Տվյալ դեպքում դա հնարավոր չէր կնքել Հայաստանի ու Իրանի միջև, որովհետև դա հակասում է Եվրասիական տնտեսական միությանը: Այլ խնդիր է, որ մենք արդեն ունենք նման պայմանագրեր որոշ երկրների հետ, օրինակ, Վրաստանի, որոնք չենք խզում, բայց որոնք նույնպես ըստ էության հակասում են ԵՏՄ առաջ ստանձնած պարտավորություններին:

Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Lragir.am-ի հարցերին պատասխանում է տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը

Պարոն Եղիազարյան, Հայաստանի կառավարությունը հայտարարել է հայ-իրանական սահմանին ազատ տնտեսական գոտու ստեղծման ծրագրի մասին: Սա ի՞նչ էնշանակում, Հայաստանն առանց ԵՏՄ-ի Իրանի հետ կարո՞ղէ ազատ առևտուր սկսել:

Ազատ տնտեսական գոտին չպետք է մեզ թյուրիմացության մեջ գցի: Ազատ առևտրի համաձայնագիրն ու Ազատ տնտեսական գոտին տարբեր բաներ են: Եթե Հայաստանի ու Իրանի միջև կնքվեր Ազատ առևտրի համաձայնագիր, դա այլ բան է: Այսինքն՝ դրանով ընդհանուր բարենպաստ ազատ առևտրի ռեժիմ է սահմանված լինում այդ երկրների միջև: Տվյալ դեպքում դա հնարավոր չէր կնքել Հայաստանի ու Իրանի միջև, որովհետև դա հակասում է Եվրասիական տնտեսական միությանը: Այլ խնդիր է, որ մենք արդեն ունենք նման պայմանագրեր որոշ երկրների հետ, օրինակ, Վրաստանի, որոնք չենք խզում, բայց որոնք նույնպես ըստ էության հակասում են ԵՏՄ առաջ ստանձնած պարտավորություններին:

Տվյալ դեպքում խոսքը գնում է Ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին, իսկ նման գոտի Հայաստանում արդեն կա: Մեկը “Ալյանսն” է, մյուսը՝ “Մերիդիանը”: Ազատ տնտեսական գոտիների միջոցով պարզապես փորձ է արվում ներգրավել օտարերկրյա ներդրողների՝ նրանց տալով այդ գոտում գործունեություն ծավալելու համար հարկային արտոնություններ: Այսինքն՝ ներդրումների համար գրավիչ պայմաններ են պարզապես ստեղծվում: Այս գոտիների նպատակներից մեկը հետ մնացած տարածաշրջանները զարգացնելն է՝ ստեղծելով լրացուցիչ աշխատատեղեր: Նման գոտիներ կան Ռուսաստանում, Բելառուսում, բայց փորձը ցույց է տալիս, որ դրանք արդյունավետ չեն, այն էֆեկտը, որը պետք է ստացվեր, չի ստացվում: Այդպես է, որովհետև ներդրողներին ներգրավելու համար շատ այլ պայմաններ են անհրաժեշտ:

Մեղրիում այս գոտու հիմնումը կարծես տպավորություն է ստեղծում, որ այն ցույց տալու համար է, թե իբր ԵՏՄ-ն խոչընդոտ չէ Իրանի հետ հարաբերությունների զարգացմանը: Ցույց են տալիս, թե իբր մենք Իրանի հետ ամեն ինչ կարող ենք անել, բայց դա այդպես չէ: Իրանի հետ պետք էր կնքել Ազատ առևտրի համաձայնագիր: Իրանը նախընտրում է բարենպաստ Առևտրի համաձայնագիր, իսկ այդ համաձայնագրի կնքումն իսկապես ցույց կտար, որ մենք Իրանի հետ մտնում ենք բարենպաստ առևտրային հարաբերություների մեջ:

Իսկ ո՞վ է ասում, որ Մեղրիի այս Ազատ առևտրի գոտի կգան ներդրողներ: Դա դեռ կյանքը ցույց կտա, ներդրողները կնախընտրե՞ն այդ գոտին: Այսինքն՝ պետք է նախ դրա արդյունավետությունը գնահատել, այդ գոտու ստեղծումը դեռևս չի նշանակում, թե Իրանի հետ հարաբերությունները հարթվեցին, և հենց իրանցիները պետք է գան ու այնտեղ ներդրումներ անեն:

Այսինքն՝ արձանագրում ենք, որ Իրանի հետ Հայաստանը որպես առանձին պետություն Ազատ առևտրի համաձայնագիր չի՞ կարող ունենալ, քանի դեռ ԵՏՄ անդամ է:

