ՏՏ ոլորտն, ըստ էության, տնտեսության համար օազիս է, որովհետև այն սեկտորներից է, որն ինտեգրված է արևմտյան տնտեսությանը, և այստեղ մենք տեսնում ենք առաջընթաց:

Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Հայաստանի տնտեսական աճի դանդաղումը պայմանավորված է միջավայրով, որտեղ բացասական գործոնները շատ են: Այս մասին  Tert.am-ի հետ զրույցում հայտնեց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը՝ նկատելով, որ ներդրումների առումով վերջին շրջանում բացասական ցուցանիշներ են արձանագրվում, ինչը բացասաբար է անդրադառնում տնտեսական աճի վրա, և այն իրեն պետք է զգացնել տա:

Անդրադառնալով Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի պարզաբանմանը, թե տնտեսական աճի տեմպի դանդաղումը պայմանավորված է մի քանի պատճառներով, նա  ասաց, որ դա ևս հաստատում է, որ գտնվում ենք տնտեսական բարդ վիճակում և կան իրացման խնդիրներ:

«Ռուսաստանի տնտեսությունը գնում է կոլապսի, ինչը չի կարելի ասել մեր տնտեսության մասին, որովհետև մեզ աջակցում են Արևմուտքից, պարտքեր են տալիս, որոշակի ծրագրեր են իրականացնում, և ինչ-որ իմաստով գոյատևումը կարողանում ենք պահել: Սակայն տնտեսության որակի, կառուցվածքի առումով մենք, բնականաբար, չենք կարող առաջընթաց գրանցել, որովհետև դրա համար անհրաժեշտ է ինքնուրույն տնտեսական քաղաքականություն, նոր շուկաներ, ներդրողներ, և, լինելով ԵՏՄ կազմում, մենք մեզ զրկել ենք այդ հնարավորություններից»,- ասաց նա և նշեց, որ այսպիսի պայմաններում սպասել որակական զարգացումների հնարավոր չէ:

Անդրադառնալով Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին՝ Աշոտ Եղիազարյանն ասաց. «ՏՏ ոլորտն, ըստ էության, տնտեսության համար օազիս է, որովհետև այն սեկտորներից է, որն ինտեգրված է արևմտյան տնտեսությանը, և այստեղ մենք տեսնում ենք առաջընթաց»:

Տնտեսագետը գտնում է, որ ԵՄ տնտեսական տարածքի ինտեգրման պայմաններում հնարավոր կլիներ նաև այլ ոլորտներում առաջընթաց գրանցել, և համապատասխան քաղաքական միջավայրի ստեղծման պայմաններում ՀՀ-ն կարող էր նոր շուկաներ գտնել, դիվերսիֆիկացնել արտահանման կառուցվածքը, ինչը բնականոն զարգացում կապահովեր նաև այլ ճյուղերում:

«Հայաստանը հիմա ինտեգրվել է տեխնոլոգիապես հետամնաց կառուցվածք ունեցող տարածության, որի նկատմամբ կիրառվում են պատժամիջոցներ, օրեցօր վիճակը վատթարանում է։ Այս իրավիճակում հնարավոր չէ սպասել զարգացման: Բացի դրանից՝ Հայաստանի ձեռքերը կապված են. Հայաստանի սուվերենությունն իջեցված է նվազագույն մակարդակի, ինքնուրույն տնտեսական քաղաքականություն իրականացնելու, գործընկերների ընտրության հնարավորություն չունի»,-հավելեց նա:

04.09.2016

Աղբյուր` «Թերթ»