Բնական է, որ Ռուսաստանը դեմ կլինի այս նախագծին եւ ամեն կերպ կփորձի խոչընդոտել Իրանի էներգետիկ էքսպանսիան:

 

Translations for this article isn't ready yet. Translations for this article isn't ready yet.

Հուլիսի 14-ին Իրանը եւ միջազգային Վեցյակը համաձայնության եկան Թեհրանի միջուկային ծրագրի հարցում, ինչը նշանակում է, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցները, այդ թվում նավթային էմբարգոն, հանվելու են:

2012թ. ԵՄ-ն արգելք էր դրել իրանական նավթի ներմուծման վրա: ԱՄՆ-ն իր ընկերություններին արգելել էր իրանական նավթ գնել դեռեւս 1980-ականների վերջերին: 2012-ին Վաշինգտոնը Թեհրանի նկատմամբ կիրառեց կրկնական պատժամիջոցներ` ուղղված երրորդ երկրների կողմից իրանական նավթի գնումներին: Նավթային էմբարգոյի հետեւանքով իրանական նավթի արտահանումն ավելի քան երկու անգամ կրճատվեց` 2011-ի օրական 2,5 մլն բարելից 2013-ին դառնալով 1,1 մլն բարել: 2013թ. նոյեմբերին պատժամիջոցները որոշ չափով թուլացվեցին, եւ իրանական նավթը գնելու հնարավորություն ստացան վեց երկիր` Չինաստանը, Հնդկաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան, Թուրքիան եւ Թայվանը (մինչեւ 2012թ. էմբարգոն Իրանը նավթ էր մատակարարում 21 երկրի): Եթե 2011թ. նավթի օրական արդյունահանումը Իրանում կազմում էր 3,6 մլն բարել, ապա 2015թ. դրությամբ այն կազմել է 2.8 մլն բարել:

Ներկայումս նավթի համաշխարհային արդյունահանման մեջ Իրանի կշիռը չի գերազանցում 3%-ը: Այնինչ 1976թ. նավթի օրական արդյունահանումը Իրանում կազմել է 6,6 մլն  բարել կամ այդ ժամանակվա համաշխարհային արդյունահանման շուրջ 12%-ը: Իրանի նավթի ապացուցված պաշարները գնահատվում են 157 մլրդ բարել կամ համաշխարհային պաշարների շուրջ 11%-ը: Այդ ցուցանիշով Իրանը չորրորդն է աշխարհում: Հատկանշական է, որ ածխաջրածինների համախառն պաշարով (այսինքն նավթի եւ գազի գումարային պաշարները` վերահաշվարկված նավթային համարժեքով) Իրանը զբաղեցնում է աշխարհում առաջին տեղը, առաջ անցնելով Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Սաուդյան Արաբիայից եւ Կանադայից: Սակայն բոլոր այդ երկրներին Իրանը ներկայումս զիջում է ածխաջրածինների արդյունահանման ծավալով: Այսպիսով, նավթի արդյունահանման եւ արտահանման Իրանի ներուժը շատ ավելին է, քան ներկայիս մակարդակն է:

Միջազգային էներգետիկ գործակալության համաձայն` Իրանը կարող է 2040թ. նավթի արդյունահանման օրական ծավալը ավելացնել մինչեւ 8,1 մլն բարել: Շատ փորձագետների կարծիքով դա կարող է տեղի ունենալ ավելի արագ: Ըստ պաշտոնական հայտարարությունների` Թեհրանը պատրաստ է նավթի արդյունահանման ծավալը հասցնել օրական 5,7 մլն բարելի արդեն 2018թ.: Սակայն այդպիսի ծավալներ ապահովելու համար անհրաժեշտ են հսկայական ներդրումներ:

Այս նպատակով Իրանի նավթային սեկտորը բացվում է ԵՄ եւ ԱՄՆ ընկերությունների համար: Իրանի նավթային սեկտորի նկատմամբ արդեն մեծ հետաքրքրություն են ցույց տալիս համաշխարհային նավթագազային գիգանտները` BP-ն, Shell-ը, Eni-ին, Total-ը եւ ուրիշներ: Իր հերթին Իրանը պատրաստ է օտարերկրյա ընկերություններին առաջարկել ավելի նպաստավոր եւ գրավիչ պայմաններով պայմանագրեր: Դրա համար մշակվում է պայմանագրի նոր մոդել` ինտեգրված նավթային կոնտրակտ (integrated petroleum contract, IPC), որը ենթադրում է համագործակցության ավելի երկար ժամկետներ (20-25 տարի):

