

- Եթե ռուսական կողմը ստեղծված իրավիճակից ելնելով որոշի իրանական գազով սնուցել Հայաստանը, ինչպես օրինակ արվելու է Մեղրի եւ Ագարակ քաղաքների դեպքում, ի՞նչ կփոխվի մեր տնտեսության եւ կոնկրետ սպառողների համար:

 - Այս առումով ես լուրջ փոփոխություն չեմ տեսնում: Ի վերջո, գազ գնողը «Գազպրոմ Արմենիան» է, բաշխողը նույնպես «Գազպրոմ Արմենիան» է: Այստեղ Հայաստանի, այսպես ասած, այդ խաղում առավելությունները չեն երեւում:

- Այսինքն՝ Հայաստանն այս ողջ գործընթացում դիտորդի կարգավիճակո՞ւմ է:

- Խաղացողները շատ են: Ժամանակի ընթացքում ինչ-որ բան իհարկե հնարավոր է փոխվի: Ի վերջո, եւ՛ Իրանն է խաղացող, եւ՛ Վրաստանն ունի իր մոտեցումներն արդեն հստակ, ՌԴ-ն ունի գազի գնի եւ գազի տարանցման հետ կապված լուրջ խնդիրներ: Ռուսաստանն արդեն թուլացող խաղացող է, բայց ինքը փորձ է արել Վրաստանին անմիջապես վաճառելու միջոցով հարավկովկասում գազի հարցում ներկայություն ապահովել, բայց, ըստ էության, դա ավելի շատ փորձ է: Կարծում եմ, ռուսական ազդեցությունն ընդհուպ թուլանում է: Այս իրավիճակում հնարավոր է, որ հայկական կողմից արվեն քայլեր եւ այնուամենայնիվ մենք կարողանանք որոշակի առավելություններ ստանալ:

- Այդ առավելություններից մեկը կարո՞ղ է լինել այն, որ Հայաստանը գազ ստանա Իրանից ոչ թե «Գազպրոմի» միջոցով, այլ հենց Հայաստանի եւ Իրանի միջեւ լինի գազային պայամնագիր: Այս գործընթացներից օգուտ քաղելու հեռանկարում նման ելքն իրատեսակա՞ն է:

- Կարող է քնարկվել: Ես չեմ բացառում, որ այդպիսի հնարավորություններ կարող են ստեղծվել:

- Եթե հաջողվեր պայթեցնել գազամուղը, ի՞նչ առարկայական խնդիր կարող էր ստեղծվել Հայաստանի համար, արդյո՞ք կարող ենք ստեղծված իրավիճակը համեմատել 90-ականների դեպքերի հետ:

- 90-ականների հետ չենք կարող համեմատել, որովհետեւ 90-ական թվականներին ատոմակայանը չէր աշխատում, էլեկտրաէներգիայի արտադրությունը խիստ կրճատված էր եւ այստեղ գազի ճնշումը Հայաստանի վրա ունեցավ ազդեցություն, հիմա այլ իրավիճակ է: Չեմ ուզում նաեւ այս իրավճակում ասել, որ մենք կարող ենք արագ լուծել Իրանից գազի ստացման խնդիրը: Խիստ կասկածելի է, որովհետեւ ես փորձում եմ համեմատություն անել Լարսի ճանապարհի հետ, որն անընդհատ խափանվում է, բայց Հայաստանն անընդհատ իրեն կապում է այդ ճանապարհի հետ: Գազամուղը, որը խափանված է, չգիտեմ, թե դա մեր մոտ որքան փոփոխություն կառաջացնի, որ մենք դրանից կտրվենք: Այնպես, որ դա իրականում ցույց է տալիս ռուս-հայկական տնտեսական հարաբերությունների վիճակը: Կարծում եմ՝ գազն այն բանը չի, որը ցնցումներ կարող է առաջացնել, դա հնարավոր է արագ փոխարինել այլ աղբյուրով: Այստեղ, այս դեպքում առաջանում է Իրանի հետ բանակցությունների խնդիրը: Այստեղ մենք ունենք լուրջ ռիսկեր՝ ո՞վ պետք է բանակցի, «Գազպրոմ Արմենիա՞ն», կարող են այդ բանակցությունները տարիներով ձգվեն, իսկ եթե Հայաստանը պետք է բանակցի, ապա առաջանում են այլ խնդիրներ: Հայաստանն ու Իրանը, եթե սկսեն բանակցել այդ հարցով, Իրանը, բնականաբար, կառաջարկի իր պայմանները, որոնք կթուլացնեն Ռուսաստանի ազդեցությունը:

Տիրայր Մուրադյան

23.08.2016

Աղբյուրը` «Հայկական ժամանակ»