Այո, Ազատ առևտրի համաձյանգրի կնքումն այլ բան է, իսկ Ազատ տնտեսական գոտին այլ հարց է: Ազատ Առևտրի համաձայնագիրը նույն բանն է, ոնց որ Եվրամիության հետ խորը և համապարփակ առևտրի համաձայնագրի կնքումը: Ո՞վ է թողնելու, որ նման համաձայնագիր կնքեն: Քանի դեռ Հայաստանը ԵՏՄ կազմում է, Ազատ առևտրի համաձայնագիրը հակասում է ԵՏՄ-ին: Եթե Հայաստանը հիմա Իրանի հետ կնքի նման համաձայնագիր, ինչը բարդ է, դա կնշանակի, որ փորձում է իսկապես Իրանի հետ հարաբերությունները խորացնել, դա արդեն իրավական բազա է, որը չկա: Իսկ Ազատ տնտեսական գոտի ստեղծել ինչ-որ վայրում, դրա հետ որևէ կապ չունի, դա ցանկացած վայրում կարող են ստեղծել:

​​Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ այս ծրագիրը հնարավորություն կտա Իրանի և ԵՏՄ անդամ երկրների հետհամատեղ ձեռնարկություններ հիմնել Ազատ տնտեսական գոտում, արտադրություն կազմակերպել ու առանց մաքսատուրքերի այն արտահանել ԵՏՄ անդամ երկրներ: Սա ի՞նչ կտա Հայաստանին:​

Ցանկացած Ազատ տնտեսական գոտի իր պայմաններն ունի: Տվյալ դեպքում ենթադրվում է, որ ովքեր այնտեղ կազմակերպություններ կհիմնեն, կօգտվեն որոշակի հարկային արտոնություններից, ինչպես մյուս գոտիներում է, և նպատակահարմար կլինի այդտեղ տնտեսական գործունեություն ծավալել: Տվյալ դեպքում ասում են՝ կարող ես հանել ու քո ապրանքը վաճառել ԵՏՄ շուկայում: Բայց որևէ մեկը չի պատասխանում այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը կարիք ունի՞ ենթադրյալ իրանական ապրանքների, ի՞նչ ճանապարհով այդ ապրանքները պետք է հասնեն ռուսական շուկա, և չէ՞ որ Ռուսաստանն ի վերջո ԵՏՄ-ն ստեղծել է պաշտպանելու համար իր արտադրողներին: Նաև հարց է՝ ի վերջո իրանցիները կնխանտրե՞ն հենց այդտեղ գործունեություն ծավալել:

Ավելի վաղ, կառավարության անդամներն ասում էին, որ Հայաստանը կարող է կամուրջ լինել Իրանի ու ԵՏՄ երկրների միջև: Հնարավո՞ր է, որ սա առաջին քայլն է:

Տեսականորեն այդ հարցը կարող է հնչել, բայց տնտեսության մեջ ու այդ հարաբերություններում կան այնքան խնդիրներ, որոնք պետք է հաշվի առնել: Հիմա խոսք է գնում, որ մինչև 2017 թվականը պետք է Ազատ առևտրի պայմանագիր կնքվի ԵՏՄ-ի ու Իրանի միջև: Բայց այս դեպքում որպես սուբյեկտ մի կողմից հանդես է գալիս ԵՏՄ-ն, ոչ թե Հայաստանը, մյուս կողմից՝ Իրանը: Այնտեղ այնպիսի խնդիրներ կան, որոնք հստակեցված չեն և չեն կարող հստակեցվել, որովհետև շահերի մեծ բազմազանություն կա: Ըստ ռուսական կողմի՝ ելնելով նրանց շահերից, նրանք նախատեսում են այն ապրանքների համար արտոնություններ տալ, որոնք իրենց համար ձեռնտու է ներմուծել Իրանից, ոչ թե արտադրել: Դրանք ավանդական ապրանքներն են՝ քաղցրավենիք, մրգեր, բանջարեղեն և այլն: Մյուս կողմից, Իրանն իրականացնում է հովանավորչական քաղաքականություն, նույնպես իրեն չի կարող թույլ տալ Ռուսաստանից ներմուծել լայն անվանացանկով ապրանքատեսակներ: Այսինքն՝ այդ պայմանագիրն ամբողջական ու լիարժեք չի էլ կարող լինել, եթե նույնիսկ ենթադրենք, որ պետք է կքնվի: Այս ամենը խոսում է այն մասին, որ նման պայմանագիր դժվար էլ թե կնքվի:

Իրանն ավելի շատ շեշտադրում է անում առանձին երկրների հետ առևտրի բարենպաստ ռեժիմ ապահովող պայմանագրերի կնքման վրա, ինչը հակասում է ԵՏՄ-ին: Իսկ տնտեսական հարաբերությունների վերջին միտումները ցույց են տալիս, որ Իրանն ավելի շատ իր հարաբերությունները զարգացնում է Ղազախստանի հետ, քան Ռուսաստանի: Իրանն այս պահի դրությամբ ունի ցորենի ներկրման խնդիր, որը հաջողությամբ կարող է ներկրել Ղազախստանից, քանի որ Ղազախստանի հետ ունի նաև երկաթուղային կապ: Բացի այդ, Ղազախստանը որևէ աշխարհքաղաքական կապ չի թելադրում այդ հարաբերություններում, այն, ինչ անում է Ռուսաստանը:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

24.08.2016

Աղբյուրը` «Լրագիր»