Ներկայումս նավթի շուկայում առաջարկը գերազանցում է պահանջարկը 1,5-2,5 մլն բարելով: Բացի այդ, Չինաստանի տնտեսական աճի տեմպերի նվազման պատճառով համաշխարհային շուկայում դանդաղել է նավթի նկատմամբ պահանջարկի աճը, ինչը նույնպես մեծացնում է առաջարկի եւ պահանջարկի միջեւ առկա ճեղքվածքը: Այս գործոնները ճնշում են գործադրում նավթի գների վրա անկման ուղղությամբ: Գնի վրա ճնշում է նաեւ թերթաքարային նավթի ինքնարժեքի իջեցումը: ԱՄՆ շատ հանքավայրերում դրա ինքնարժեքը իջել է մինչեւ 30 դոլար: Նավթի համաշխարհային գների փլուզման ռիսկ գոյություն ունի նաեւ այն դեպքում, երբ ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի կողմից ընդունվի տոկոսադրույքի բարձրացման վերաբերյալ  որոշում: Դոլարն այդ դեպքում կարժեվորվի, ինչը կհանգեցնի նավթի գների վրա ճնշման մեծացմանը եւ դրանց բորսայական գնանշումների անկմանը:

Ստեղծված իրավիճակում ակնհայտ է, որ Իրանի լիարժեք վերադարձը նավթի համաշխարհային շուկա, ինչը ըստ ամենայնի տեղի կունենա  ընթացիկ տարվա նոյեմբերի վերջին, կանդրադառնա նավթի գների վրա: Ներկայումս Իրանը չի մտնում ՕՊԵԿ քվոտավորման համակարգի մեջ: Հետեւաբար, կարող է արդյունահանել եւ վաճառել ցանկացած ծավալի նավթ: Ըստ Իրանի նավթի նախարարի հայտարարության` իր երկիրը կարող է պատժամիջոցների վերացումից անմիջապես հետո նավթի արտահանումը ավելացնել օրական 500 հազար բարելով՝ ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում, իսկ մեկ ամսվա ընթացքում` 1 մլն բարելով: Բացի այդ, Իրանն ի վիճակի է շուկա նետել իր պահեստարաններում եւ տանկերներում կուտակած շուրջ 30 մլն բարել նավթը: Ամերիկյան Morgan Stanley բանկի փորձագետները ենթադրում են, որ առաջարկի ավելցուկի պատճառով այս տարի նավթի գինը կընկնի մինչեւ 43 դոլար մեկ բարելի համար: Շատ փորձագետներ կանխատեսում են ավելի մեծ անկում: Նավթի գները կարող են ընկնել մինչեւ 35-40 դոլար՝ բարելի համար:

Այդպիսի գինը կարող է պահպանվել նաեւ ամբողջ 2016թ. ընթացքում: Ընդ որում, Իրանի համար այդպիսի գնանկումը սարսափելի չէ: Ըստ Իրանի նավթի նախարարի, եթե նավթի գինը իջնի նույնիսկ մինչեւ 25 դոլար, ապա նավթային արդյունաբերությունը սպառնալիքի տակ չի լինի: Իրանի համար կարեւոր է շուկայում կորցրած դիրքերի վերանվաճումը:

Եվրոպական եւ ասիական նավթի շուկաներ Իրանի վերադարձով լուրջ կսրվի իրավիճակը նավթ արտահանող այլ երկրների եւ առաջին հերթին Ռուսաստանի համար: Իրանի նկատմամբ էմբարգոն շահավետ է եղել Ռուսաստանի համար, որը կրկնակի ավելացրել է իր նավթի արտահանումը Իրանի եվրոպական եւ ասիական շուկաներում: Ռուսական Urals տեսակի նավթը նման բնութագրիչներ ունի իրանական նավթի հետ, որը եվրոպական նավթավերամշակող գործարանները օգտագործում էին մինչեւ էմբարգոն:  Իրանի վերադարձը այդ շուկաներ դուրս կմղի ավելի թանկարժեք ռուսական նավթը: Այդ երկրների նավթավերամշակող գործարաններից շատերը արդեն պատրաստվում են գնել իրանական հումք: Մինչեւ նավթային էմբարգոն, Իտալիայի, Իսպանիայի եւ Հունաստանի կողմից իրանական նավթի ներմուծումը կազմում էր 13-15%: Օրինակ, Hellenic Petroleum SA (ընկերությանն է պատկանում Հունաստանի հինգ նավթավերամշակող գործարաններից երեքը) ընկերության կողմից օգտագործվող հումքի 25%-ը իրանական նավթն էր: Ներկայումս այն ամբողջությամբ փոխարինված է ռուսական նավթով:

Լուրջ փոփոխություններ տեղի կունենան նաեւ նավթի ասիական շուկայում: Մրցակցությունը այդ շուկայում կսրվի, քանի որ մեծ թվով մրցակիցներ կլինեն, եւ առաջարկը կգերազանցի պահանջարկին: Բացի այդ, Ղազախստանում եւ Թուրքմենստանում կավելանան նավթի արդյունահանման ծավալները: Այդ պայմաններում Ռուսաստանի դիրքերը կթուլանան: Ասիական շուկա Իրանի մուտքով իրավիճակն էլ ավելի անբարենպաստ կդառնա Ռուսաստանի համար: Բնականաբար, Իրանը կփորձի վերադարձնել իր նախկին դիրքերը եւ գրավել շուկայական նոր խոռոչներ:

Տեւական ժամանակահատվածում նավթի ցածր գների պահպանումը Ռուսաստանի համար կարող է ունենալ աղետալի հետեւանքներ: Էներգակիրները ապահովում են Ռուսաստանի ՀՆԱ-ի մոտ 17-25%, բյուջետային եկամուտների 50%-ը եւ արտահանման 65%-ը: Ռուսաստանի բյուջեի եկամուտների մոտ 30%-ն էլ մաքսատուրքերն ու ավելացված արժեքի հարկն է կազմում, որի զգալի մասը նույնպես ձեւավորվում է նավթադոլարների հաշվին ներմուծված ապրանքներից: Ռուսաստանի 2016թ. դաշնային բյուջեի եկամուտների հաշվարկման հիմքում դրված նավթի գինը հավասար է մեկ բարելի համար 60 դոլարի (ներկայումս նավթի մեկ բարելի գինը 49 դոլար է. -խմբ): Եթե նավթի մեկ բարելի համաշխարհային գները նվազեն 40 դոլարից, ապա երկիրը կհայտնվի սնանկացման եզրին: Նման իրավիճակ ստեղծվել էր ԽՍՀՄ վերջին տարիներին, երբ նավթի գինը համաշխարհային շուկայում ընկավ բյուջեի հավասարակշռվածության համար անհրաժեշտ մակարդակից ներքեւ, ինչը եւ հանգեցրեց երկրի սնանկացմանը: Ներկայում Ռուսաստանի պահուստային ֆոնդը հավասարվել է դաշնային բյուջեի մեկ տարվա եկամուտներին: Գնանկման այդպիսի սցենարի դեպքում, ինչը շատ հավանական է, Ռուսաստանի պահուստները ընդամենը մեկ տարվա ընթացքում կսպառվեն:

Նավթի գների նվազումը կհանգեցնի նաեւ ռուսական ռուբլու թուլացմանը, եւ ռուսական տնտեսության վերականգնման բոլոր ծրագրերը պարզապես կդառնան անիմաստ: Հատկանշական է նաեւ այն հանգամանքը, Ռուսաստանում նավթի արդյունահանման ինքնարժեքը տատանվում է 25-ից 65 դոլարի սահմաններում: Ավելի դժվար կորզելի պաշարների դեպքում ինքնարժեքը կարող է կազմել մինչեւ 80 դոլար, իսկ արկտիկական շելֆի դեպքում` նվազագույնը 150 դոլար: Եթե մեկ բարել նավթի գինը նվազում է 50 դոլարից, ապա ռուսական նավթի զգալի մասի արդյունահանումը դառնում է վնասաբեր:

Ի՞նչ է սպասվում Հայաստանին այս պայմաններում: Անցյալում նավթի ոլորտում Հայաստանը Իրանի հետ ունեցել է բավական հետաքրքիր պայմանավորվածություններ: Այսպես, 2007թ. սեպտեմբերի 15-20-ին Մեղրիում փորձագիտական մակարդակում տեղի ունեցավ նավթավերամշակման գործարանի շինարարության նախագծի քննարկում: Հանդիպումը տեղի ունեցավ Իրանի նավթի եւ գազի,  Հայաստանի էկոնոմիկայի նախարարության եւ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ: Նախնական փորձագիտական գնահատումների համաձայն`  Հայաստանում 7 մլն տոննա հզորությամբ նավթավերամշակման գործարանի շինարարությունը կարժենար մոտավորապես 600-700 մլն ԱՄՆ դոլար: Կարիք կլիներ նաեւ Մեղրիից Իրան երկաթգիծ կառուցել, որը շատ թանկ չէր արժենա: 2000-ական թվականներին Իրանը մեծ քանակության (2007թ. այդ ցուցանիշը կազմեց երկրում օգտագործվող նավթամթերքի ընդհանուր ծավալի 40%-ը) բենզին էր գնում, որովհետեւ նրա նավթավերամշակող գործարանները չէին կարողանում բավարարել ներքին պահանջարկը: Սակայն 2008թ. սեպտեմբերին տնտեսական համագործակցության գծով ռուս-հայկական միջկառավարական հանձնաժողովի նիստում հանձնաժողովի ռուսաստանցի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Ի. Լեվիտինը պաշտոնապես հայտարարեց, որ նավթավերամշակման գործարանի շինարարությունը շահութաբեր չէ: Նա նշեց, որ այդ նախագիծը շահավետ չէ, քանի որ առաջին հերթին լուծված չեն իրացման շուկայի եւ հումքի  մատակարարումների հարցերը: Այդպիսով, նախագիծը սառեցվեց: Կասկած չկա, որ նավթավերամշակող գործարանի կառուցմամբ Հայաստանը ձեռք կբերեր նոր տնտեսական եւ քաղաքական նշանակություն տարածաշրջանում, ինչը չէր համապատասխանում Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերին:

Հայաստանի եւ Իրանի միջեւ գոյություն ունի Թավրիզից  մինչեւ Երասխ նավթամթերքների խողովակաշարի շինարարության, ինչպես նաեւ տեղում նավթամթերքների տերմինալի կառուցման պայմանավորվածություն: Նավթամուղի արժեքը գնահատվում է 160-180 մլն դոլար, ընդ որում, երկու երկրները պետք է հավասարապես ֆինանսավորեն նախագիծը: Պայմանավորվածության համաձայն` նախագծի իրագործման համար ներդրումներ կանի Իրանը, իսկ Հայաստանը շահաբաժիններ ստանալուն պես կվճարի իր բաժինը: Ենթադրվում է նավթամուղով Հայաստան փոխադրել բենզին եւ դիզվառելիք: Դրա շինարարությունը թույլ կտա լուծել մի շարք խնդիրներ: Առաջին, վառելիքը կգնվի Պարսից ծոցից, ինչը նշանակում է, որ Հայաստանը կկարողանա օգտվել այդտեղի բորսայում գործող գներից, որոնք բավական ցածր են, եւ զգալիորեն կրճատել տրանսպորտային ծախսերը, ինչն այդ փոխադրման առավելությունն է մյուս տրանսպորտային միջոցների (երկաթուղային, ջրային, ավտոմոբիլային) համեմատությամբ: Նավթամուղի շահագործումը թույլ կտա լիովին բավարարել նավթամթերքի նկատմամբ Հայաստանի պահանջմունքները, ինչպես նաեւ առաջիկա մի քանի տարվա ընթացքում ապահովել տարանցման ծավալների ավելացում: Բնական է, որ Ռուսաստանը դեմ կլինի այս նախագծին եւ ամեն կերպ կփորձի խոչընդոտել Իրանի էներգետիկ էքսպանսիան: Իսկ Մոսկվային իր հավատարմությունը ցույց տալու համար Հայաստանը նրանից կգնի թանկ նավթամթերք: Այսպիսով՝ չնայած Իրանի վրայից նավթի վաճառքի պատժամիջոցները հանվել են, Հայաստանը կմնա Իրանից նավթ գնելու փաստացի պատժամիջոցի տակ:

Աշոտ Եղիազարյան

Տնտեսագետ

13.08.2015

«Հայկական ժամանակ»/"Armenian Times"